17:52 | 21.12.22 | Հոդվածներ | exclusive 3113

INTED-ն օգնում է առցանց ուսուցումն ավելի արդյունավետ դարձնել

INTED-ը հավելված է, որը բարելավում է աուդիոյի եւ վիդեոյի ըմբռնումը, մտապահումը եւ ներգրավվածությունը՝ ներդնելով AI-ով աշխատող անհատականացված եւ ադապտիվ արագության տեխնոլոգիա։ Այն օգնում է առցանց ուսուցումն ավելի արդյունավետ դարձնել։

Ստարտափն ընդգրկվել է Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերացիոն ծրագրում, ներկայում թիմը Միացյալ Նահանգներում կատարելագործում է մշակած տեխնոլոգիան։  

Ստարտափի համահիմնադիր Շուշան Ներսիսյանն iTel.am-ի հետ զրույցում ներկայացրել է INTED-ի գաղափարը, տեխնոլոգիան, թիմային ավանդույթները։  

INTED-ի գաղափարն ու առաջին քայլերը

Ես եւ համահիմնադիր Մնացական Շարաֆյանը երկար ժամանակ է՝ միասին ենք աշխատում։ Համատեղ աշխատանքը սկսել ենք HSBC բանկից։ Ես մանրածախ բիզնեսի Chief Control Officer էի, իսկ Մնացականն իմ ստորաբաժանման ներքո գործող բաժնի ղեկավարը։ Այնուհետեւ զբաղեցրել եմ ՊԵԿ փոխնախագահի պաշտոնն ու Մնացականին առաջարկել միանալ ՊԵԿ թիմին. եւս 4 տարի միասին աշխատել ենք պետական համակարգում։

photo © INTED.ai


Զբաղեցնելով ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետի պաշտոնը՝ Մնացականը Միչիգանի համալսարանում զուգահեռ սկսեց իր 2-րդ մագիստրատուրան, որտեղ բոլոր դասերը հեռավար էին: Չնայած Մնացականը լավ տիրապետում է անգլերենին, սակայն տարատեսակ բարդությունների էր հանդիպում ուսման ժամանակ։ Հաճախ կարիք էր լինում արագացնել կամ դանդաղեցնել ձայնագրված դասախոսությունները, ինչը բացասական ազդեցություն էր ունենում եւ ժամանակի, եւ ընկալունակության վրա։ Լինելով data scientist՝ նա գտավ այս խնդրի լուծումը եւ այդպես ծնվեց մեր ստարտափի գաղափարը։

Ինչպե՞ս է աշխատում INTED-ը

INTED-ը հավելված է, որը բարելավում է աուդիո եւ վիդեո ըմբռնումը, մտապահումը եւ ներգրավվածությունը՝ ներդնելով AI-ով աշխատող անհատականացված եւ ադապտիվ արագության տեխնոլոգիան (USPTO-ի մտավոր սեփականության արտոնագիրը հաստատման փուլում է): Լուծման հիմքում դրված գիտական բազան մշակվել է Սթենֆորդի եւ Բերքլիի համալսարանների հետազոտողների, ինչպես նաեւ մեր ուսումնասիրությունների հիման վրա։



Մեր տեխնոլոգիայի օգտագործումը բերում է ըմբռնման 15% եւ ներգրավվածության 10% աճի, մինչեւ 50% ժամանակի խնայողության: Ակնկալվում է, որ INTED-ը նոր մակարդակի է հասցնելու ոչ մայրենի անգլերենով խոսողների օնլայն ուսուցումը:

Առանձնահատկությունը ու տարբերությունը մրցակիցներից

INTED-ը շուկայում միակն է, որ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր  օգտատիրոջ նայել, լսել վիդեո եւ աուդիո ձայնագրություններն իր նախընտրած արագությամբ։ Մնացած լուծումներն անհատականացված չեն եւ հաշվի չեն առնում մարդու անհատական ունակություններն ու նախընտրությունները։

photo © INTED.ai


Մեր օգտատերերն աշխարհի բոլոր այն մարդիկ են, որոնք առնչվում են անգլերեն օնլայն նյութերին։

Դժվարություններն ու հաղթահարման մոտիվացիան

Դժվարություններ եղել են եւ լինելու են միշտ, իսկ հիասթափություն՝ ոչ։ Ստարտափի հիմքը լավ թիմն է, որտեղ բոլոր դժվարությունները հաղթահարվում են միասին եւ ժպիտով։ Ի դեպ, ժամանակ առ ժամանակ թիմով հումորային ժանրի ֆիլմ դիտելը եւս օգնում է լիցքաթափվել եւ նոր ուժով սկսել հաջորդ օրը։

Ներդրումներն ու Berkeley SkyDeck-ի մասնակցությունը

Ներդրումները սկսել ենք ստարտափի աշխարհում հայտնի friends and family-ով, իսկ հիմա մասնակցում ենք Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրին: Ներկայում գրեթե ողջ թիմով գտնվում ենք Բերքլիում։

INTED-ի թիմն ու ավանդույթները

Թիմն ամենակարեւորն է։ Կարեւոր չէ՝ ինչ ես անում եւ ինչպես, կարեւոր է, թե ում հետ ես դա անում։ Թիմը պետք է լինի նվիրված, պրոֆեսիոնալ եւ խոսի նույն լեզվով։

Մենք հավաքել ենք լավագույն թիմը։ Ինձնից եւ Մնացականից բացի, ունենք եւս 4 հոգի, որոնք գրեթե հասարակական հիմունքներով են մեզ հետ, հավատում են մեր պրոդուկտին եւ աշխատում գրեթե 24/7։

Մեզ բախտ է վիճակվել նաեւ աշխատել Հայաստանի լավագույն նյարդաբան Հովհաննես Մանվելյանի հետ, նա մեր կազմակերպության գլխավոր խորհրդականն է։ Պրոֆեսոր Մանվելյանն ունի տասնյակ գիտական աշխատություններ ուղեղի աշխատանքի եւ ընկալունակության վերաբերյալ, իր վերահսկողության ներքո ենք ձեւավորում ընկալունակության անհատականացման մոդելները։

Ունենք նաեւ 3 ընկեր (Դավիթը, Արթուրն ու Էդին), որոնք օգնում են մեզ մեր կայքի եւ մարքեթինգի հարցերում։

photo © INTED.ai


Մեր թիմի անդամ լինելու համար կարեւոր է՝ հավատան մեր գաղափարին այնպես, ինչպես հավատում ենք ես եւ Մնացականը, պատրաստ լինեն անքուն գիշերների եւ պարտադիր ունենան հումորի զգացում, քանի որ հումորն ու կատակը մեր թիմում անպակաս են, ինչը մեզ օգնում է ժպիտով հաղթահարել բարդությունները։

Առաջիկա ծրագրերն ու տեսլականը

Այս պահին թեստավորման փուլում ենք։ Ունենք աշխատանքային մի քանի նախնական պայմանավորվածություն: 2023 թ-ի հունվարին պատրաստվում ենք պրոդուկտը սահմանափակ օգտատերերի համար ներկայացնել շուկային։

Նունե Գրիգորյան