18:04 | 06.02.23 | Նորություններ | 10796

Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ «ՍՈՐՍ» հիմնադրամը փոխել է մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկայի եւ նրա ընտանիքի կյանքի ռիթմը, հասարակությանն ինտեգրվելու եւ զարգացման դինամիկան:
 
Թիրախային աջակցության արդյունքում չորս ամսվա ընթացքում ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Մոնիկայի մոտ զարգացնել մանր մոտորիկան, հիշողությունը, միջավայրին ինտեգրվելու ցանկությունն ու դրական մտածելու ձգտումը:

Ընտանիքում բոլորն այդ հաջողությունը վերագրում են իրականացված ծրագրին ու անհատական օգնականի հետեւողական աշխատանքին: Ծրագիրն ավարտվել է, Մոնիկան էլ առողջական խնդիրների հետ կապված վիրահատության է ենթարկվել, սակայն լավատեսությունը պահպանվել է, առաջ գնալու ձգտումը՝ ընդգծվել:
 
«Օգնականի դերը կարեւոր է նման ընտանիքներում: Նրանք խոցելի խմբում են: Երեխայի խնամքն ընկած է մայրերի ուսերին, դրա հետեւանքով մայրերը մոռանում են իրենց: Մենք օգնում ենք ոչ միայն երեխային, այլեւ՝ ծնողին: Ծրագիրը թույլ է տալիս փոքր-ինչ թեթեւացնել մոր հոգսերը՝ նրան եւ երեխային տալով այն վստահությունը, որ իրենք մենակ չեն»,- ասել է Մոնիկայի անհատական օգնականը՝ Հայկանուշ Գասպարյանը:

Վերջին տարիներին ընդլայնվել է անհատական օգնականների տրամադրման աշխարհագրությունը. ծրագրում ներառվել են նաեւ մարզերը, ինչը չափազանց կարեւոր է:

2016 թվականից մեկնարկած՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցությունը ցանկալի արդյունք է ապահովում ծրագրի շահառու դարձած բոլոր ընտանիքներում: