14:47 | 20.07.23 | Նորություններ | 1515

AI-code battle-ն ընդունում է մասնակցության հայտեր

Հայաստանում կանցկացվի նոր մրցույթ՝ AI-code battle, որի ընթացքում արհեստական բանականությամբ աշխատող գործիքների կիրառությամբ նոր լուծումներ կմշակվեն։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում Աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանն itel.am-ի հետ զրույցում ներկայացրել է մրցույթի առանձնահատկություններն ու մասնակցության պայմանները։

«Արհեստական բանականության գործիքները շատ թրենդային են ու մեր կյանքի կարեւորագույն մասն են կամում։ Դրանք իրապես փոխում են տեխնոլոգիական ոլորտը՝ հեշտացնելով ու արագացնելով մի շարք աշխատանքներ։ AI-code battle-ի մասնակիցները փորձելու են մշակել նոր լուծումներ՝ օգտվելով ու կիրառելով հենց ԱԲ գործիքներ։

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում իրականացնում ենք վերապատրաստման դասընթացներ 3 ոլորտում՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ հյուրընկալության։ Ավելի քան 2000 երիտասարդ արդեն ավարտել է այդ դասընթացները: Նրանք կարող են մասնակցել մրցույթին անհատապես կամ թիմով, պարտադիր պայման չէ, որ թիմի բոլոր անդամները դասընթացների մասնակից լինեն, կարող է առնվազն մեկ անդամ լինել։ Տարիքային սահմանափակում չկա»,- նշել է Լուսինե Ղուկասյանը։

Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույններին՝ հետեւյալ 3 անվանակարգում՝ ստեղծարար, լայնածավալ եւ արդյունավետ կիրառություններ։

«Մինչեւ բուն մրցույթը կազմակերպվելու է աշխատարան, որի ընթացքում ոլորտի մասնագետները կներկայացնեն ամենատարածված ԱԲ գործիքներն ու դրանց կիրառությունները տարբեր ուղղություններում։ Այնուհետեւ կկայանա առցանց փիչինգ, որի ընթացքում թիմերը մասնագիտական ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց մշակած լուծումները՝ պատասխանելով, թե ի՞նչ խնդիր են լուծել, աշխատանքի ո՞ր հատվածն է ԱԲ գործիքով կատարվել եւ ո՞ր գործիքներն են կիրառել»,- ասել է Լուսինե Ղուկասյանը։

Յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 500․000 դրամ է։ Վերջնաժամկետը հուլիսի 31-ն է, դիմել հնարավոր է այստեղ։

AI code battle-ը կազմակերպում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։