12:07 | 07.02.23 | Նորություններ | 2478

Google-ը ներկայացրել է ChatGPT-ի մրցակցին

Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել է Bard չատբոտի մոտալուտ գործարկման մասին՝ բնութագրելով այն որպես «փորձարարական խոսակցական AI ծառայություն»:

Այն կպատասխանի օգտատերերի հարցումներին եւ կմասնակցի զրույցներին: Չատբոտն արդեն հասանելի է մի խումբ «վստահելի փորձարկողներին», եւ առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի հանրությանը:

Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ հատկանիշներ ունի Bard-ը, բայց թվում է, որ այս չատբոտը OpenAI-ի ChatGPT-ի անալոգն է։ Նրան հնարավոր կլինի տարբեր բարդության հարցեր հղել։

Պիչայի խոսքով՝ Bard-ն օգտագործում է համացանցից ստացված տեղեկատվությունը՝ ամենաարդի տվյալների հիման վրա թարմ եւ որակյալ պատասխաններ տրամադրելու համար: Այս հատկությունը կարող է առավելություն լինել ChatGPT-ի նկատմամբ:

«Bard-ը կարող է հետաքրքրասիրության մեկնարկային հարթակ լինել, որը կօգնի ձեզ ձեր ինը տարեկան երեխային բացատրել Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի նոր հայտնագործությունները, կամ ավելին իմանալ այս պահին ֆուտբոլի լավագույն հարձակվողների մասին, ինչպես նաեւ սովորել վարժություններ՝ զարգացնելու սեփական հմտությունները»,- նշել է Google-ի գործադիր տնօրենը:

Թեեւ ChatGPT-ի հիմքում ընկած տեխնոլոգիան հեղափոխական չէ, OpenAI-ի որոշումը՝ համակարգը ազատորեն հասանելի դարձնել ինտերնետում, միլիոնավոր մարդկանց հնարավորություն է տվել օգտվել տեքստի ավտոմատ ստեղծման միանգամայն նոր ձեւից: