14:53 | 10.02.23 | Նորություններ | 1779

«Այբ»-ն անցկացնում է մաթեմատիկական մրցույթ

Փետրվարի 24-ին բիզնես թիմերի մասնակցությամբ տեղի կունենա ForMath ամենամյա մրցույթը։

«Այբ» կրթական հիմնադրամը հրավիրում է մասնակցելու ֆոնդահայթայթման նպատակով կազմակերպվող այս մրցույթին․ թիմերի մասնակցության վճարը կուղղվի «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակում մաթեմատիկական խնդիրների տեղայնացման ու հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներին անվճար հասանելիություն ապահովելու համար։

«Արտակարգ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են համավարակը, պատերազմը կամ շրջափակումը, խախտվում է երեխաների կրթության իրավունքը։ Երեխաներն ստիպված են լինում դադարել հաճախել դպրոց, ժամանակավոր կամ ընդմիշտ փոխել իրենց մշտական բնակության վայրը, ինչի հետեւանքով կտրվում են իրենց սովորական առօրյայից եւ դասերից։

Առցանց նյութերի առկայության դեպքում երեխաները հնարավորություն կունենան չընդհատել ուսումնառության գործընթացը եւ սովորել ցանկացած վայրում ու իրավիճակում, եթե ունեն հասանելիություն համացանցին»,- ասված է հաղորդագրությունում:

ForMath մրցույթն անցկացվելու է «Friday night with impact» ձեւաչափով։ Կազմակերպությունները նախ կմասնակցեն մրցութային մասին, հետո նաեւ կունենան հետաքրքիր շփման հնարավորություն հյուրասիրության շուրջ: Առաջին երեք տեղի համար նախատեսված են մրցանակներ։ Մրցույթը հատկապես հետաքրքիր կլինի ընկերությունների այն աշխատակիցների համար, որոնց առօրյա գործում մաթեմատիկական բաղկացուցիչ մաս է կազմում։

Դիմելու համար կարող եք գրել sharmagh_s@ayb.am էլ․ հասցեին կամ զանգահարել 055 131191 հեռախոսահամարով մինչեւ փետրվարի 17-ը: