16:52 | 26.07.23 | Նորություններ | 2143
Հայաստանի կապի երեք օպերատոր Յուքոմ-ը, Թիմ Տելեկոմ Արմենիան-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2023թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 20.19 մլրդ դրամի հարկ, ինչը 40.7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 14.34 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2023թ. առաջին կիսամյակի տվյալներով պետբյուջե է վճարել 8.15 մլրդ դրամի հարկ, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2023թ. առաջին կիսամյակի տվյալներով զբաղեցրել է 13-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6-րդ տեղի փոխարեն:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 6.87 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 136.9%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 35-րդից դարձրել է 18-րդը:
Խոշորագույն հարկատուների ցանկում երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (25-րդ տեղ 29-րդի փոխարեն), որն, ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 5.17 մլրդ դրամ հարկ, ինչը 61.2%-ով ավելի է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (150-րդ տեղ՝ 123-ի փոխարեն, 1.06 մլրդ դրամ, աճ՝ 13.6%):
Աննա Այվազյան