16:30 | 27.03.24 | Նորություններ | 1554

Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումները Հայաստանի բլոկչեյն էմբասիում

Fastex-ը շարունակում է կրիպտոշուկային եւ Web3 ոլորտին նվիրված տեղեկատվական հանդիպումները ftNFT ֆիջիթալ սփեյսում։ Ոլորտի մասնագետները միավորվել են ընթացիկ իրավիճակին ու զարգացումներին վերաբերող քննարկումների շուրջ:

Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը:

Web3 զարգացման հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանն իր ելույթում խոսել է ապակենտրոնացված հավելվածների (dApps), դրանց զարգացման ուղիների, կիրառության եւ առավելությունների մասին, ինչպես նաեւ կիսվել վիճակագրական տվյալներով եւ հայտնի հավելվածների գրանցած հաջողություններով:

«Firo» եւ «Skycryptor» ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն անդրադարձել է բլոկչեյն տեխնոլոգիաներին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող են ընկերությունները եւ անհատները հաջողակ բիզնես ունենալ բլոկչեյնում:

Խոսնակների ելույթներին հաջորդել է պանելային քննարկում, որին միացել է նաեւ Fastex-ի Web3-ի ղեկավար Արմեն Չախոյանը: Այդ շրջանակում խոսնակների եւ մասնակիցների միջեւ ստեղծվել է իրական կրիպտոմիջավայր, որտեղ քննարկվել են ոլորտի նորամուծությունները, մասնագետները կիսվել են իրենց փորձով եւ տեսլականով: Մասնակիցների շարքում էին նաեւ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը եւ նույն ֆակուլտետի ուսանողները, որոնք հարցեր են ուղղել խոսնակներին եւ ստացել սպառիչ պատասխաններ:

«Web3 տեղեկատվական հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, եւ Fastex-ը լիահույս է, որ շատերի համար այս միջոցառումներն ուղեցույց կհանդիսանան Web3-ում իրենց ուղին կերտելու գործընթացում»,- ասված է հաղորդագրությունում: