11:40 | 01.08.23 | Նորություններ | 2846

ՖԵՄԻՆՆՈ 2023-ը համախմբել է 2000-ից ավելի մասնակցի

Հուլիսի 29-30-ին Երեւանում կայացել է կանանց եւ նորարարության շուրջ ՖԵՄԻՆՆՈ միջազգային կոնֆերանսը։

Այն միավորել է 40-ից ավելի խոսնակի՝ Ուրուգվայից մինչեւ Ղրղզստան, 50-ից ավելի գործընկերոջ, 2000-ից ավելի մասնակցի։ Միջոցառման ընթացքում զուգահեռ գործել է 3 բեմ, 5 բովանդակային գոտի:

Երկօրյա կոնֆերանսը մեկ հարթակում էր հավաքել բիզնեսում, տեխնոլոգիաներում ու գիտության մեջ հաջողության հասած կանանց, աճող տաղանդների, նրանցով հետաքրքրված կազմակերպություններին ու աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած խոսնակների։

Այս տարի կոնֆերանսը «Կայուն զարգացում․շարժվելով դեպի Մետավերս» թեմայով էր, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել ոլորտի այնպիսի անուններ, ինչպիսիք են NVIDIA ընկերության փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը, ֆինանսական տեխնոլոգիաների հեղինակավոր ներկայացուցիչ Հենրի Արսլանյանը, Rakuten Viber ընկերությանը գլոբալ բիզնես զարգացման ղեկավար Պետյա Կամբուրովան եւ ուրիշներ։

«Մենք նորից կարողացանք հետաքրքրել աշխարհի տարբեր անկյուններով ոլորտը փոխող մեծ դեմքերի, որոնք համաձայնեցին միանալ ու իրենց փորձը կիսել հայաստանյան լսարանի հետ», - նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։

Այս տարի կոնֆերանսը հատուկ ուշադրություն էր հատկացրել Հայաստանում բիզնեսներ ստեղծած կանանց ու աղջիկներին՝ ներգրավելով մեծ ու փոքր ընկերություններ, ծառայություններ ու արտադրանքներ։ Բովանդակության բազմազանությունը ընդլայնվել էր նաեւ դեպի սոցիալական հարթակներում ազդեցություն ունեցող կերպարների՝ ինֆլուսներների ներգրավմամբ։

Կոնֆերանսը ամփոփվել է ԳՏՃՄ (STEM) ոլորտներում իգական սեռի տաղանդներին ուղղված կրթաթոշակի մրցանակաբաշխությամբ։ Կրթաթոշակը կրում է ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր Սոնա Մնացականյանի անունը՝ շարունակելու համար նրա գործն ու աջակցելու նրան մտահոգող խնդիրների լուծմանը: Սոնայի մայրը՝ Արմինե Մակինյանը, անձամբ է հանձնել  մրցանակները 7 երիտասարդ աղջիկներին։ Դրամահավաքն օգոստոսի ընթացքում դեռ կշարունակվի, որպեսզի հնարավոր լինի աջակցել սպասման ցուցակում հայտնված եւս մի քանի աղջկա: Միանալ հնարավոր է այստեղ։

ՖԵՄԻՆՆՈ-ի կազմը նախատեսում է նորարար բոլոր ոլորտներում կանանց մասնակցությունը խրախուսող միջազգային կոնֆերանսի ձեւաչափը «արտահանել» այլ երկրներ։ Առաջին արբանյակը նախատեսված է ուղղել դեպի Սիլիկոնյան հովիտ՝ Սան Ֆրանցիսկո, որտեղ ՖԵՄԻՆՆՈ կկայանա հոկտեմբերի 26-ին։