17:34 | 06.12.22 | Հոդվածներ | exclusive 8092

IT ոլորտից ծնված «Հենքը» սովորեցնում է սիրել գրականությունը

«Հենք» հարթակն ինտերակտիվ եղանակով ներկայացնում է հայ գրականությունը երիտասարդներին: Հարթակի նպատակն արդիական նվաճումները մեկտեղելն է ավանդական, փորձված մեթոդներին։ Նախագիծը կազմվել է 7-12-րդ դասարաններում սովորողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ գրականությամբ։

Հարթակը ներկայացնում է հայ գրողների կենսագրությունը, ինչ ազդեցություն են ունեցել այլ ոլորտների վրա, հետաքրքիր պատմությունները, նրանց մասին ասույթներ և այլն: Արտադրում են նաև նոթատետրեր, որոնք պատանիներն իրենց ձեռքով են լրացնում: Դրանցում կան գրողների պատկերներով, անուններով պիտակներ, որոնցից յուրաքանչյուրի վրա՝ QR կոդ. դրանով երեխան կարող է մուտք գործել «Հենք» հարթակի՝ տվյալ գրողի բաժին և հավելյալ տեղեկատվություն ստանալ: Գաղափարի հեղինակը IT ընկերությանում պրոջեքթ մենեջեր Ելենա Սարաֆյանն է, ով Itel.am-ին պատմել է հարթակի ստեղծման ու զարգացման մասին։

Գաղափարի «ծնունդը»

Գաղափարն առաջացավ, երբ Ելենա Սարաֆյանը նկատեց ազգային արժեքների նկատմամբ պատանիների հետաքրքրության շարունակական նվազումը: Անհրաժեշտ էր ստեղծել մի հարթակ, որը կամրջի պես կպահպաներ այդ կապը:

Նախագծի հեղինակ Ելենա Սարաֆյանը Նախագծի հեղինակ Ելենա Սարաֆյանը
photo © անձնական արխիվ


«Շատ հաճախ դպրոցներում գրականության նյութերը անցնելիս ուսուցիչները հանձնարարում են հավելյալ տեղեկատվություն որոնել գրողի կյանքի, այլ աշխատությունների վերաբերյալ: Սակայն, այդ տեղեկություններն այնքան շատ են, որ պատանիները խճճվում են դրանց մեջ, չեն հասկանում, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Իսկ եթե անգամ գտնում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, չեն կարողանում դրանք վերլուծել: Այդպես՝ նրանք դժվարանում են կամ հաճույքով չեն կատարում հանձնարարությունները, և հետևանքը լինում է այն, որ կամաց-կամաց հեռանում են ազգային արժեքներից: Պատճառներից մեկն այն էր, որ մենք՝ մեծերս, բավարար ջանք չենք դնում ուսումնական պրոցեսը պատանիներին գրավիչ դարձնելու համար: Այդպես՝ որոշեցի, որ ինչ-որ բան է պետք նախաձեռնել, որովհետև պատանիներին՝ հատկապես այս դարի, չես կարող ոչինչ ստիպել, պետք է նրանց մոտիվացնել»:

photo © «Հենքի» ֆեյսբուքյան էջից


«Հենք» հարթակը ոչ միայն անդրադառնում և ներկայացնում է գրականությունը, այլև այն կապում է արվեստին, աշխարհագրությանը, կինոարվեստին և այլ ոլորտների, ցույց է տալիս, թե յուրաքանչյուր գրող, բացի գրականությունից, ինչ ազդեցություն է ունեցել մշակութային այլ ոլորտների վրա:

«Մենք չենք հաղորդում միայն չոր գրականություն, համեմում ենք այն գրողների մասին հետաքրքիր պատմություններով, որպեսզի էլ ավելի հետաքրքիր դարձնենք պատանիների համար»,- ասում է Ելենա Սարաֆյանը:

Անվան ընտրությունը

«Հենք» անունը Ելենան երկար է փնտրել, անգամ, մասնագետների է դիմել:

«Քանի որ ամեն օր աշխատում եմ տվյալների բազայով և կիրառում տվյալների հենք, հանկարծ մտածեցի՝ ինչո՞ւ անվանումը չլինի «Հենք»: Մեջս տպավորվեց այդ հենք բառը և նկատեցի, որ նույնիսկ շատ գեղեցիկ բառախաղ կարելի է ստանալ՝ մենք հենք ենք: Իսկ հենքը՝ որպես արմատ նշանակում է հիմք: IT ոլորտին կապելով՝ այն դառնում է տվյալների հենք, բայց դրա հետ մեկտեղ մեր հայրենիքի հենքը ազգային արժեքներով կրթված երեխաներն են»:



Առաջին դժվարությունները

«Հենք» նախագիծը Ելենան ստեղծել է միայնակ՝ իր սեփական միջոցներով, խնայողություններով․«Մտածում էի, որ եթե անգամ երեխաների ընդամենը 10 տոկոսն օգտվի հարթակից, ես կհամարեմ, որ հաջողության եմ հասել»:

Աշխատանքը բարդ է եղել նաեւ նոթատետրերի տպագրության փուլում։

«Որակյալ արտադրանք ստեղծելու համար այնքան էի այցելել տպարաններ, որ բոլորն ինձ արդեն գիտեին: Նոթատետրերը ստեղծելու ընթացքում և վերջում բոլորն ամեն ինչ անում էին օգնելու համար: Բայց հիմա էլ, երբ որոշակի ժամանակ արդեն անցել է, միևնույնն է, դժվարությունները կան, որովհետև ամեն փուլ ունի իր դժվարությունները, որոնք հարկավոր է հաղթահարել»:

 «Հենք» ընտանիքը

Հարթակի անդամները մինչ դրա ստեղծվելը իրար չէին ճանաչում, բայց ինչ-որ ձգողականության ուժով Ելենա Սարաֆյանը գտել է նրանց։ «Հենք» ընտանիքը բազմանդամ է՝ սկսած Ելենա Սարաֆյանի երեխաներից, նրանց համադասարանցիներից մինչև գլխավոր խմբագիր, գրականության մասնագետներ, ծրագրավորողների թիմ, դիզայներներ և այլն: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերն «ընտանիքում»՝ մեկը կայքի գույնն ու ձևավորումն է որոշում, մյուսը՝ թեմաները, երրորդը՝ խմբագրում է և այլն, բայց նրանց մեջ հատկապես կարևոր են երեխաները. չէ՞ որ հարթակը ստեղծված է իրենց և իրենց հասակակիցների համար:

Հարթակն այնպես են ձևավորել, որ այն երեխաների համար հարմար լինի և չհոգնեցնի:

«Երբ սկզբում հասկացա, թե ինչ ֆորմատով եմ ուզում, որ «Հենք»-ը լինի, հավաքեցի երեխաներիս և նրանց ընկերներին, թեմաները տվեցի նրանց և ասացի, որ սկսեն աշխատել: Հիմա էլ անընդհատ իրենց հետ խորհրդակցում ենք հարթակի հետ կապված յուրաքանչյուր մտահաղացում իրագործելիս»,- ասում է Ելենան:

Գրականության ինտերակտիվ նոթատետրերը

«Հենք» նոթատետրերի ստեղծման պատճառն այն է, որ հայ գրականության դասընթացը դպրոցում բաժանված է փուլերի, դասագրքերը ամեն տարի վերադարձվում են դպրոցին, իսկ գրականության տետրերը հաճախ փոխվում են, և դրանց պատճառով աշակերտների գիտելիքները դառնում են կցկտուր, չհամակարգված։

Պատանիները գրականության այս փոքրիկ հուշատետրերը լրացնում են իրենց ձեռքով, ինչը նշումները միշտ վերհիշելու, հայ գրականության պատմության մասին ամփոփ պատկեր ձևավորելու հնարավորություն է տալիս: Տետրերը նախատեսված են երեքից հինգ տարվա համար: Նոթատետրում ընդգրկված է 7-12-րդ դասարանների ծրագրով նախատեսված գրողների մեծ մասը։

photo © «Հենքի» ֆեյսբուքյան էջից


«Նոթատետրեր ստեղծելու գաղափարը առաջացավ, երբ նկատեցի, որ երեխաներս ուշադրություն են դարձնում հետաքրքիր տետրերին, ընդգծումներ անելուն: Հետո հիշեցի մանկությունս, որ ունեցել եմ գրականության տետր, որը շատ գեղեցիկ էր: Թեև դժվարությամբ, բայց մի տեղից գրողների նկարներ էի գտնում և փակցնում դրա մեջ: Գիտեի, որ այս դարի երեխաները դժվար թե նման բաներ անեն, և որոշեցի, որ կարելի է ստեղծել նոթատետրեր՝ պիտակներով, հետաքրքիր բաժիններով:  Երբ երեխա նոթատետրն իր ձեռքով, իր մտքերով, իր ուզած ձևով ձևավորում է, ամրապնդում է իր գիտելիքները: Ամեն գրողին հատկացված է 4 էջ: Տետրը լրացնելուց հետո այն դառնում է գրականության մասին երեխայի՝ իր ձեռքով լրացրած փոքրիկ հուշատետրը, որը կարող է պահել երկար տարիներ: Նոթատետրի մեջ ամեն գրողի համար QR կոդեր կան, որով  երեխան  կարող է մուտք գործել կայքում տվյալ գրողի բաժին և ստանալ հավելյալ տեղեկատվություն: «Հենք» նոթատետրերի նպատակը մեկն է՝ որ անգամ գրականությամբ չհետաքրքրվող երեխան, տեսնելով, որ այսպիսի տետր կա, մոտիվացվի և աշխատի»:

photo © «Հենքի» ֆեյսբուքյան էջից


Յուրաքանչյուր գրողի համար կան համապատախան բաժիններ՝ կենսագրություն, ընդհանուր բնութագիր, ստեղծագործություններ, ասույթներ, թևավոր խոսքեր, հետաքրքիր պատմություններ, տվյալ գրողի ազդեցությունը այլ ոլորտների վրա: Այս ողջ տեղեկատվությունը երեխան կարող է գտնել Henq.am կայքում, բայց նոթատետրը կարող է լրացնել՝ նաև այլ տեղերից օգտվելով:

Նոթատետրում կա նաև ստեղծագործման բաժին, որովհետև դպրոցներում նաեւ շարադրություններ են հանձնարարում:

«Առաջին վեց թեմաները մենք ենք առաջարկում, որոնցից ամեն մեկը կոնկրետ ինչ-որ թեմայի անդրադարձող բանաստեղծության է առնչվում: Օրինակ՝ առաջինը Դանիել Վարուժանի բանաստեղծությունն է, որը փառաբանում է աշխատանքը, արարման և դրանից արդյունք ստանալու հաճույքը, մարդու լավ գործ կատարելը, մի լավ բան ստեղծելու ցանկությունը, աշխատասիրությունը: Սրանով է սկսվում, որպեսզի երեխայի մեջ ծնվի ինչ-որ լավ բան ստեղծելու ցանկությունը: Եվ վերջում հնչում է հարցը՝ արդյոք դու երբևէ զգացե՞լ ես բերկրանք ինչ-որ բան ստեղծելիս, անելիս: Մյուս թեմաներն են բնապահպանությունը, ընկերասիրությունը, մայրենի լեզուն, հայրենիքը և սերը: Եվ ամեն մեկի համար կա կոնկրետ բանաստեղծություն: Այս վեց թեմաներից հետո երեխաները կարող են գրել դպրոցական շարադրությունները: Կա նաև բառարան բաժինը, որտեղ երեխաները կարող են գրել ստեղծագործության մեջ եղած անծանոթ բառերը», - բացատրում է Ելենան:

Նոթատետրից բացի՝ արտադրում են նաև պայուսակներ, բայց ոչ միայն գրողների պատկերներով, այլև հետաքրքիր պատմություններով: Եթե նոթատետրի հիմանական նպատակը երեխաների մոտ գրելու սովորությունը զարգացնելն է, ապա պայուսակների նպատակը կարդալուն մղելն է:

photo © «Հենքի» ֆեյսբուքյան էջից


Հետագա ծրագրերը

Թիմը շատ գաղափարներ ունի, բայց դեռևս փուլերով են դրանք կատարում: Ուզում են նոթատետրերի համար նոր պիտակներ ստեղծել՝ թևավոր խոսքերով, հայկական զարդանախշերով:

«Ցանկանում ենք կայքը դարձնել հեռախոսային հավելված: Նախատեսում ենք ստեղծել նաև թեստեր, խաղեր: Դրանք կօգնեն երեխայի անցած գրական թեմաներն էլ ավելի ամրապնդելուն: Պետք է ստեղծվի նաև առցանց զրուցարան: Ճիշտ է, կայքում հիմա էլ կատարվում են քննարկումներ, բայց դա եւս ուզում ենք զարգացնել։  Հետագայում գրականությունից բացի կանդրադառնանք նաև պատմությանը, որ երեխաներն իմանան մեր պատմական անցյալը»,- ամփոփում է Ելենա Սարաֆյանը:

Երջանիկ Հարությունյան