15:54 | 31.10.23 | Նորություններ | 16707

Վիվա-ՄՏՍ-ի ավելի քան 500 հազար բաժանորդ արդեն օգտվում է VoLTE ծառայությունից

Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է Հայաստանում գործող միակ կոմերցիոն VoLTE ծառայությունը:

4G/LTE տեխնոլոգիան չի սահմանափակվում բարձր արագությամբ ինտերնետ ապահովելով: 4G/LTE ցանցում կարելի է նաեւ օգտվել ձայնային որակյալ HD ծառայություններից։ VoLTE–ն կամ Voice-Over-LTE-ն («ձայն՝ LTE–ի միջոցով») 4G/LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման տեխնոլոգիա է։ VoLTE-ի առավելությունն այն է, որ 4G ցանցի միջոցով զանգահարելիս կամ զանգ ստանալիս բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետ հասանելիությունից 4G ցանցի միջոցով։

«VoLTE–ն ակտիվացվում է սմարթֆոնի կարգավորումներով: Միացումն իրականացվում է վայրկենապես, իսկ ձայնը հնչում է այնպես, կարծես զրուցակիցը քո կողքին է։ Տեխնոլոգիան հասանելի է 4G/LTE-ի հետ համատեղելի սարքերով եւ թույլ է տալիս միաժամանակ զրուցել  հեռախոսով ու օգտվել 4G ինտերնետից. դիտել ֆիլմեր, ներբեռնել հոլովակներ եւ օգտվել սոցիալական ցանցերից։ VoLTE կապից օգտվելիս հավելյալ վճար չի գանձվում. գործում են ընթացիկ սակագնային պլանով ձայնային ծառայությունների համար սահմանված սակագները եւ փաթեթները:

VoLTE տեխնոլոգիայով զանգեր կատարելու առավելություններն են՝ ձայնային ծառայությունների բարձր որակ՝ ձայնի մաքուր փոխանցմամբ, գերարագ միացում (1,5-2 վայրկյանի ընթացքում) զանգեր կատարելիս հաստատուն կապ՝ առանց հապաղման»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

«VoLTE ծառայությունից արդեն օգտվում է ավելի քան 500 հազար բաժանորդ: Այս թիվն օրըստօրե ավելանում է՝ պայմանավորված մեծ պահանջարկով: Դժվար է գերագնահատել VoLTE-ի առավելությունները. վայրկենական միացում, ձայնի HD որակ, զանգ ստանալիս եւ խոսակցության ընթացքում 4G ցանցին միացած մնալու հնարավորություն: VoLTE ծառայությունը գործում է Վիվա-ՄՏՍ-ի 4G ցանցում, ինչը հասանելի է Հայաստանի բնակչության 98%-ին: Այս ոլորտում եւս Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Անհրաժեշտ է 4G/VoLTE համատեղելի սմարթֆոն վերջին ծրագրային թարմացումներով, Վիվա-ՄՏՍ-ի 4G/LTE USIM կամ eSIM քարտ։

VoLTE կապի կարգավորումներ (սարքի մոդելից կախված՝ կարող են որոշ չափով տարբերվել ստորեւ նշվածից).

•    iOS-ի համար՝ Mobile Data -> Mobile Data Options -> Enable 4G ->Voice & Data
•    Android-ի համար՝ Settings -> Mobile networks -> Turn on VoLTE call

Եթե բաժանորդի սմարթֆոնն ունի VoLTE-ից օգտվելու հնարավորություն, սակայն չի հաջողվում օգտվել ծառայությունից, ապա անհրաժեշտ է թարմացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգը եւ համոզվել, որ սմարթֆոնը առկա է Վիվա-ՄՏՍ-ի կայքում նշված VoLTE ծառայությունը ապահովող սմարթֆոնների ցանկում: Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է սմարթֆոն արտադրող խոշորագույն բրենդների հետ եւ շարունակաբար ընդլայնում է դրանց ցանկը՝ VoLTE ծառայությունն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու համար:

VoLTE-ի կարգավիճակը կարելի է ստուգել է *412# հրահանգի միջոցով կամ հետեւյալ կերպ․ եթե բաժանորդն օգտվում է «Android» օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններից, ապա սարքի էկրանին VoLTE կապը միանալիս հայտնվում է HD նշանը: «iOS»-ի դեպքում էկրանին միացումը չի երեւում, հետեւաբար այն հնարավոր է ստուգել սարքի կարգավորումներում: Բացի այդ, VoLTE-ի առկայության դեպքում զանգի ընթացքում պահպանվում է ցանցին միացված լինելու նշանը եւ բաժանորդը խոսելուն զուգահեռ կարող է շարունակել օգտվել 4G ինտերնետից: