Ռալֆ Յիրիկյանը
15:59 | 26.07.23 | Նորություններ | 9437
«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ընկերության զարգացման 5-ամյա ռազմավարությունն ու տեսլականը, որն ընդունվել ու հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։
Ըստ ռազմավարության՝ Ucom-ը կդիրքավորվի որպես ազգային օպերատոր Հայաստանի եւ աշխարհի բոլոր հայերի համար։
Ռազմավարության առանցքային հենասյուներից է Հայաստանի ողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ եւ գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։
Իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաեւ կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները եւ լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։ Դրանցից են լինելու տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակը եւ մի շարք այլ տեխնոլոգիական թարմացումները, որոնց շնորհիվ Ucom-ը կմնա նորարարությունների առաջնագծում։
«Ucom-ը նպատակ ունի նոր չափանիշներ սահմանել հեռահաղորդակցության ոլորտում՝ ի բարօրություն ընկերության արժեշղթան գլխավորող մեր բաժանորդների, ինչպես նաեւ աշխատակազմի, հայաստանյան տնտեսության եւ ողջ հայրենիքի։ Ucom-ում վերափոխման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, ուստի մեր բաժանորդներին կխնդրեմ փոքր-ինչ համբերատար լինել եւ ըմբռնումով վերաբերվել հարթակների եւ տեխնոլոգիական լուծումների փոխարինման եւ թարմացման ողջ ընթացքին, քանի որ դրա ժամանակ հնարավոր է ծառայությունների որակի ժամանակավոր անկում կամ կապի ընդհատումներ։ Պլանավորված աշխատանքները կընթանան փուլերով, ինչի մասին միշտ նախօրոք տեղյակ կպահենք։ Հենց այդ փոփոխություններն են, որ երկարաժամկետ հեռանկարում խիստ անհրաժեշտ են մեր բաժանորդներին՝ իրենց անխափան փորձառության ապահովման եւ բարելավված ծառայություններից օգտվելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նա վերահաստատել է, որ Ucom-ը հետեւողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, ինչպես նաեւ բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։
Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է նաեւ Ucom-ի ֆինանսական ցուցանիշներին՝ ակնարկելով զարգացման խոստումնալից հեռանկարը։ Թեպետ հստակ թվեր չի բացահայտել, սակայն ընդգծել է, որ ընկերության 2023թ․ առաջին կիսամյակի կատարողականը նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, իսկ արդյունավետությունը՝ 8%-ով։ Ընկերությունն սկսել է նաեւ նվազեցնել կուտակված ֆինանսական պարտավորությունները։
Խոսելով ընկերության ներքին անցուդարձից՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է Ucom աշխատակիցների կարեւորությունը, որոնք առաջիկայում առավել քան երբեւէ լինելու են ընկերության ուշադրության կենտրոնում։ Ղեկավար կազմը պարտավորվել է ապահովել ընկերության աշխատուժի բարեկեցությունն ու զարգացումը՝ ընդունելով, որ մարդիկ են Ucom-ի ամենաարժեքավոր ակտիվը։