10:34 | 27.03.23 | Հոդվածներ | exclusive 36090

Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատանք փնտրելու նրբություններն ու նախապայմանները

Hume հիմնադրամը մեկնարկում է նեթվորքինգ միջոցառումների շարք ռելոկանտների համար, ովքեր աշխատանք են փնտրում կամ նոր կարիերա են ուզում սկսել Հայաստանում: Մարտի 24-ին DataArt-ի գրասենյակում կայացավ առաջին միջոցառումը՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատանք փնտրելու նրբություններին եւ կարեւոր նախապայմաններին։

iTel.am-ը ներկա է գտնվել միջոցառմանը եւ ներկայացնում է կարեւոր ու հետաքրքիր մտքերը։

iTel.am-ի հետ զրույցում Hume-ի համահիմնադիր Մարուսյա Լեժնեւան նշեց, որ նոր ծրագրով ցանկանում են Հայաստան տեղափոխված մարդկանց օգնել արագ ինտեգրվել տեղի աշխատաշուկայում։

«Կան շատ ռուսներ, որ եկել են եւ գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի մասին, չունեն աշխատանք եւ բախվում են աշխատանքային ինտեգրման հետ կապված բազմաթիվ դժվարությունների։ Սա մեր առաջին նեթվորքինգ միջոցառումն է, որը նվիրված է ՏՏ ոլորտին։ Հրավիրել ենք ACA, DataArt, Epam, Align Technology ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր պատմել են առկա աշխատանքային հնարավորությունների, մասնագիտական կրթական կենտրոնների եւ Հայաստանի աշխատաշուկային հատուկ նրբությունների մասին, որ անհրաժեշտ է իմանալ աշխատանք փնտրելիս։

Մարուսյա Լեժնեւան Մարուսյա Լեժնեւան
photo © Մեդիամաքս


Նախատեսում ենք ավելի շատ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել՝ տարբեր ընկերությունների հետ համագործակցությամբ»,- նշել է Մարուսյա Լեժնեւան։

DataArt-ի ՏՏ հավաքագրող Քրիստինա Գիշյանը պատմել է Հայաստանի աշխատաշուկայի հնարավորությունների ու ՏՏ մուտք գործելու այլընտրանքային ճանապարհների մասին։

«Հայտնի աշխատանքային հայտարարությունների հարթակներով աշխատանք որոնելուց բացի, կարեւոր են ալտերնատիվ ճանապարհները։ Առաջին տեղում նեթվորքինգն է, որն աշխատում է աշխարհի գրեթե բոլոր կետերում։ Մարդկանց հետ շփումը ամենակարեւոր «գործիքն է», որը պետք է կիրառել, եթե ցանկանում եք նոր շուկայում հաստատվել։

Քրիստինա Գիշյանը Քրիստինա Գիշյանը
photo © Մեդիամաքս


Հայաստանը փոքր երկիր է, փոքր շուկա ունի, որի գլխավոր դերակատարները միմյանց ճանաչում են եւ հարկավոր է ամենն անել կապեր հաստատելու համար եւ՛ տեղի մարդկանց, եւ՛ ռելոկանտների հետ, որոնք արդեն իսկ հաջողել են նոր երկրում»,-ասել է Քրիստինա Գիշյանը։

Align Technology-ի ՏՏ հավաքագրման բաժնի ղեկավար Եկատերինա Միրոնովան ներկայացրել է այն մասնագիտությունները, որոնց միջոցով կարող եք սահուն մուտք գործել ՏՏ ոլորտ։

«Սկսելու համար ամենալավը, սահունն ու հեշտը կարող է Manual QA-ի մասնագիտությունը լինել, որի ուսումնառությունը երկար չի տեւում ու գրեթե բոլոր ՏՏ ընկերություններում այս ուղղությամբ մասնագետների կարիք կա։ System Admin-ը նույնպես կարող է լավ սկիզբ լինել ու հետագայում հենց ընկերության ներսում կարիերայի արագ աճ ապահովել նաեւ այլ ուղղություններով։ Հաջորդը բիզնես վերլուծաբանի, նախագծերի կառավարման, scrum master-ի մասնագիտություններն են։

Եկատերինա Միրոնովան Եկատերինա Միրոնովան
photo © Մեդիամաքս


ՏՏ ընկերություն մտնելու առաջնայինը քայլը պրակտիկան է։ Շատ են կրթական ծրագրերը, որոնք թույլ կտան սովորելուց հետո անցնել աշխատանքի։ Ֆրիլանսը կարելի է դիտարկել որպես պորտֆոլիո կազմելու միջոց, ինչը հետագա առաջխաղացման համար հիմք կհանդիսանա։ Բացի հայերենից կամ ռուսերենից, անգլերենի իմացությունը նույնպես կօգնի, այն միանգամից ընդլայնում է կարիերայի հորիզոնը»,- ասել է Եկատերինա Միրոնովան։

Align Technology-ի HR տնօրեն Նատալյա Սուվորովան շեշտել է փափուկ հմտությունների (soft skills) զարգացման անհրաժեշտությունը։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում փափուկ հմտություններին. թիմում աշխատելու կարողությունը, նախագծերի պատասխանատվություն վերցնելը, խնդիրներ լուծելը, շփման հմտությունները, կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելը եւ այլն։ Եղել են դեպքեր, երբ մեզ մոտ եկել են ոչ այնքան խորը ծրագրավորման գիտելիքներով ու քիչ փորձով մասնագետներ, բայց մարդկանց հետ աշխատելու հրաշալի հմտություն ունենալու շնորհիվ դարձել են լավ մենեջերներ, նախագծի ղեկավարներ։

Նատալյա Սուվորովան Նատալյա Սուվորովան
photo © Մեդիամաքս


Սոցիալական հմտությունների ու բազային մասնագիտական կարողությունների կոմբինացիան կարող է լավ աշխատել կարիերայի աճի համար»,-ընդգծել է Նատալյա Սուվորովան։

Armenian Code Academy-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը ներկայացրել է ՏՏ հավաքագրողի մասնագիտության առանձնահատկությունները։

«ՏՏ հավաքագրողը հանդիսանում է ընկերությունն արտաքին աշխարհի հետ կապող առաջին դեմքը։ Երբ ՏՏ ընկերությանը դիմում են նոր մարդիկ, առաջինը նրանց հետ շփվում է հենց ՏՏ հավաքագրողը եւ առաջին տպավորությունը ընկերության մասին ձեւավորվում է նրա միջոցով։

Նարեկ Ասլիկյանը Նարեկ Ասլիկյանը
photo © Մեդիամաքս


Հավաքագրողը պետք է մի քանի ուղղություններով զարգացած լինի։ Առաջինը լավ հետազոտություններ, ուսումնասիրություններ կատարելն է, որպեսզի որոնումը հաջողվի։ Թեկնածուների բազան կազմելուց հետո հարկավոր է հազարավոր մարդկանց հետ կապ հաստատել, շփվել։ Մարքեթինգային տեսանկյունից պետք է լավ գրել, մարդկանց ներգրավելու համար պլանավորել ռազմավարություններ ու ի վերջո գրագետ տեխնիկական լեզվով խոսել ՏՏ մասնագետների հետ, որպեսզի վստահություն ներշնչի մասնագիտական համայնքում:

photo © Մեդիամաքս


Բավականին բարդ պրոցես է, եթե հաշվի առնենք, որ այս ամենը միաժամանակ մի քանի տարբեր մասնագիտությունների համար են կատարում, որոնք բազմաթիվ են ՏՏ ոլորտում՝ դիզայներից մինչեւ ծրագրային մշակող»,-նշել է Նարեկ Ասլիկյանը։

Նիկիտա Լեբեդեւը՝ EPAM Armenia-ի բիզնես վերլուծաբանների թիմի ղեկավարը, կիսվել է Հայաստանում ադապտացվելու իր փորձառությամբ եւ սկսնակների համար մի շարք լայֆհաքերով։

«Ես ունեմ շատ տարբեր քաղաքներից եկած կոլեգաներ ու նրանք բոլորը տարբեր կերպով են ադապտացվել Հայաստանում։ Արագ ադապտացվելու համար գլխավորը բաց մարդ լինելն է, քանի որ այստեղ մարդիկ շատ ընկերասեր են ու պատրաստ են ընդունել նոր մարդկանց։ Ինձ անմիջապես ընդունեցին, սկսեցին օգնել։

photo © Մեդիամաքս


Հոգատարությունը Հայաստանի մշակույթի շատ կարեւոր բաղկացուցիչ է։ Մյուս կարեւոր հատկություններից մեկը հյուրասիրությունն է։ Այստեղ կարեւոր է հյուրասիրելը, ինչի միջոցով կարող եք արագ ծանոթներ ու ընկերներ ձեռք բերել։

Նիկիտա Լեբեդեւը Նիկիտա Լեբեդեւը
photo © Մեդիամաքս


Ընտանեկան արժեքները մեծ կարեւորություն ունեն Հայաստանում, եթե ընկերանաք մեկ ընտանիքի հետ, ապա աստիճանաբար շատ ծանոթներ ձեռք կբերեք։ Երրորդը լեզուն է։ Մարդկանց մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին, բայց պետք է չմոռանալ, որ ռուսերենն այստեղ հիմնական լեզու չէ եւ ձեր կոլեգաների հետ խոսելիս՝ աշխատեք շատ բարդ բառեր չօգտագործել։ Լեզվին կավելացնեմ նաեւ հումորը, որը Հայաստանում շատ զարգացած է, բայց այստեղ նույնպես պետք է նրբանկատ լինել»,-ասել է Նիկիտա Լեբեդեւը։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի