14:08 | 22.07.23 | Հոդվածներ | exclusive 3591

DataArt-ի IT school-ը՝ գիտելիքն ու փորձը կիսելու հնարավորություն

DataArt ընկերությունում ամփոփել են երկու ամիս տեւած IT school ծրագիրը։ ՏՏ ոլորտում որոշակի փորձ ունեցող, ինչպես նաեւ սկսնակ 13 մասնակից այս ընթացքում ձեռք է բերել նոր հմտություններ ու ծանոթացել ոլորտի «ներքին խոհանոցին»։ Itel.am-ը ներկա է եղել դասընթացի ավարտական վկայագրերի հանձնմանը, զրուցել մասնակիցների եւ կազմակերպիչների հետ։

photo © Մեդիամաքս



«DataArt-ը կազմակերպություն է, որը մտածում է ոչ միայն սեփական շահի, այլեւ՝ հասարակական կարեւոր ծրագրերի իրականացման մասին։ Պարբերաբար մասնակցում ենք շաբաթօրյակների, ծառատունկների։ Կարծում եմ՝ նման կրթական ծրագիրը եւս սոցիալական կարեւոր նշանակություն ունի», - ասել է DataArt Հայաստանի փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանը։

Նա նշել է՝ ընկերությունը, ցավոք, այս պահին չի կարող աշխատանքի ընդունել դասընթացի մասնակիցներին, բայց միանշանակ է, որ ստացված գիտելիքն առանց կիրառության չի մնա.  

«Վստահ եմ՝ մեզ մոտ ստացած գիտելիքը հաջողությամբ կօգտագործեք այլ կազմակերպություններում՝ նպաստելով ՏՏ համայնքի զարգացմանը։ Իհարկե, բացառված չէ, որ մի օր էլ մենք կդիմենք ձեզ՝ առաջարկելով համագործակցել DataArt-ի հետ։

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս



Երբ ինձ մոտ խոսում են առաջնորդության մասին, միշտ ասում եմ, որ սա գրքային ինչ-որ սահմանում չէ։ Առաջնորդությունը մարդկանց մասին է, որոնք գործում են, ոչ թե պարզապես ցանկանում կամ երազում են գործել։ Այսօր դուք գործել եք, ինքներդ ձեզ համար կատարել եք կարեւորագույն ներդրում՝ ստանալով նոր գիտելիք»։  

Նման դասընթաց կազմակերպելու միտքը DataArt-ի վեբ ծրագրավորող Կարապետ Հակոբյանինն էր։ Հենց նա է որպես մենտոր աշխատել մասնակիցների հետ.

«Ոլորտում տասը տարվա փորձ ունեմ եւ կարծում եմ՝ գիտելիքս ու փորձս կարող է օգտակար լինել։ Առհասարակ, ցանկանում եմ օգտակար լինել հասարակությանն ու այս անգամ փորձել եմ անել դա մեր մասնակիցների հետ աշխատանքով։ Իմ «շահն» ու «օգուտն» այն դրական զգացողությունն է, որ ունեմ այսօր արդյունավետ երկու ամիսներից հետո», - ասել է Կարապետ Հակոբյանը։

Կարապետ Հակոբյանը Կարապետ Հակոբյանը
photo © Մեդիամաքս



DataArt-ում կազմակերպված դասընթացը բոլոր մասնակիցների համար անվճար էր։ Նրանք ընտրվել էին մրցութային կարգով՝ ավելի քան հարյուր դիմորդից.

«Հետաքրքիր էր աշխատել թե՛ ոլորտից անտեղյակ, թե՛ որոշակի փորձ ունեցող մարդկանց հետ։ Կարելի է ասել՝ մասնակիցները լրացնում էին միմյանց։ Արդյունքում մեզ հաջողվեց ձեւավորել մասնագիտական, համատեղ աշխատող թիմ։ Նման դասընթաց կազմակերպելու առաջին փորձս էր։ Կուրսը բավականին ծավալուն էր։ Աշխատել ենք ոչ միայն տեխնիկական, այլեւ՝ փափուկ հմտությունների զարգացման ուղղությամբ։ Հույս ունեմ, որ այս փորձը վարակիչ կլինի ՏՏ այլ ընկերությունների համար»։

Front-end ծրագրավորող Տաթեւ Կարապետյանի խոսքով՝ դասընթացի արդյունքում նա կարողացել է հասնել իր նպատակին՝ դառնալով Full-stack ծրագրավորող.

«ՏՏ ոլորտում այժմ լավագույն ժամանակները չեն։ Ունենալով միայն այս կամ այն մասնագիտացումը՝ դժվար է լավ աշխատանք գտնել։ Գործատուն ցանկանում է աշխատակից, որը միանգամից մի քանի հմտություն ունի։ Հետեւաբար պետք է անընդհատ սովորել, աճել ու նոր կարողություններ ձեռք բերել»։  

Տաթեւ Կարապետյանը Տաթեւ Կարապետյանը
photo © Մեդիամաքս



Դասերը շաբաթական երկու օր, երկու ժամ տեւողությամբ էին, բայց, Տաթեւի խոսքով, իրենք պարբերաբար շատ ավելի երկար էին մնում DataArt-ում.

«Մեր դասընթացավարը մեծ պատրաստակամությամբ կիսվում էր գիտելիքով, պատասխանում հնարավոր բոլոր հարցերին ու յուրաքանչյուրիս հետ անհատապես աշխատում։ Գնահատում եմ նման մոտեցումը»։

27-ամյա Ահարոն Գրիգորյանը վերջին երկու տարվա ընթացքում մի քանի դասընթացի է մասնակցել։ Ասում է՝ ՏՏ ոլորտում աշխատանքը նպատակ է դարձրել ու այս դասընթացը եւս մեկ քայլ էր դրա իրականացման ուղղությամբ.

Ահարոն Գրիգորյանը Ահարոն Գրիգորյանը
photo © Մեդիամաքս



«DataArt-ի դասընթացը հնարավորություն տվեց ոչ միայն նոր գիտելիք ստանալ, այլեւ՝ շփվել ոլորտի մասնագետների հետ, սովորել նրանցից։ Ընկերությունում մեզ այնքան լավ էին ընդունում, միջավայրն այնքան դրական էր, որ կատակում էինք՝ «ինչո՞ւ այսքան լավ» (ծիծաղում է – հեղ.)։ Մասնագետները սիրով կիսվում էին իրենց գիտելիքով ու օգնում կողմնորոշվել ոլորտում։ Ինձ համար սա շատ օգտակար էր»։

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի