17:50 | 24.03.23 | Հոդվածներ | exclusive 16609

Թանիա Սահակյան. 2011-ից ի վեր կամրջում եմ Հայաստանն ու արտաքին աշխարհը

Bridge IT-ն օգնում է արտասահմանյան ընկերություններին ընդլայնվել Հայաստանում եւ հակառակը: Այն ներառում է ֆինանսական, իրավական, գործառնական ծառայություններ, ինչպես նաեւ աջակցում PR-ի, տաղանդների ներգրավման ու մարդկային ռեսուրսների կառավարման հարցերում։

Թանիա Սահակյանը Bridge IT-ի հիմնադիրն ու խորհրդականն է։ Նա եղել է INC 5000-ի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկի՝ DISQO-ի տարածաշրջանային տնօրենը։ Հիմնադրել է Երեւանի գրասենյակը, ղեկավարել տաղանդների ներգրավումը եւ բրենդի ճանաչելիության աճը, ներառյալ ֆինանսական, իրավական, լոգիստիկ ու կառավարության մարմիների հետ կապերը:

iTel.am-ը նրա հետ զրուցել է Bridge IT-ի առաջին քայլերի եւ զարգացման հեռանկարի մասին։

Bridge IT-ի գաղափարը եւ առաջին քայլերը

Ազդեցություն ստեղծելու համար ընկերությունների եւ համայնքների կառուցումն ու ընդլայնումն իմ կիրքն է: Աշխարհի տարբեր երկրներում մեծանալն ինձ օգնել է կամուրջ լինել մշակույթների, հասարակությունների եւ մարդկանց միջեւ: Մասնագիտական գործունեություն եմ ծավալել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:

2011-ին Հայաստան տեղափոխվելուց ի վեր իմ դերը եղել է Հայաստանն ու արտաքին աշխարհը կամրջելը: Թումոյում աշխատելիս հաճախ էի մարդկանց եւ բիզնեսներին Հայաստանի տաղանդների հետ կապելու խնդրանքներ ստանում:

Հայաստանում կարելի է գտնել որակյալ ինժեներական եւ դիզայներական տաղանդներ: Դե ֆակտո հավաքագրող էի դարձել։ Այնուհետեւ, երբ Հայաստանում գործարկեցինք եւ ընդլայնեցինք DISQO-ի գրասենյակը, որտեղ մշակում էինք մեր հիմնական պրոդուկտը, խնդրանքները մեծացան ոչ միայն տաղանդների, այլեւ՝ Հայաստանում ընկերությունների հաստատման ուղղությամբ:

Հայաստանը, որպես «Սիլիկոնյան լեռներ», սկսում էր ավելի շատ ճանաչելիություն ունենալ: Հակամարտությունն ու պատերազմը չխանգարեցին դրան։ Նախ, Սփյուռքի հայերը հասկացան, որ տեխնոլոգիական ոլորտում կարող են ներդրումներ կատարել եւ վերադարձնել դրանք, հետո միջազգային ընկերությունները նկատեցին դա։

Ի վերջո, ընկերությունները փնտրում են տաղանդներ եւ գնում այնտեղ, որտեղ տաղանդն է: Մեր տաղանդն ապացուցեց, որ հակամարտության գոտում ապրելը չի խանգարում Հայաստանից արտահանվող պրոդուկտների որակին։ Իսրայելը դա արել է տարիներ շարունակ՝ դառնալով աշխարհում ամենաշատ տեխնոլոգիական ընկերություններ ունեցող եւ հակամարտության գոտում ապրող երկիր։

Քանի որ ժամանակի ընթացքում խնդրանքների քանակն ավելի էր շատանում, տրամաբանական էր խորհրդատվական սեփական ընկերություն հիմնելը:

ՀՀ-ում ընդլայնվել ցանկացող միջազգային ընկերությունների խնդիրները

Միջազգային ընկերությունները հնարավորություն են փնտրում ընդլայնելու իրենց թիմերը բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Գիտելիքի, փորձի ու կապերի պակաս ունեն նաեւ այն ընկերությունները, որոնք Հայաստանը դիտարկում են որպես ընդլայնման ուղղություն։ Մենք օգնում ենք ընկերություններին գործարկել եւ ընդլայնվել Հայաստանում, իսկ հայկական ընկերություններին՝ ընդլայնվել դեպի ԱՄՆ, Կանադա:

Հայաստան տեղափոխվելիս ընկերությունների 60%-ը ձախողում է, քանի որ նրանք երկրին չեն վերաբերվում նույն բիզնես չափանիշներով ու գործելակերպով, ինչպես ընդունված է տեղական մակարդակում։ Երբեմն մարդիկ իրենց բիզնեսն առաջ տանելու հարցում ապավինում են ոչ մասնագիտական աղբյուրներին ու կապերին:

Հիմնական բարդություններն են՝

•    չունեն կայացած տեղական ցանց,
•    անծանոթ են տեղի մշակույթին,
•    թերագնահատում են բրենդի առաջխաղացումն ու PR-ի արդյունավետությունը,
•    բացակայում է միջֆունկցիոնալ կառավարումը,
•    թերագնահատում են հավաքագրման ծախսերը,
•    բացակայում է ուղղորդող փորձառու թիմը:

Հետեւաբար մենք հիմնականում ծածկում ենք բացերը՝ մշակելով եւ իրականացնելով ռազմավարություններ, այդպիսով օգնում բիզնեսներին կենտրոնանալ իրենց երկարաժամկետ նպատակների վրա:

Bridge IT-ի առանձնահատկությունը եւ կատարած գործառույթները

Մեր առավելությունն է Հայաստանի, ԱՄՆ-ի ու Կանադայի բիզնես միջավայրի խորը իմացությունը, մեծ փորձն ու կապերը, որոնք ընդլայնման գործընթացը դարձնում են սահուն եւ արագ: Առայժմ միջազգային ընկերություններին կապում ենք Հայաստանին, իսկ հայկական ընկերություններին՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի շուկայի հետ՝ դժվար թվացող խնդիրներն արագ ու սահուն լուծելու համար:

Թիմը

Թիմը դեռ նոր է, շուտով այն կհամալրենք մասնագետներով Հայաստանից, ԱՄՆ-ից եւ Կանադայից։ Այժմ նախագծի ձեւաչափով համագործակցում ենք լավագույն մասնագետների հետ, որոնք ունեն տարիների փորձ բիզնեսի զարգացման, իրավական հարցերի, ֆինանսական կառավարման, մարքեթինգի, PR-ի, լոգիստիկայի եւ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:

Առաջիկա ծրագրերն ու զարգացման տեսլականը

Արդեն ունենք հաճախորդներ, որ սպասարկում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Հաջորդ քայլը մեր դիրքերի ամրացումն է, բարի համբավի պահպանումը, որպեսզի իրական ու հաջողված օրինակների միջոցով ավելի շատ ընկերություններ ներգրավենք:

Երկարաժամկետ հեռանկարում ծրագրում ենք դառնալ «Արի աշխատիր Հայաստանից» եւ «Ներդրի՛ր հայկական ընկերություններում» բրենդինգային պատմության մի մասը։

Նունե Գրիգորյան