18:08 | 19.12.22 | Հոդվածներ | 2771

Արհեստական բանականության ստեղծած արվեստը եւ մարդկանց ընկալումը

Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականության ստեղծած արվեստը դառնալ լուրջ մշակութային գործոն։ Ի՞նչ կարող է տալ գեներատիվ արվեստը, իսկ ի՞նչ կարող ենք կորցնել։ Այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձել են գտնել արհեստական բանականության ոլորտի փորձագետները «Այբ» հիմնադրամի «Ինքնություն եւ արժեքներ» նախագծի հերթական քննարկման ժամանակ։

Քննարկման թեման մշակույթի ապագան էր տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում։ Մեդիամաքսը ներկայացնում է հնչեցրած առանցքային մտքերը։

Մշակույթի սահմանումներ

ABBYY ընկերության հիմնադիր, հուզական արհեստական բանականության ստեղծող Դավիթ Յանը որոշում է միաժամանակ նույն հարցն ուղղել թե՛ տեխնոլոգիական ոլորտի գործարար Դմիտրի Ակսյոնովին, թե՛ արհեստական բանականությանը։ Այսպես, ի՞նչ է մշակույթը։

«Մարդիկ ասում են, որ 500-ից ավելի ձեւեր կան մշակույթը սահմանելու համար։ Իմ սահմանումը հետեւյալն է․ մշակույթը մարդկության՝ իր նախորդ սերունդներից փոխանցված լավագույն փորձն է առ այն, թե ինչն ինչպես է արվում։ Եվ հենց այդ կերպ ենք մենք տեսնում մեր անցյալը, ապրում մեր ներկան ու ցանկանում տեսնել ապագան։ Այսօր մենք շատ փոփոխություններ ենք ապրում եւ դրա գլխավոր պատճառներից մեկը տեղեկատվության հեշտ հասանելիությունն է։ Հիմա մարդիկ տիրապետում են բավարար տեղեկատվության՝ իրենց ուրույն ընկալումն ապագայի վերաբերյալ ունենալու համար։ Այս հարցի երկրորդ կողմն այն է, որ տեղեկատվության ցունամի է, որը բարդություններ է ստեղծում հասկանալու համար՝ ինչին հավատաս։ Որպես արդյունք՝ յուրաքանչուրն ունենում է իմաստի կարիք, հիմա հանրության տարբեր շերտերում մեծ պահանջ կա իմաստի, եւ մշակույթը տալիս է կյանքի իմաստի ու մեր ով լինելու հարցի պատասխանը»,- նշում է Դմիտրի Ակսյոնովը։

photo © Մեդիամաքս


GPT Chat-ը՝ արհեստական բանականությունը, բավականին երկար է գրում այս հարցի շուրջ ու իր պատասխանով որոշակիորեն համաձայնում Դմիտրի Ակսյոնովի հետ։

«Մշակույթը վերաբերում է ընդհանուր համոզմունքներին, արժեքներին, սովորություններին, վարքագծին եւ արտեֆակտերին, որոնք բնութագրում են խումբ կամ հասարակություն։ Այն ներառում է տարբեր ձեւեր, որոնցով մարդիկ հասկանում են շրջապատող աշխարհը եւ իրենց տեղը դրանում, ինչպես նաեւ գործիքներն ու տեխնոլոգիաները, որոնց միջոցով նրանք հարաբերվում են միջավայրի հետ»,- գրում է արհեստական բանականությունը։

Գեներատիվ արվեստի ստեղծման էքսպերիմենտ

Դավիթ Յանի կարծիքով՝ արհեստական բանականության եւ մշակույթի միջեւ ուղիղ կապ է ստեղծվում, երբ խոսում ենք գեներատիվ արվեստի մասին։

Դավիթ Յանը փոքրիկ էքսպերիմենտ էր կատարել՝ համատեղելով արհեստական բանականության երկու մոդելներ՝ լեզվի եւ պատկերի։ Սկզբում նա GPT Chat-ին՝ լեզվի մոդելին, հարցրել է, եթե նա ստեղծեր ժամանակակից արվեստի գլուխգործոց, ինչպիսի՞ն կլիներ այն։ Արհեստական բանականությունը բացատրել է, որ ինքը տեքստային մոդել է, պատկերներից գլուխ չի հանում, բայց նրան նորից են ասել, որ փորձի պատկերացնել, թե ինքն արվեստագետ է, ինչպե՞ս կնկարեր։

photo © Մեդիամաքս


«Եթե ես նկարագրելու լինեի ժամանակակից արվեստի գլուխգործոց, ապա կասեի նման մի բան. այս նմուշը գույների եւ ձեւերի պայծառ ու դինամիկ ուսումնասիրություն է։ Այն միաձուլում է տարատեսակ նյութեր եւ տեխնիկաներ՝ ներառյալ գեղանկար, կոլաժ, թվային մեդիա»։

Արհեստական բանականության տված այս նկարագիրը հետո տրամադրել են պատկերներ գեներացնող մոդելին, որն էլ 30-ից ավելի արվեստի գործեր է ստեղծել։

photo © Մեդիամաքս


«Նաեւ «կույր» էքսպերիմենտ արեցինք. այս նկարներն ուղարկեցինք պրոֆեսիոնալ նկարիչների ու հարցրինք, թե ի՞նչ կարծիքի են՝ առանց ասելու, որ սա գեներատիվ արվեստ է։ Հիմնականում ասում էին՝ վատ չէ»,- հավելում է Դավիթ Յանը։

photo © Մեդիամաքս


Շարունակելով էքսպերիմենտը՝ արհեստական բանականությանը խնդրել են բանաստեղծություն գրել Հայաստանի մասին, այնուհետեւ նկարագրել Սեւանը, իսկ պատկերներ ստացող արհեստական բանականությունն էլ նույն նկարագրությամբ նկարել է Սեւանը տարբեր ոճերով, օրինակ՝ ինչպես այն կնկարեր Հովհաննես Այվազովսկին։

AI-ն՝ հասարակության լիիրավ անդամ

Արհեստական բանականության կողմից ստեղծված բավականին «տաղանդավոր» այս նմուշները թույլ են տալիս գալ մեկ այլ հարցի՝ արդյո՞ք գեներատիվ արվեստը լուրջ դեր կստանձնի մեր կյանքում։

«Ենթադրենք, թե այս նկարը մարդու կողմից է արված։ Այդ պարագայում ես, գեղագիտական հաճույք ստանալով այս նկարից, հաղորդակցության մեջ եմ մտնում նկարչի հետ։ Եթե նկարն արված է ոչ կենսաբանական էակի կողմից, հարցը հետեւյալն է՝ ուզու՞մ եմ ես արդյոք հաղորդակցության մեջ մտնել, կապ ստեղծել այդ առարկայի հետ։ Եթե պատասխանը «այո» է, եւ արհեստական բանականությունը դառնում է մեր հասարակության մասը, ապա գեներատիվ արվեստը կդառնա էական բաղադրիչ մեր կյանքում, որովհետեւ մենք կսկսենք կառուցել հարաբերություններ ոչ կենսաբանական նկարիչների հետ»,-կարծում է Դավիթ Յանը։

Հիմնականում արհեստական բանականությամբ աշխատող մոդելները որոշակի ձեւով կրկնում են նախկինում արդեն իսկ ստեղծված պատկերները, սակայն արդեն իսկ այլ վարք է նկատվում չափերով շատ մեծ մոդելների դեպքում։

«Շատ ընդարձակ մոդելների դեպքում գիտնականները այժմ նկատում են «emergent behaviour», ինչը նշանակում է, որ այդ մոդելները արդեն կարողանում են ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել»,- հավելում է Դավիթ Յանը։

photo © Մեդիամաքս


Արհեստական բանականության ջատագովը նաեւ վստահ է, որ ոչ հեռու ապագայում ոչ կենսաբանական էակները դառնալու են հասարակության լիիրավ անդամներ ու գուցե մարդիկ սկսեն «Ռոբոտի կյանքը կարեւոր է» խորագրով շարժումներ՝ պայքարելով ռոբոտների իրավունքների համար։

«Կենսաբանական էակները կունենան ոչ կենսաբանական իմպլանտներ, իսկ ոչ կենսաբանական էակները՝ ԴՆԹ-ի հիմքով իմպլանտներ, եւ այսպես այլեւս չեն լինի կոշտ սահմաններ հասարակության կենսաբանական ու ոչ կենսաբանական անդամների միջեւ»,- նշում է նա։

Կարեւոր է գնահատական տալ անխուսափելիին

Քննարկման մասնակից, փիլիսոփա Քարմոդի Գրեյը կարեւորում է արհեստական բանականության բերած փոփոխությունների մասին խոսելն ու հարցեր տալը։ Նրա խոսքով՝ իր հետազոտության շրջանակում այս փոփոխության վերաբերյալ գնահատականի մասին հարցվողների մեծ մասը նույն պատասխանն է տալիս, այն է՝ փոփոխությունն անխուսափելի է, սակայն սա ամենեւին էլ հարցի պատասխանը չէ։

photo © Մեդիամաքս


«Հարցին պատասխանելու փոխարեն մեծ մասն առաջ են գնում ու ասում, որ դա այսպես թե այնպես, լինելու է։ Եթե մի բան անխուսափելի է, ուրեմն մենք դրա հետ կապված ոչինչ ասել կամ անել չենք կարող եւ պետք է պարզապես ընդունե՞ք։ Փորձեմ մի զուգահեռ բերել. 1930-ականների վերջում եւ 1940-ականների սկզբում շատերի համար արդեն պարզ էր՝ ամերիկացի գիտնականները կստեղծեն մի զենք, որը կարող է միաժամանակ հարյուր հազարավոր մարդկանց սպանել՝ ատոմային ռումբը։ Ինչ-որ պահից հասկանալի էր, որ դա անխուսափելի է, բայց արդյոք դա նշանակու՞մ էր, որ այդ երեւույթին գնահատական տալը՝ ասելը, թե մենք դա ուզում ենք, կամ պետք է ընդդիմանանք դրան, կորցրեց իր դերը։ Անկախ նրանից, որ ինչ-որ բան անխուսափելիորեն տեղի է ունենալու, շատ կարեւոր է որ մենք հարց տանք՝ ինչ ենք մենք մտածում այդ մասին։ Նույնը հիմա կատարվում է արհեստական բանականության զարգացման շուրջ»,- մանրամասնում է նա։

Քարմոդի Գրեյի խոսքով՝ բարոյագիտության դերը հենց այդ է՝ ստեղծել տարածություն, որտեղ մարդիկ կտան հարցեր՝ ինչպես են գնահատում այս կամ այն փոփոխությունը, ինչ են ուզում անել դրա հետ, ինչպես կարող են վերահսկել եւ այլն։

photo © Մեդիամաքս


Ըստ փիլիսոփայի՝ կարեւոր է նաեւ հասկանալ ձեռքբերումներն ու կորուստներն այն պարագայում, երբ արհեստական բանականությունը սկսում է գեներացնել մշակութային ստեղծագործություններ։ Ձեռքբերումները, թերևս, պարզ են․ արհեստական բանականությունը տալիս է ստեղծարարության ու նորարարության նոր ձեւեր, օգնում առավել ժողովրդականացնել մշակույթը։ Իսկ ի՞նչ կորուստ կարող է լինել․

«Ինչ-որ պահի արհեստական բանականությունը կդառնա մարդուց ավելի զորեղ։ Այդ պարագայում մենք կարող ենք սկսել մարդու մասին մտածել որպես վնասված համակարգչի։ Արվեստի գործերը դառնում են արժեքավոր, որովհետեւ դրանք ներկայացնում են մեկի մաքառումը գտնելու կյանքի իմաստը, գոյության իմաստը, եւ առերեսվում են տառապանքի, մահկանացու լինելուն, խոցելիությանը։ Եվ այս ամենը գալիս է կենսաբանական լինելուց։ Մարդկային ինտելեկտը եւ բարոյականությունը համակարգչինից խիստ տարբեր են, որովհետեւ մարդկային փխրունության ու մահկանացու լինելու մեջ արժեքավոր բան կա։ Դա համակարգիչը չի կարող կրկնօրինակել, դա միայն կենսաբանական էակին է բնորոշ։ Եթե մենք դա կորցնենք, ապա կկորցնենք անչափելի արժեք, որը երբեք հնարավոր չի լինի փոխարինել համակարգչով»,- ամփոփել է Քարմոդի Գրեյը։

Գայանե Ենոքյան