13:02 | 28.03.24 | Նորություններ | 1551

LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի նման վիդեոներ

LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի նման կարճ ֆորմատով նոր վիդեո հոսք, ընկերությունն այս տեղեկությունը հաստատել է TechCrunch-ին:

LinkedIn-ը միանում է բազմաթիվ այլ հայտնի հավելվածների, որոնք գործարկել են իրենց կարճ վիդեո հոսքերը TikTok-ի կտրուկ աճից հետո, ներառյալ Instagram-ը, YouTube-ը, Snapchat-ը եւ Netflix-ը:

Այսպիսով LinkedIn-ում կարող է ավելանալ նոր բաժին, որը նվիրված է ուղղահայաց ֆորմատով կարճ տեսանյութերին, որոնք կարելի է արագ թերթել։ Հնարավոր կլինի հավանել տեսանյութը, թողնել մեկնաբանություն կամ կիսվել այլ օգտատերերի հետ: Ընկերությունը չի մանրամասնել, թե ինչպես է համակարգը որոշում՝ տեսանյութերը ցուցադրել օգտատերերին:

LinkedIn-ի տեսանյութերի հոսքը կենտրոնացած կլինի կարիերայի եւ մասնագիտական աճի վրա: Դրա նպատակն է խթանել ներգրավվածությունը հարթակում։

Microsoft-ին պատկանող LinkedIn-ն ասում է, որ տեսանյութերը դառնում են իր օգտատերերի ցանկալի ձեւաչափերից մեկը՝ մասնագետներից եւ փորձագետներից սովորելու համար, այդ պատճառով այն օգտատերերի համար փորձարկում է նոր ձեւաչափ։ Գործառույթը դեռեւս փորձարկման փուլում է եւ հասանելի չէ օգտատերերի մեծամասնությանը։