13:53 | 28.03.24 | Նորություններ | 15461

Պոլիտեխնիկում բացվել է IoT լաբորատորիա

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով, համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված եւ IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան:

Նոր սարքավորումներով հագեցած լսարանները կրթական մոտիվացնող միջավայր են ապահովում:

2019 թվականից մինչեւ օրս ուսանողների եւ ստարտափների համար կրթական ժամանակակից պայմաններ ապահովելու նպատակով գործընկեր կազմակերպությունները 11 լսարան եւ համատեղ աշխատանքի տարածք են բացել ՀԱՊՀ-ում: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է 184 մլն դրամ:

Կրթական ժամանակակից պայմաններով լսարանների գործարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, բուհի ռեկտորը եւ պրոֆեսորադասախոսական կազմը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ու ներկայացուցիչներ, ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը եւ միության այլ անդամներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ողջույնի խոսքում նշել է, որ կրթության եւ բիզնեսի միջեւ կապերի ամրապնդման համար կարեւոր են ոչ միայն համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, այլեւ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կրթական ծրագրերի մշակումը եւ ներդրումը, որոնք առավելապես կհամապատասխանեն շուկայի փոփոխվող պահանջներին։ Նախարարի տեղակալը կարեւորել է նաեւ տնտեսական աճի ներառականության ապահովման գործում տեխնոլոգիաների նշանակությունը։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել դրանց կիրառության անհրաժեշտությանը տնտեսության տարբեր ճյուղերում, ինչին ուղղված քայլ է նաեւ Վիվա-ՄՏՍ-ի ու ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր ստեղծված կենտրոնը:

«Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ ինքս 1997-ից մինչեւ 2006 թթ. հենց այս հարկերում եմ անցել բակալավրից մինչեւ մագիստրոս, այնուհետեւ՝ թեզի պաշտպանության ճանապարհը:  Շատ հաճելի է տեսնել միջավայրի փոփոխությունն ու ՏՀՏ միության եւ Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը: Իրականում, կրթական միջավայրի փոփոխությունը, դրա՝ ժամանակի պահանջներին, մտածողությանն ու  ինովացիոն տեխնոլոգիաներին համապատասխանեցնելը ոչ միայն կարեւոր է, այլեւ՝ անհրաժեշտ»,- ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

«Եթե կրթական համակարգը ճկուն չլինի՝ երիտասարդությունը պարզապես հետ կմնա ժամանակակից աշխարհի զարգացումներից: Այդ ամենը թույլ չտալու համար մենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ գործնական քայլեր ենք կատարել տարիներ առաջ: Մեր ուշադրության կենտրոնում է եղել եւ´ մատուցվող նյութի բովանդակությունն ու դրա պահանջված լինելը, եւ´ մոտիվացնող միջավայրի ստեղծումը: Ամեն ինչ պետք է լինի տրամադրող, զարգացնող եւ ժամանակակից: Այս լսարանում սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը: Ավելին, արդեն ոչ ոքի հնարավոր չէ զարմացնել բջջայինով «խելացի տուն» կամ «խելացի այգի» կառավարելու հնարավորությամբ: Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության (data science), վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ: Կրթական միջավայրը պետք է լինի տրամադրող, լաբորատորիաները՝ հագեցած, դասավանդողները՝ փորձառու, դասավանդման նյութը՝ գործնականում փորձարկված: Կրթական համակարգը պետք է թողարկի պահանջարկված մասնագետների, եւ այս գործում մեծ է բուհ-բիզնես կապի անընդհատությունը: Մենք հենց դրա համար ենք այստեղ»,- ասել է Վիվա-ՄՏՍ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Այսպիսի կրթական միջավայր ստեղծելով՝ փորձում ենք մոտիվացնել ուսանողներին սովորելու եւ նոր գաղափարներ առաջ բերելու հարցում։ Շատ կարեւոր է այսպիսի մոդելները ներդնել նաեւ այլ համալսարաններում։ Կցանկանայի նաեւ կարեւորել մասնավոր հատված-բուհ եւ Միության երկու անդամների՝ ՀԱՊՀ-ի եւ Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը, որը փայլուն օրինակ է համագործակցության համատեքստում»,- ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Միջոցառման ընթացքում կայացել է նաեւ «Հեռահաղորդակցություն եւ կապ, IoT համակարգեր» դպրոցական ծրագրի շնորհանդեսը։ ԿԳՄՍ նախարարությունը, Վիվա-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները եւ ՏՀՏ գործատուների միությունն ավագ դպրոցներում սկսել են իրականացնել ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիր, որը երկարաժամկետ ներդրում է ՏՀՏ ոլորտում երիտասարդների մասնագիտացման ուղղությամբ: Միջոցառման ընթացքում ցուցադրվել եւ փորձարկվել է լաբորատոր 3 ստենդ՝ «Խելացի տուն», «Պաշտպանված տուն» եւ «Խելացի այգի»։