17:22 | 25.01.24 | Նորություններ | 7171

Վիվա-ՄՏՍ-ի «Անհատական օգնական» ծրագիրը ցանկալի արդյունք է արձանագրում Սյունիքում

Վիվա-ՄՏՍ-ը եւ «ՍՈՐՍ» հիմնադրամն իրականացնում են «Անհատական օգնական» ծրագիրը։  

Երկու տարվա կտրվածքով՝ ծրագրով նախատեսված ութ ամսվա ընթացքում անհատական օգնականի հետ շփումը Սաթենի մոտ մի քանի հարցում դրական դինամիկա է ապահովել։ Նա ձերբազատվել է ինքնամփոփ հոգեվիճակից, սոցիալիզացվել է եւ ինքն է փնտրում մարդկանց հետ շփման հնարավորություն: Երեխան դարձել է ավելի ինքնուրույն: Զգալի փոփոխություն կա նաեւ ընտանիքում. ավագ օգնականի հետ շփման արդյունքում Սաթենի մայրը ձեռք է բերել մասնագիտական որոշ հմտություններ։

«Անհատական օգնականի շնորհիվ փոխվել է մեր ընտանիքի կենսակերպը. տան անդամներից ամեն մեկը զբաղվում է իր գործով: Սաթենը տատիկից կախվածություն ուներ, միշտ պահում էր իր կողքին: Արմինեի գալով՝ տատիկին էլ մի քիչ ազատություն տվեցինք: Երեխան հիմա անընդհատ ուզում է շփվել, հյուրասիրել, նույնիսկ փողոցում անցորդներին է հրավիրում տուն՝ սուրճի: Հետո ինձ սեղան պատրաստելու եւ հյուրեր ընդունելու խնդրանքով է դիմում: Ծրագրի ընթացքում Սաթենի զույգ քրոջ հետ զբաղվելու, թե՛ տանն ու դրսում ինչ-որ հարցեր կարգավորելու հնարավորություն եմ ունեցել: Հրաշալի կլիներ, եթե ծրագիրը շարունակական լիներ»,-ասել է Սաթենի մայրը՝ Շուշան Նազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարեւոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլեւ՝ դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալիզացիայի հետագա դինամիկան, անհատական օգնական-ընտանիք օղակում համագործակցության պատրաստակամությունը: Այս ընտանիքում այդ նախադրյալները կան: Արմինեն ավարտել է ծրագրով հաստատված այցերը, սակայն կա ընտանիքին նաեւ հետագայում օգտակար լինելու պատրաստակամություն:

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականները ամսական 60 ժամ երեխայի խնամք, զբաղվածություն եւ հմտությունների զարգացում են ապահովում։

Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ բոլոր մարզերը: 2023 թվականին ծրագրից օգտվել է 40 ընտանիք: Նրանցից ավելի քան 2 տասնյակը սպասարկվել է տարբեր մարզերում: