17:29 | 08.12.22 | Հոդվածներ | exclusive 9549

Popok Animation-ի երեւանյան նոր գրասենյակն ու հեռանկարները Եվրոպայում

Popok Animation ստուդիան հիմնադրվել է Գյումրիում 2018 թվականին։ Ընկերությունը մատուցում է եռաչափ անիմացիայի եւ գրաֆիկայի ծառայություններ: Համագործակցում է ռուսական СОЮЗМУЛЬТФИЛЬМ, МЕЛЬНИЦА, ЯРКО, ինչպես նաեւ արտասահմանյան այլ ընկերությունների հետ։

Ստուդիան  վերջերս մասնաճյուղ է բացել Երեւանում ու շարունակում է պատրաստել եռաչափ անիմացիայի պրոֆեսիոնալ կադրեր։

Itel.am-ը զրուցել է Popok Animation ստուդիայի համահիմնադիր Աղվան Խաչատրյանի հետ ընկերության անցած ճանապարհի, թիմի, դասընթացների ու նոր շուկաներ գրավելու մասին։

Popok Animation ստուդիայի ստեղծումը

Արդեն 23 տարի է զբաղվում եմ եռաչափ գրաֆիկայով, փորձ ունեմ թե՛ լուսանկարչության, թե՛ կինոարվեստի ոլորտում։ Մեր ժամանակ չկային դպրոցներ ու հաստատություններ պրոֆեսիոնալ մակարդակով համակարգչային գրաֆիկա սովորելու համար, մեր սերնդի մասնագետները, կարելի է ասել, ինքնուս են եւ ոլորտի պիոներներ։ Հետո արդեն մենք երկար տարիներ դասավանդել ենք ու մեր գիտելիքները փոխանցել երիտասարդ սերնդին։

Ոլորտում բավականին երկար աշխատելուց հետո եկավ մի պահ, երբ հասկացանք՝ պատրաստ ենք ստեղծել մեր սեփական ընկերությունը։ Ընկերներիս՝ Հայկ Ստեփանյանի եւ Իրինա Դավթյանի հետ 2018 թվականին Գյումրիում հիմնեցինք Popok Animation ստուդիան։

photo © Popok Animation


Ինչպես ուղեղի տեսքով կորիզից մեծ ընկուզենի է աճում, տարածվում ու տալիս պտուղներ, այնպես էլ փորձելու ենք՝ Popok Animation-ն աճի ու դառնա ժամանակակից անիմացիայի զարգացման կորիզը Հայաստանում:

Տաղանդների պատրաստումը եւ դժվարությունները

Շուկան մեծ էր, պատվերները՝ շատ, իսկ մասնագետ գրեթե չկար: Որոշեցինք մասնագետներին մեր ուժերով ստեղծել։ 2018թ.-ին մեր կազմակերպած դասընթացների հայտարարությանը արձագանքեց 240 երիտասարդ, որոնցից ընտրեցինք 45-ին ու սկսեցինք դասերը։ Դժվարությամբ, փոքր քայլերով ու ֆինանսական սուղ միջոցներով կարողացանք թիմ ստեղծել։

Սկզբունքային որոշում էր ստուդիան հենց Գյումրիում հիմնել։ Այդ ժամանակ բոլոր համահիմնադիրներով Երեւանում էինք ապրում ու աշխատում մեծ ՏՏ ընկերությունում։ Չնայած դրան՝ որոշեցինք հենց Գյումրիում իրականացնել կրթական ծրագիրը, քանի որ Շիրակի մարզը լի է տաղանդավոր երիտասարդներով, որոնք հաճախ լավ կրթություն ստանալու հնարավորություն չունեն, իսկ մեր գլխավոր նպատակն այդ երիտասարդներին գտնելն ու նրանցից բարձր որակի մասնագետ ստանալն էր։

photo © Popok Animation


Մեզ մոտ հեշտ է ընդունվելը, սակայն դժվար՝ ավարտելը։ Որպես կանոն, ավարտում եւ մեզանից աշխատանքի առաջարկ է ստանում ընդունվածների 30 տոկոսը միայն։ Դասերի տեւողությունը 15 ամիս է, դասավանդում են մեր ընկերության եւ դրսից հրավիրված մասնագետներ, որոնք աշխատել են Disney-ում, Motion Picture Company-ում, Союзмультфильм-ում եւ այլ հեղինակավոր ընկերություններում։

Քանի որ աշխատում էինք Երեւանում, շուրջ երկու տարի յուրաքանչյուր շաբաթ-կիրակի դասավանդման համար գնում էինք Գյումրի։ Դասերի առաջին հոսքով 15 մասնագետ ստեղծեցինք, որոնց մի մասն այսօր աշխատում է Գյումրու մեր գրասենյակում, մյուս մասը՝ այլ ստուդիաներում։ Մենք էլ համահիմնադիրներով վերջնական վերահաստավել ենք Գյումրիում:

Շուկան ու թիրախը

Չորս տարվա ընթացքում կարողացանք կայուն հաստատվել ռուսական շուկայում։ Հիմա մեզ են հետ համագործակցում Ռուսաստանի խոշոր անիմացիոն ստուդիաները, այդ թվում ՝Союзмультфильм-ը, Мельница-ն, Петербург Студия-ն, Գազպրոմ Մեդիա Հոլդինգի ЯРКО-ն եւ այլն։

Հայկական շուկայում նախագծեր չենք անում, բայց հայկական մուլտարտադրություն սկսելու ծրագրեր ունենք։

photo © Popok Animation


Այս պահին ամսական մոտ 40 րոպե անիմացիա ենք ստեղծում, որը բավականին մեծ թիվ է։ Համեմատության համար՝ մեկ անիմատորը միջինում ամսական մոտ 40-50 վայրկյան անիմացիա է ստեղծում։ Ներկայում լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր արտադրելու առաջարկներ ունենք։

Երեւանի մասնաճյուղն ու թիմը

Այս տարի ստուդիան մասնաճյուղ է հիմնել Երեւանում, իսկ մեր թիմը համալրվել է մի քանի բարձրորակ, կասեի՝ ոլորտի ուժեղագույն մասնագետներով։
Գյումրիում մեկ ամսից կտեղափոխվենք ավելի ընդարձակ գրասենյակ, որտեղ կգործի եւ՛ ստուդիան, եւ՛ մեր անիմացիոն դպրոցը, որը մարզերի երիտասարդների հետ շարունակում է աշխատել բացարձակ անվճար:

photo © Popok Animation


Ստուդիայի համար անիմացիա է ստեղծում 50-ից ավելի անիմատոր: Արտասահմանից եւս մասնագետներ ենք հրավիրում, որոնք ստուդիայի թիմի ու դպրոցի ուսանողների համար վարպետության դասեր են անցկացնում։

Մեր թիմում կարեւորը մարդն է։ Տարածված կարծրատիպ կա, որ համակարգչով աշխատողները՝ ծրագրավորողները, անիմատորները, գրաֆիկ դիզայներները գիշեր-ցերեկ աշխատում են ու չեն քնում։ Մեզ մոտ հստակ օրենքներ կան աշխատանքի ու կյանքի բալանսը պահելու համար։ Օրինակ՝ մեր ստուդիայում աշխատանքային գրաֆիկն ազատ է: Չկա առավոտյան 9-ին գրասենյակում լինելու պարտադիր պահանջ: Թիմը գալիս ու գնում է, երբ ցանկանա, սակայն բոլորը միշտ պահում են իրենց վերջնաժամկետները:

photo © Popok Animation


Միեւնույն ժամանակ կիրակի աշխատելն արգելված է: Ով փորձեց կիրակի օրով գրասենյակ գալ, կտուգանվի (ծիծաղում է՝ խմբ.)։ Նույնիսկ երեկոյան 19։00-ից հետո գրասենյակում մնալը կամ գիշերն աշխատելն ընդունված չէ։ Կարեւորում ենք թիմի առողջությունն ու գործից դուրս կյանքը։

photo © Popok Animation

photo © Popok Animation


Խրախուսում ենք նաեւ ուսումը. միշտ պատրաստ ենք ֆինանսավորել թիմակիցներին տարբեր կրթական ծրագրերին մասնակցելիս՝ անգլերենի դասերից մինչեւ որակավորումը բարձրացնող անիմացիայի կուրսեր։

Առաջիկա ծրագրեր

2023 թվականին Գյումրուց ու Երեւանից բացի, Վանաձորում ընդլայնվելու ծրագրեր ունենք։

Ամերիկյան ու կանադական շուկաներում աշխատանքի փորձ արդեն ունենք, այժմ քայլեր ենք անում եվրոպական շուկա դուրս գալու ուղղությամբ։ Եվրոպական ընկերությունների հետ աշխատելու համար կարեւոր է հենց այդ տարածաշրջանում փորձ ունենալը, ամենադժվարն առաջին վստահությունն է, մնացածն արդեն հընթացս կստացվի։

Նունե Գրիգորյան