17:17 | 22.03.24 | Նորություններ | 10967

Վիվա-ՄՏՍ-ը Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում Վիվա-ՄՏՍ-ն սկսել է ծառայություններ մատուցել նոր հասցեում վերաբացված՝ ժամանակակից լուծումներով սպասարկման կենտրոնում։

Օպերատորն այստեղ գործել է 2007 թվականից: Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսեւորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Ճամբարակից շուրջ 6 կմ հեռավորության վրա գտնվող, նույն համայնքում ընդգրկված Վահան գյուղում տարբեր ծրագրեր են իրականացվել:

2008 թվականին Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Վահանում կառուցվել էր գազատար: 2014 թվականին, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), գյուղի մանկապարտեզում արեւային ջրատաքացուցիչ են տեղադրել: 2015 եւ 2016 թվականին աշխատանքներ են տարվել Վահանի փողոցները լուսավորելու ուղղությամբ: Տեղադրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ընկերությունը 10 համակարգիչ է տրամադրել գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գյուղի ֆերմերներին տրամադրել են արեւային էներգիայով աշխատող՝ «էլեկտրական հովիվների» շարժական համակարգ՝ կանխելով փոքրիկ տնտեսություններին հասցվող վնասը:

Վիվա-ՄՏՍ-ը մեկ այլ գործընկերոջ՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, նաեւ բնակարանաշինության ծրագիր է իրականացրել Վահանում: Բիզնես գործունեությանը զուգահեռ, Վիվա-ՄՏՍ-ն իր գործընկերների հետ նախաձեռնած ծրագրերով, գյուղերն ինտեգրում է մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: