Հայկական Memopin ճամփորդական հարթակն օգնում է բացահայտել հետաքրքիր վայրեր ու կիսվել սեփական փորձառությամբ։ Այն քարտեզի վրա թույլ է տալիս կատարել ճանապարհորդական նշումներ, պահպանել գրավիչ առաջարկությունները եւ ստեղծել ոգեշնչող բովանդակություն: Memopin-ի միջոցով հնարավոր է նաեւ պլանավորել ու կազմել անհատական ցանկեր, թեմատիկ ուղեցույցներ, կիսվել անհատական փորձով ու խորհուրդներով։
Memopin-ի ստեղծման ու առաջիկա ծրագրերի մասին iTel.am-ին պատմել է հարթակի համահիմնադիր Կարեն Վարդազարյանը։
Memopin-ի գաղափարն ու ստեղծումը
Ավարտել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, մասնագիտությամբ ինժեներ եմ։ Շատ եմ սիրում ստեղծագործական աշխատանք ու դիզայնը հաղթեց ծրագրավորմանը։ Աշխատել եմ բազմաթիվ դիզայն ստուդիաներում, հիմնական փորձը հավաքել եմ ֆրիլանս աշխատանքից։ Հետո միացա տարբեր ՏՏ ընկերությունների։ Աշխատել եմ Picsart-ում, Joomag-ում եղել եմ դիզայն թիմի ղեկավար։
Իմ հոբբին ճանապարհորդելն է, շատ եմ ճամփորդել թե՛ մենակ, թե՛ ընտանիքի ու ընկերների հետ։ Ընկերոջս՝ Ալեքսանդր Ամիրբեկյանի հետ որոշեցինք Memopin հարթակը նախագծել ու ստարտափ սկսել։
Memopin-ի նպատակն է կապել մարդկանց փորձառությունը։ Օրինակ՝ եթե եղել եմ ինչ-որ քաղաքում, հետաքրքիր վայրեր եմ բացահայտել եւ ուզում եմ իմ ընկերների հետ կիսվել ինֆորմացիայով ու տպավորություններով, կարող եմ հեշտությամբ դա անել Memopin-ի հարթակով։
Ժամանակի ընթացքում հասկացանք, որ ոչ միայն սիրողական, այլեւ պրոֆեսիոնալ մակարդակում դրա կարիքը կա։ Օրինակ՝ հյուրանոցները կարող են այն կիրառել որպես գործիք իրենց հյուրերի հանգիստն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար։
photo © Մեդիամաքս
Մենք B2B լուծում ենք մշակել։ Ակտիվություններն ու ենթակառուցվածքները միավորում ենք մեկ քարտեզում։ Կարող ենք նաեւ ըստ տեղի առաջարկել ուղղորդող նավիգացիոն ծառայություններ։
Extraordinary Travel Festival-ի հետ համագործակցությունըExtraordinary Travel Festival-ի հետ համագործակցել սկսել ենք դեռ 2019 թվականից։ Երկար ծրագրային մշակում ենք արել ու հետո դադարներով ենք աշխատել։ Վերջին շրջանում ակտիվացել ենք։ Նախորդ տարի Հայաստանում կայացավ աշխարհի ամենահայտնի ճամփորդական Extraordinary Travel Festival-ը, ու շատ հայտնի ճամփորդներ Հայաստանում էին՝ մասնակցելու այդ միջոցառմանը։ Քարտեզային տեղեկատվական աջակցությունն իրականացվում էր մեր կողմից։
Փառատոնի հյուրերը Memopin-ի քարտեզներից էին օգտվում։ Ստեղծել էինք փառատոնի գույներով, բրենդով ու լոգոյով քարտեզ, որն օգնում էր հյուրերին տեսնել՝ ուր կարող են գնալ, ինչ անել։ Բավականին դրական արձագանքներ ստացանք։ Հաջորդ փառատոնը կլինի 2024-ին, հավանաբար՝ ասիական որեւէ երկրում, ու մենք աշխատում ենք, որպեսզի կրկին համագործակցենք։
Կարեն Վարդազարյանը
photo © Մեդիամաքս
Կայքի հաճախելիությունը շատ է ակտիվացել նաեւ ռելոկացիայի արդյունքում. մենք առաջարկում ենք Երեւանում հետաքրքիր վայրերը, ընտանիքով, երեխաների հետ նաեւ անհատական այցելությունների համար։
ՄրցակիցներըՄրցակիցներին ուսումնասիրել ենք։ Google-ն ասպարեզը վերցրել է, բայց ամենամեծ խնդիրն է, որ այն անհատականացրած չէ. օգտատերերը կարող են տեսնել լավ մարքեթինգի կամ ալգորիթմների աշխատանքի շնորհիվ։ Մենք անհատականացնում ենք փորձառությունը, իսկ մեծ հարթակները՝ ընդհանրացնում։
Ներդրումներն ու թիմը Ներդրումներն անհատական միջոցներով են, ամեն ինչ արել ենք՝ որակյալ պրոդուկտ ստեղծենք ու մշակենք։ EIF-ից դրամաշնորհներ ենք ստացել, սակայն հիմնականում մենք ենք ներդրում կատարել մշակման համար։
Համահիմնադիրները ես ու ընկերս ենք։ Ալեքսանը ինժեներ է, նա այդ ուղղությամբ է աշխատում, ես՝ դիզայնի։ Ունենք նաեւ մարքեթինգի հարցերով օգնող ընկերներ։
Առաջիկա ծրագրերըMemopin-ն այժմ հասանելի է վեբ տարբերակով։ Առաջիկայում պլանավորում ենք մշակել նաեւ մոբայլ հավելված։ Ներառել ենք արհեստական բանականության մասը, ChatGPT ենք ինտեգրել հարթակում, որն անհատականացված առաջարկներ կանի ու նոր վայրերի մասին կհուշի։
photo © Մեդիամաքս
Ներկայում փոքր խմբերի հետ փորձարկումներ ենք կատարում, տեղի գիդերի ու տուր օպերատորների ենք ներգրավում։ Շուտով բետա տարբերակը կգործարկենք։ Բիզնես լուծումների համար հարթակն արդեն պատրաստ է, թարմացված մուլտի հարթակը մշակում ենք առաջիկա լայնածավալ գործարկման։
Պլանավորում ենք գործընկերներ ձեռք բերել ամերիկյան շուկայում, փոքր ու միջին բիզնեսների հետ աշխատել, բանակցություններ ենք վարում այդ ուղղությամբ։
Գլխավոր նպատակն է մարդկանց բերել մեր հարթակ, որ բրենդավորված ցանկեր, փորձառություններ ու պատմություններ կազմեն։
Նունե ԳրիգորյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյան