17:45 | 27.02.23 | Նորություններ | 2273

Հայկական Lucky Carrot-ը կհամագործակցի Zoom-ի հետ

Հայկական Lucky Carrot-ը հայտնել է Zoom-ի հետ համագործակցության մասին, որի արդյունքում հնարավոր կլինի ուղարկել վիրտուալ գազար անմիջապես վիրտուալ հանդիպումների ընթացքում եւ դրանից հետո։

Հավաքված գազարները կարելի է վերածել տարբեր նվեր քարտերի եւ զվարճալի փորձառությունների կամ ժամանցի:

 «Մենք հպարտ ենք եւ անչափ ուրախ տեղեկացնել, որ Lucky Carrot-ը համագործակցում է Zoom-ի հետ՝ գնահատանք եւ ճանաչում բերելու հեռավար համագործակցությանը:

Մենք հավատում ենք, որ գնահատանքը պրոֆեսիոնալ հաղորդակցության անբաժանելի մասն է, եւ այսօր մենք ներկայացնում ենք Lucky Carrot հավելվածը Zoom-ի համար, որը մեծ քայլ է դեպի մեր տեսլականը»,- ասվում է ընկերության հայտարարությունում:

Lucky Carrot-ը վիրտուալ գազարներով միմյանց «Շնորհակալություն» հայտնելու հարթակ է, որը, չափելով աշխատակիցների ներգրավվածությունը, դուրս է բերում իրական խնդիրներն ու գործիքներ տալիս՝ դրանք լուծելու։

Նպաստելով ընկերության մշակույթի ձեւավորմանն ու պահպանմանը՝ հարթակը նաեւ օգնում է ժամանակին կանխատեսել, թե որ աշխատակիցներն են ընկերությունը լքելու ռիսկային գոտում եւ հակառակը՝ ովքեր են ընկերության մշակույթի կրողները։

Ընկերությունը ստեղծել է հնարավորություն մարդկանց շնորհակալություն ասել ու վիրտուալ գազարներ ուղարկել ոչ միայն ընկերության ներսում, այլեւ՝ դրանից դուրս այն հարթակներում, որտեղ նրանք աշխատում են, սովորում, շփվում։

Lucky Carrot-ը 2021 թվականին արժանացել է Product Hunt-ի Golden Kitty մրցանակին՝ որպես լավագույն SaaS պրոդուկտ։

2022-ին գործարկել է 2-րդ տարբերակը, որը բեկումնային փոփոխություն է մտցրել պրոդուկտի կառուցվածքում ու բիզնես մոդելում, որի մասին կարող եք ընթերցել iTel.am-ի հարցազրույցը համահիմնադիր Մարիամ Գյուլումյանի հետ այստեղ։