17:13 | 07.12.23 | Նորություններ | 20738

Ucom-ը եւ World Vision Armenia-ն աջակցում են Արցախից բռնի տեղահանվածներին

Ucom-ի եւ World Vision Armenia-ի աշխատակիցները Վարդենիսում աջակցություն են տրամադրել Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին:

Ucom-ի կամավորների հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ այցելել է World Vision Armenia-ի Վարդենիսի տարածքային զարգացման գրասենյակ` մասնակցելու արցախցիներին օգնություն տրամադրելու աշխատանքներին: Այցը համատեղ էր, World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի ուղեկցությամբ:

«Ucom-ը մարդակենտրոն ընկերություն է, մենք հավատում ենք բարի գործերի ուժին: Ի թիվս այլ նախաձեռնությունների, որոնք իրականացնում ենք համայնքի բարեկեցության համար, ցանկանում ենք պարզագույն ապահովություն փոխանցել մեր հայրենակիցներին: Մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք մենակ չեն ու որ համատեղ ուժերով ոտքի կկանգնենք»,- ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ucom ընկերության եւ World Vision Armenia հասարակական կազմակերպության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի երեք մարզում` Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ եւ այլ անհրաժեշտ իրեր: Այս ամենը հնարավոր է դարձել Ucom-ի աշխատակիցների եւ ընկերության նվիրաբերությամբ:

«World Vision Armenia-ի հանձնառությունն է առավելագույն մարդկանց օգնություն հասցնել, եւ Ucom-ի այս նվիրաբերությունը ճիշտ ժամանակին հասավ: Մենք ջանք չենք խնայել, որ այս նվիրաբերության միջոցներով ձեռքբերված օգնությունը թափանցիկությամբ եւ հաշվետվողականությամբ հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ամենից շատն ունեն: Այս դժվար օրերին համախմբումը սոցիալական պատասխանատվության շուրջ ամենակարեւորն է, եւ մենք ողջունում ենք համայնքի բարեկեցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,-նշել է World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Երկու կառույցների ղեկավարներն այցելել են նաեւ Արցախից բռնի տեղահանված, 9 երեխա ունեցող Եպրաքսյա Կոնդունցի բազմազավակ ընտանիքին, զրուցել ընտանիքի հետ, ջերմություն ու հոգատարություն փոխանցել: