17:39 | 11.01.23 | Հոդվածներ | exclusive 15769

Հայկական Essemem.com-ը փորձելու է մրցել Canva-ի եւ Adobe-ի հետ

Essemem-ը տրամադրում է առցանց գործիք, որը թույլ է տալիս խնայել ժամանակ ու պարզ քայլերով ստեղծել սոցիալական մեդիա հրապարակումներ՝ առանց դիզայներական հմտությունների:

Essemem.com-ի համահիմնադիր, Renderforest-ի տեխնիկական գծով նախկին տնօրեն Էդգար Մարուքյանն ընկերոջ հետ նոր ստարտափ է սկսել, որի նպատակների ու առանձնահատկությունների մասին պատմել է iTel.am-ին։

Essemem.com-ի գաղափարն ու հիմնումը

2022 թվականի սկզբից ես ու ընկերս մտածում էինք՝ ինչ նախագծի վրա աշխատել։ Տարբեր գաղափարներ կային, որոշեցիք ծրագրային ապահովման արտապատվերներ կատարել արտասահմանյան կազմակերպությունների համար, բայց հետո հասկացանք՝ այդքան էլ մեր սրտով չէ։ Ի վերջո, մեր սեփական ստարտափն սկսեցինք։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրավորման դասընթաց էինք անցկացնում, 25 ուսանող ունեինք, որոնց մի մասը հիմա մեզ հետ է աշխատում։

Թիմի անդամներն ի սկզբանե սկսնակ էին: Դեռ չունենք մեծ ռեսուրսներ, որ փորձառու մասնագետների ներգրավենք, բայց սովորելով միասին՝ ստեղծել ենք Essemem.com կայքն ու ծրագիրը։

Վեբ կայքեր ստեղծել սկսել եմ դեռեւս 2000 թվականից ու վերջին տարիներին Renderforest-ում աշխատելիս ձեռք եմ բերել հենց Software as a Service (SaaS) բիզնեսների հետ աշխատանքի փորձ։

Էդգար Մարուքյանը Էդգար Մարուքյանը
photo © Մեդիամաքս


Տրամաբանությունը հետեւյալն է. մարդիկ չպետք է խմբագրում անեն, այսինքն՝ խմբագրման բեռը վերցնում ենք մեզ վրա: Մեր պրոդուկտը նախատեսված է փոքր բիզնեսների համար, որոնք չունեն դիզայներական թիմ, սակայն ցանկանում են գեղեցիկ ու ներկայանալի նկարներ ստեղծել եւ հրապարակել սոցիալական ցանցերում։ Այդ նպատակով փորձելու ենք կայքը պահել մաքսիմալ պարզ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա այն օգտագործել։

Գործառույթներն ու առանձնահատկությունները

Ներկայում գործարկել ենք մեր առաջին նախատիպը: Օգտատերերը կարող են վերբեռնել իրենց լուսանկարները, օրինակ՝ որեւէ ապրանքի լուսանկար եւ դրան համապատասխան ինչ-որ տեքստ, նկարագրություն կամ հաղորդագրություն գրել, որից հետո համակարգն ավտոմատ կերպով ընտրում է ճիշտ չափով ու ձեւով template-ներ ու առաջարկում պատրաստի տարբերակներ։

Այլ համակարգերում սկզբից պետք է ընտրել template-ը, հետո վերբեռնել լուսանկարը եւ խմբագրել, էլեմենտներ ավելացնել կամ պակասեցնել։ Արդյունքը կարող է դուր գալ կամ հակառակը։ Գործընթացը ժամանակատար է։ Չհավանելու դեպքում նույն պրոցեսը պետք է նորից սկսել։

Շուտով template-ների քանակի հետ կավելացնենք նաեւ տարբեր թեմատիկաներով կատեգորիաներ, որոնք կօգնեն ավելի հեշտ ֆիլտրել արդյունքները։ Ի սկզբանե առաջարկում ենք մեր դիզայների պատրաստած template-ները, սակայն հիմա ստեղծում ենք ամբողջական ավտոմատացման համակարգ, որ կարողանանք դիզայնը դարձնել բազմազան։ Այսինքն՝ տարբեր դիզայն էլեմենտներով հագեցնենք ու դա կատարվի ավտոմատ՝ առանց մարդկային օգնության։

photo © Մեդիամաքս


Սկզբնական շրջանում կստանանք տարբեր թեմատիկաներով 100 հազարից ավելի template: Դրանից հետո ցանկանում ենք կիրառել արհեստական բանականության ալգորիթմներ, որպեսզի ստանանք անսահման քանակի template-ներ, նաեւ արդեն կոնտեքստը հաշվի առնող template-ներ, որը կվերլուծի լուսանկարի բովանդակությունը, տեքստը, գույները, տրամադրությունը, իսկ հավելյալ շերտերի շնորհիվ նորը եւ ավելի անհատականացվածը կգեներացնի։

Այս պահին հարթակն անվճար է, թեստավորման փուլում ենք, փորձում ենք մարդկանց արձագանքների հիման վրա մշակել համակարգը։

Թիրախը

Աշխարհում փոքր բիզնեսները բոլոր տեսակի բիզնեսների մեծամասնությունն են, ստացվում է՝ թիրախավորում ենք ամենամեծ շուկան։ Մեր հաշվարկով առնվազն 200 միլիոն մարդ կարող է մեր ծրագրի շահառուն հանդիսանալ։ Կգտնվեն մարդիկ, որոնք ռեալ բիզնես պահանջի համար են օգտագործելու եւ հավելյալ գործիքակազմի անհրաժեշտություն կլինի, նրանք էլ կդառնան մեր վճարովի հաճախորդները։

photo © Մեդիամաքս


Հասկանում ենք, որ ընտրել ենք այնպիսի շուկա, որտեղ կան հսկաներ՝ Canva-ն, PicsArt-ը, Adobe-ը եւ այլն, բայց պետք է նրանցից ավելի արագ ու ճկուն գործենք։ Կենտրոնացել ենք, մասնավորապես, SMM-ի պահանջ ունեցող մարդկանց խնդիրների վրա։

Թիմը

12 հոգանոց թիմ ունենք Վանաձորում ու Երեւանում։ Թիմի բոլոր ծրագրավորողները սկսնակ կամ ինթերն կարգավիճակից են եկել։ Մեզ են միացել էնտուզիաստ երիտասարդներ։ Ունենք նաեւ ոլորտային փորձ ունեցող կամավորներ։

photo © Մեդիամաքս


Վանաձորի եւ Երեւանի թիմերի անդամների հետ կապը պահում ենք հեռավար, ամեն օր կազմակերպում ենք քննարկումներ մեր հետագա անելիքների վերաբերյալ:  Աշխատանքային գրաֆիկն ազատ է, ուշադրություն ենք դարձնում արդյունքներին, քան բուն զբաղվածությանը։ Կարելի է ասել, որ աշխատում ենք օրուգիշեր։

Ներդրումներն ու առաջիկա ծրագրերը

Բարձր տեխնոլոգիաների նախարարությունից «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրին ենք դիմել եւ ստացել 5 միլիոն դրամ դրամաշնորհ։ Երկրորդ փուլով մասնակցել ենք աքսելերացիոն ծրագրի, որտեղ բանախոսները բիզնես կրթություն են տրամադրել, դրամաշնորհ ստանալու հնարավորություն ունենք։

Էդգար Մարուքյանը Էդգար Մարուքյանը
photo © Մեդիամաքս


Ներդրումը ծախսելու ենք թիմի ընդլայնման վրա: Դեռեւս R&D կարգավիճակում ենք, մարքեթինգի ուղղությամբ նույնպես անհրաժեշտ կլինեն ներդրումներ։

Զուգահեռ բանակցում ենք վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ, փիթչ անում, արձագանքներ ստանում նրանցից։ Մշակելով պրոդուկտը՝ փորձում ենք ներդրումային ռաունդ ստեղծել։

Նունե Գրիգորյան