10:57 | 05.06.23 | Նորություններ | 1167

Հայտնի է Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ի օրակարգը

Հունիսի 6-7-ը Երեւանում կանցկացվի «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը։

Միջոցառման երկու օրվա ընթացքում ոլորտի մասնագետներն աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից եւ Հունաստանից կմիավորեն իրենց ջանքերը` գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Գագաթնաժողովի առաջին օրը կանցկացվի 3 պանելային քննարկում հետեւյալ թեմաներով․

•    Ռազմավարական մոտեցումները հասանելիության խթանման գործում,
•    Ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ եւ լուծումներ,
•    Տեխնիկական մարտահրավերներ եւ հնարավորություններ։

Նույն օրը նաեւ տեղի կունենա Համայնքային ցանցերի չեմպիոնների պարգեւատրման արարողությունը։ Մրցանակը տրվում է համայնքային ցանցերի կառուցման գործում մեծ ներդրում ունեցած անձանց։

Գագաթնաժողովի երկրորդ օրը տեղի կունենա կլոր սեղան-քննարկում` «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն Ինտերնետի խելամիտ օգտագործման ճանապարհով գյուղական համայնքների հզորացման իրենց մոտեցումները։

Բանախոսների եւ քննարկվող թեմաների վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը եւ Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։