17:08 | 06.02.23 | Նորություններ | 1989
FAST հիմնադրամն այսօր հայտնել է, որ «1991 ստորաբաժանում» ծրագիրը հասունացել է այնքան, որ կարող է հաջողությամբ շարունակել իր ամբողջական եւ անխափան գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության կազմում։
FAST-ում հիշեցրել են, որ հիմնադրամն ու Պաշտպանության նախարարությունը համագործակցում են 2018 թվականից՝ գիտության եւ տեխնոլոգիաների նորագույն ուղղությունները ՀՀ Զինված ուժերում ներդնելու համար։
Այդ նպատակով 2019 թվականին FAST հիմնադրամի կողմից իրականացվեց «Արհեստական բանականություն եւ տվյալագիտություն» 4-ամսյա պիլոտային դասընթացը ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանումներից մեկի համար։ Դասընթացը հաջողությամբ կազմակերպելուց եւ իրականացնելու հետո, 2019 թվականի սեպտեմբերին FAST հիմնադրամի եւ ՀՀ ՊՆ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի ՀՀ ՊՆ-ն ստեղծում է «1991 ստորաբաժանումը» Զինված ուժերի կազմում, իսկ FAST հիմնադրամն աջակցում է կրթական բաղադրիչի՝ այդ թվում նախապատրաստական դասընթացների եւ գիտահետազոտական նախագծերի իրականացմանը։
«1991 ստորաբաժանման» գերնպատակն է դառնալ հարթակ Հայաստանի ռազմական ոլորտի խթանմանն ուղղված մտավոր ներուժի մոնիտորինգի եւ կարողությունների զարգացման, գիտահետազոտական նախագծերի իրականացման, դրանց արդյունքների՝ ՀՀ ՊՆ ամենօրյա գործառույթներում ինտեգրելու համար։
Մինչ այժմ կազմակերպված եւ հաջողությամբ իրականացված վեց նախապատրաստական դասընթացներին դիմած ավելի քան 2300 դիմորդներից ընտրվել են 530 մասնակիցներ, որոնք ստացել են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաեւ աշխատել են 23 բազմաբնույթ նախագծերի վրա:
FAST հիմնադրամի ջանքերով եւ Gateway Industry Inc կազմակերպության ֆինանսական աջակցությամբ հիմնադրվել են Սիս եւ Մասիս Արհեստական Բանականության լաբորատորիաները, որոնք ծառայում են ինչպես նախապատրաստական դասընթացներին, այնպես էլ «1991 ստորաբաժանում»-ում իրականացվող գիտահետազոտական նախագծերին։