09:57 | 30.12.22 | Հոդվածներ | exclusive 3896

ARmina-ի անիմացված նվերներն ու AR տեխնոլոգիայով կախարդանքը

Արմինե Ղազարյանը «կախարդանք» է ստեղծում՝ պատրաստելով նվերներ, որոնք հատուկ տեխնոլոգիայի միջոցով կյանք են ստանում։ Շապիկները, բարձերը, նոթատետրերն ու մյուս նվերները սկսում են «կենդանանալ», երբ հատուկ հավելվածի սքաները պահում են դրանց վրա։
 
Armina անիմացված նվերներ ընկերության հիմնադիրը iTel.am-ին պատմել է անժամկետ օգտագործվող անիմացված նվերների, կրթական պրոդուկտ պատրաստելու եւ դրանցով Հայաստանն արտերկրում ներկայացնելու ծրագրերի մասին։

Շուկա մուտքը՝ անիմացված բարձերով

Կրթությամբ մարքեթինգի եւ վաճառքի մասնագետ եմ, բայց արդեն 8 տարի է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եմ։ Լրացված իրականության եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով զբաղվող ARLOOPA ընկերության առավել կարեւոր նախագծերի ղեկավարն եմ։ Հիմնականում զբաղվում եմ լրացված իրականության նախագծերով։

Արմինե Ղազարյանը Արմինե Ղազարյանը
photo © Մեդիամաքս


Armina անիմացված նվերների գաղափարն առաջացավ նախորդ տարի։ Դրանից մեկ տարի առաջ, որպես պիլոտային նախագիծ, անիմացված բաժակներ էինք պատրաստել, հասկանալու, թե ինչպես է շուկան արձագանքում։ Ընթացքում կորոնավիրուսային համավարակը եղավ եւ այդ գաղափարը սառեցվեց։

Արմինե Ղազարյանը Արմինե Ղազարյանը
photo © Մեդիամաքս


Ես ամբողջ դրույքով ARLOOPA-ում եմ աշխատում, բայց քանի որ տնօրենը դեմ չէր, որ ակտիվ ներգրավվեմ մեկ ուրիշ բիզնեսի զարգացման մեջ, որոշեցի սկսել այդ բիզնեսը։ Իմ երկու աշխատանքը փոխլրացնում են միմյանց եւ առաջ մղում. տեխնոլոգիան օգտագործում եմ եւ պրոդուկտի վերածում, իսկ պրոդուկտից օգտվող մարդիկ ներբեռնում են ARLOOPA հավելվածը։

Շուկա մուտք գործեցի սիրահարների տոնին ընդառաջ եւ առաջին փորձը հաջողությամբ պսակվեց։ Առաջին պրոդուկտը անիմացված բարձերն էին։

photo © Մեդիամաքս


Դրանց վրա պատկերված նկարը տեսել էի մի լավ նկարչի էջում եւ տպավորություն էի ստացել, որ այն շատ խոսուն է, պետք է կենդանացնել։ Կապ հաստատեցի նկարչի հետ, ձեռք բերեցի դիզայնը, գտա անիմատորի, տվեցի սցենար եւ դրա հիման վրա սկսեցինք աշխատել։ Ստեղծվեց անիմացիան, ակտիվացրեցինք ARLOOPA-ի միջոցով, ապա գտա գործընկեր, ով կպատրաստեր բարձեր։

Երաժշտությունն էլ Տիգրան Մանսուրյանինն է՝ «Սիրո մեղեդին»։ Նրա հետ էլ կապ հաստատեցի՝ հեղինակային իրավունքը պահելու համար, մեծ սիրով համաձայնեց։

Ստեղծել կախարդանք

Անիմացված նվեր պատրաստելու համար առաջին հերթին ընտրում եմ դիզայնը, հետո որոշում եմ, թե ինչպես է կարելի կենդանացնել եւ ստեղծում ենք անիմացիան։

photo © Մեդիամաքս


Երբ անիմացիաները պատրաստ են լինում՝ պատկերը եւ տեսանյութը ներբեռնվում են համակարգ եւ կցվում միմյանց, ու երբ հավելվածի սքաներով պահում են նկարի վրա, տեսախցիկը ճանաչում է պատկերն ու բերում տվյալ նկարին կցված բովանդակությունը։

Նկարները, որոնք ընտրվում են նախապես, թեստավորվում է դրանց ճանաչելիությունը։ Եթե պատկերը ճանաչելի չլինի՝ բովանդակությունը կարող է թրթռալ։ Եթե թեստավորումը ցույց է տալիս, որ պատկերը ճանաչելի է, ապա այն կարող ենք օգտագործել։

Տեսնելով օրինակները՝ մարդիկ հարցնում են՝ «կարո՞ղ եմ իմ նկարով անիմացիա ունենալ»։ Իմ ծանոթ աղջիկներից մեկը, օրինակ, իր քրոջն առաջարկել էր ունենալ անիմացված հարսանեկան տարոսիկներ։ Այս դեպքում լրացուցիչ փուլ առաջացավ. վերցրեցինք նրանց լուսանկարները, դրանց հիման վրա մուլտային կերպարներ ստացանք, հետո անիմացրեցինք եւ վերածեցինք տարոսիկների։ Վերջերս էլ իմ հարսանիքն էր եւ կտավների վրա տպեցինք անիմացված տարոսիկներ։

Թանգարանի հետ համագործակցությունը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ գեղեցիկ համագործակցություն ունենք։ ARLOOPA-ի նախագծերի շրջանակում կենդանացրել ենք թանգարանի մոտ գտնվող «սթրիթ արտը»։ Երբ սկսեցի անիմացված նվերների գործը՝ միտք առաջացավ, որ կարելի է թանգարանին առաջարկել պրոդուկտների վերածել այն կոնտենտը, որն արդեն պատրաստի է, որովհետեւ իմ գործում ամենաարժեքավորը, ժամանակատարն ու ծախսատարը անիմացիոն կոնտենտ ստեղծելն է։

photo © Մեդիամաքս


Թանգարանի տնօրինությունը սիրով ընդունեց առաջարկը եւ հիմա ունենք անիմացված նոթատետրեր եւ նոտայի տետրեր, ինչպես նաեւ՝ շապիկներ, որոնք վաճառքի են ներկայացված թանգարանում։

Արմինե Ղազարյանը Արմինե Ղազարյանը
photo © Մեդիամաքս


Armina-ն այժմ ունի անիմացված նոթատետրեր, բաժակներ, շոկոլադ, բարձ, շապիկ, հուդի։ Եթե որեւէ մեկը անիմացված այլ պրոդուկտ ուզի՝ կարող ենք անել։ Կարելի է ցանկացած մակերեսի վրա տպել լուսանկարը եւ անիմացիան նույն ձեւով կաշխատի։

Կրթելու, հետո միայն վաճառելու պրոցեսը

Այս պրոցեսում նաեւ կոմունիկացիան է շատ կարեւոր։ Շփման ընթացքում՝ հարցերի միջոցով, կարողանում եմ բացահայտել կարիքը, հետո նաեւ ճիշտ նվեր առաջարկել։

Այստեղ ցանկացած գաղափար կարելի է իրականացնել՝ հումորային բովանդակությունից սկսած մինչեւ ամենալուրջ ուղերձը։ Տեխնոլոգիան լավ գործիք է ինֆորմացիան շուկա հասցնելու, մարքեթինգային արշավներում օգտագործելու համար եւ այլն։

photo © Մեդիամաքս


Պատրաստի պրոդուկտն ու նորը անհատական ստեղծելը գնային առումով շատ տարբեր են։ Երբ մի պատկեր վերցնում ու ծրագրավորում ես, կարողանում ես հետո տարբեր ձեւերով օգտագործել, արված ծախսերը բաշխել պրոդուկտների միջեւ, իսկ զրոյից ստեղծելու համար յուրաքանչյուր վայրկյանը գումար է։

Եթե մեկը պատրաստ չէ ներդրում անել, որպեսզի զրոյից անիմացիա ստեղծվի՝ կարող ենք վերցնել պատրաստի օրինակ եւ հակառակ կողմում տպել լոգոտիպ կամ ցանկացած պատվեր եւ գոյություն ունեցող անիմացիան ինչ-որ չափով անհատականացնել։

Անժամկետ նվերները

Նվերներն այնքան ժամանակ հնարավոր կլինի օգտագործել, որքան համակարգում ակտիվ կլինեն: Եթե, ենթադրենք, պատկերը մի փոքր մաշվի, համակարգը դեռ կշարունակի ճանաչել պատկերը, եթե անգամ մի կողմը փակենք, կճանաչի։

Անիմացված նվերներն ուզում եմ հարստացնել կրթական բովանդակությամբ։ Օրինակ, կարող ենք ստեղծել նոթատետրեր, որոնք դպրոցներում կտրամադրեն աշակերտներին, կարող է լինել շարք՝ հայ մեծերով, պատմամշակութային կոթողներով եւ այլն։

photo © Մեդիամաքս


Տուրիզմի ոլորտի իմ ընկերները շատ են ասում, որ լավ կլինի, եթե անիմացված պրոդուկտ լինի այն վայրերի թեմայով, ուր այցելում են զբոսաշրջիկները։ Սա ահռելի աշխատանք կպահանջի, որովհետեւ ձայնագրություններն է պետք անել գոնե երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, հետո պետք է հասկանանք, թե բովանդակությունն ինչ տարբերակով է ավելի հարմար ներկայացնել։

Մեծ առաքելությունը

Ես հավատում եմ, որ իմ մեծ առաքելությունն այս պրոդուկտներն արտահանելն է՝ Made in Armenia շեշտադրմամբ, որպեսզի կարողանամ Հայաստանն իմ պրոդուկտներով ճանաչելի դարձնել։ Գուցե իմ մի փոքր մասն եմ պատկերացնում, բայց գոնե այդ մասով կկարողանամ իմ երկիրը դրսում դիրքավորել որպես նորագույն տեխնոլոգիական լուծումներ կիրառող, պրոդուկտներ ստեղծող։

2023 թվականին արդեն պետք է սկսեմ աշխատել կրթական կոնտենտի վրա, վստահ եմ, որ կսիրվի։ Նոր ուղղություն է, ծնողների համար էլ հետաքրքիր կլինի, որ սմարթֆոններին շատ ժամանակ տրամադրող երեխաները կարողանան ճիշտ ուղղվածությամբ օգտագործել այդ գործիքները։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի