Դարյա Կոզլովան
13:49 | 09.11.23 | Նորություններ | 9121
Yandex-ը հայաստանյան բուհերի ՏՏ մասնագիտացմամբ ուսանողների համար Python-ի, մեքենայական ուսուցման եւ տվյալների վերլուծության գործնական դասընթացներ է մշակել: Փորձնական նախագիծը մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանում:
Դասընթացները նախատեսված են պրակտիկ ինժեներներ պատրաստելու համար, իսկ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներին հասանելի են աշնանային կիսամյակից:
Ցածր կուրսերի ուսանողները Python-ի դասընթացը կանցնեն Yandex-ի օնլայն ձեռնարկով, ինչպես նաեւ Yandex-ի փորձագետի՝ օպերացիոն համակարգերի եւ տվյալների բազաների վերաբերյալ հեղինակային նյութերով:
Ուսուցիչներն ուսանողներին առաջադրանքներ եւ ստուգողական աշխատանքներ կտան եւ ուսուցման կառավարման համակարգում կհետեւեն առաջընթացին: Բարձր կուրսերի ուսանողները մուտք կունենան Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցի (ՏՎԴ)՝ Python-ի եւ մեքենայական ուսուցման ծրագրերին:
«Yandex-ը գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, որն աջակցում է գիտական ու կրթական նախագծերին այն երկրներում, որտեղ ակտիվորեն զարգացնում է իր բիզնեսը։ Մենք ձգտում ենք կիսվել մեր փորձառությամբ եւ փորձագիտությամբ, որպեսզի որակյալ կրթությունն առավել հասանելի դառնա։ Հայաստանն ավանդաբար ուժեղ մաթեմատիկական դպրոց է ձեւավորել։ Այժմ Yandex-ի եւ ՏՎԴ-ի փորձագետները, Հայ-ռուսական համալսարանի հետ համագործակցաբար, կարող են պատրաստել համաշխարհային մակարդակի մասնագետների, որոնք պահանջարկ կունենան աշխատանքի համաշխարհային շուկայում եւ կկարողանան նորարարությունների հեղինակ դառնալ», - ասել է Yandex-ի կրթության գծով տնօրեն Դարյա Կոզլովան:
«Մտադիր ենք փոխշահավետ համագործակցություն զարգացնել Yandex-ի հետ։ Ընկերության կրթական նախագծերը կհամալրեն բուհական ծրագիրը եւ թույլ կտան համալսարանի բազայի վրա ՏՏ մասնագետների պատրաստումն առավել մասշտաբային դարձնել։ Ինչպես նաեւ մեր ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ Yandex-ի գործող առաջատար մասնագետների հետ», -նշել է Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Արման Դարբինյանը։
Yandex-ն ավելի քան 15 տարի իրականացնում է ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին, անկախ փորձից ու տարիքից, որակյալ ՏՏ կրթություն ստանալ տարբեր ոլորտներում։ Հայաստանում ընկերության առաջին կրթական նախագիծը՝ Yandex-ի՝ Վանաձորում եւ Գյումրիում գործող ծրագրավորման դպրոցը, սկսել է աշխատանքը 2017 թ.՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ: Դպրոցում ավագ դպրոցի աշակերտները սովորում են Python ծրագրավորման լեզուն, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման (OOP) եւ տվյալների վերլուծության հիմունքները: 2023 թ. առաջին կիսամյակի տվյալով՝ Հայաստանում ծրագրավորման դպրոցն ավարտել է ավելի քան 350 աշակերտ։