18:01 | 02.11.23 | Նորություններ | exclusive 2060

Deepwander․ հոգեկան առողջության AI հարթակ

Read This Twice-ի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը ստեղծել է նոր ստարտափ, մշակել է Deepwander հոգեկան առողջության գործիքը, որն արհեստական բանականության օգնությամբ հոգեբանական խորը ինքնահետազոտման ու ինքնազննման հնարավորություն է տալիս։

Itel.am-ի հետ զրույցում Վահեն նշել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում աշխատել է GPT4-ի հիման վրա ստանալ նոր գործիք, որը գրեթե 70 տոկոսով կարող է փոխարինել հոգեթերապեւտին։ Սեփական փորձով, տարիների ընթացքում իր ինքնադիտողության ընթացքում զգացել է Deepwander-ի ստեղծման անհրաժեշտությունը։  

«Մեզ հոգեկան առողջության պանդեմիա է սպասվում։ Ինքս եմ զգացել դա տարիների ընթացքում իմ ինքնազննման ընթացքում, ինչպես նաեւ տեսնելով եւ ուսումնասիրելով շրջապատում կատարվողը, կարդալով գրականություն այս թեմայով՝ եզրահանգել եմ, որ հոգեկան առողջությունը մարդկության մեծագույն խնդիրներից մեկն է դարձել։ Վերջին հարյուր տարում մեր ապրելակերպն ավելի արագ է փոխվում, քան դրանից հարյուր հազարավոր տարիներ առաջ։ Դժվարանում ենք ադապտացվել էվոլյուցիոն այս փոփոխություններին, քանի որ չգիտենք՝ ինչպես վերաբերվել դրանց, երբեմն անում ենք բաներ, որ ավելի են վնասում մեր հոգեկան առողջությանը։ Այժմ մարդիկ ավելի են հակված դեպրեսիա տանելուն»,- նշում է Վահեն։

ChatGPT-ի գործարկումից հետո նա սկսել է կենտրոնանալ ընդլայնված լուծում մշակելու վրա եւ ուսումնասիրել, թե հոգեկան առողջության առումով ինչպես այն կարող է օգտակար լինել։ Վահեի խոսքով՝ որոշ ուսումնասիրություններ փաստում են, որ աշխարհում 100 հազար հոգուն 4 հոգեբան է հասնում, ինչը բավականին քիչ է եւ Deepwander-ը կարող է որոշակիորեն լրացնել այս բացը։

photo © Deepwander



«AI հեղափոխությունը նաեւ կարող է բերել հոգեկան առողջության հեղափոխության։ Սա կարող է դառնալ հզոր գործիք։ Այն ծանոթ է հոգեբանական գործիքներին եւ դրանց միջոցով կարող է վերլուծել տեքստն ու նշել պոտենցիալ խնդիրներն ու անհանգստությունները։
Պատկերացրեք՝ զրուցում եք AI-ի հետ, որը կոնտեքստը հականալով, փորձում է այնպիսի հարցեր ուղղել ձեզ, որոնք կարող են խորը մտածելու տեղիք տալ ու ավելի բարձրացնել ինքնաճանաչումը։ Մեկ-մեկ պարզ հարցերը կարող են խորը մտքեր վերհանել։ Հարթակը նոր է, մոտ 300 օգտատեր ունի: Զարմանալիորեն այնքան լավ արձագանքներ եմ լսել, որ անսպասելի էր ինձ համար»,- ասում է Վահեն։

Deepwander-ն աշխատում է անգլերենով, քանի որ օգտագործվող AI գործիքները հիմնականում վարժեցված են այդ լեզվով։ Թիրախավորված է հիմնականում անգլախոս հասուն տարիքի մարդկանց վրա, ովքեր ինքնազննման փորձ ունեն։ Հարթակում հնարավոր է գրանցվել դեռեւս Google հաշվով ու սկսել զրույցը։ Հարթակը փորձարկել կարող եք այստեղ։

Նունե Գրիգորյան