15:58 | 20.07.23 | Նորություններ | 1471

Apple-ը մշակում է սեփական AI չատբոտը

Apple ընկերությունն աշխատում է սեփական AI գործիքների մշակման վրա։

Ընկերությունն արդեն ստեղծել է լեզվի մոդելների ուսուցման սեփական համակարգը Ajax ծածկանունով։ Այն աշխատում է Google Jax-ի վրա՝ ամպի վրա հիմնված մեքենայական ուսուցման հարթակում, գրում է Bloomberg-ը։

Ajax-ի հիման վրա ինժեներները նաեւ մշակել են չատբոտ, որը կոչվում է AppleGPT՝ OpenAI պրոդուկտի նմանության պատճառով։ Դրան հասանելիությունն սահմանափակ է նույնիսկ ընկերության ներսում. պահանջում են հատուկ թույլտվություն:

AppleGPT-ն կարող է ամփոփել տեքստերը եւ պատասխանել հարցերի՝ հիմնված այն տվյալների վրա, որոնցով վերապատրաստվել է: Այն հասանելի է որպես վեբ հավելված՝ պարզեցված դիզայնով եւ նախատեսված չէ զանգվածային օգտագործման համար։

Նշվում է, որ այժմ Apple-ը չի պլանավորում օգտատերերի համար չատբոտ թողարկել։ Ընկերությունը կենտրոնացած է AI-ի գաղտնիության եւ անվտանգության հնարավոր խնդիրների լուծման վրա։ Նրա աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ Apple-ը կարող է 2024 թվականին ներկայացնել արհեստական բանականության վրա հիմնված նոր պրոդուկտներ։

2023 թվականի մայիսին ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքն ասել էր, որ լեզվական մոդելները մեծ ներուժ ունեն, բայց նաեւ կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Նա ընդգծել է, որ Apple-ը կշարունակի իր արտադրանքներում ներդնել AI տեխնոլոգիաներ, սակայն մանրամասն մտածված մոտեցմամբ։