12:51 | 19.12.23 | Նորություններ | 1274
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն, որտեղ նրան ներկայացվել է «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ եւ դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում եւ արտերկրում, տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կարեւորագույն ձեռքբերումները։
Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, խմբի նախագահ Վահե Բադալյանի եւ «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի գրասենյակներ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ներկայացվել է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր բիզնես կազմակերպությունների աշխատակիցների քանակն այս պահի դրությամբ 6714 է։ Նշվել է, որ «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքների 16 երկրում, որտեղ մշտական աշխատում է 609 մասնագետ եւ 1500-ը՝ գործարքային հիմունքով։
Փոխվարչապետը ծանոթացել է Fastex էկոհամակարգի լայն ու ապագայամետ հնարավորություններին, «Ֆասթ Բանկ»-ի ստեղծման նախապատմությանը եւ զարգացման ռազմավարության մի շարք կետերին։ Փոխվարչապետի շրջայցը եզրափակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված մի շարք միջոցառումների եւ անշարժ գույքի ոլորտում իրականացվող ծավալուն նախագծի՝ 120 000 քմ մակերեսով «Սոֆթ Սիթի» բիզնես կենտրոնի համառոտ ներկայացմամբ։ Բիզնես կենտրոնը կառուցվում է «Կովկաս» համալիրի հարեւանությամբ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղին հարող տարածքում։