15:01 | 13.12.22 | Նորություններ | 2264

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի հաղթողները

Դիլիջանում տեղի է ունեցել «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝ խելացի ագարակում» խորագիրը։

Մասնակցության հայտ ներկայացրած 130 թիմից եզրափակիչ փուլում էր 39 թիմ Հայաստանի (ներառյալ՝ Արցախը) «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներից, Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից եւ Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջից։

Կրտսեր տարիքի դպրոցահասակների (10-13տ․) մրցույթում 1-ին տեղը զբաղեցրել է BeeMath խումբը (Բերդի թիվ 3 դպրոցի «Արմաթ» ճ/ա), 2-րդ տեղում էր «Այգուտ» խումբը (Այգուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճ/ա), 3-րդ տեղում՝ GDL 1 խումբը (Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամ)։

Միջին տարիքի դպրոցահասակների (14-17տ․) մրցույթում 1-ին տեղը զբաղեցրել է SmartFarmer խումբը (Երեւանի ինֆորմատիկայի պետքական քոլեջ), 2-րդ տեղում GDL 2 խումբն էր Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից, իսկ 3-րդ տեղում՝ «Գանձակցիներ» խումբը՝ Գանձակի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։

Մասնագիտացված թիմերից հաղթող է ճանաչվել Information technology in Talin խումբը՝ Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։

Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր խմբերը ստացել են դրամական եւ խրախուսական պարգեւներ։

Խրախուսական մրցանակներ են ստացել նաեւ Scorpion-22 խումբը՝ Գյումրու «Դեպի Առաջ» երեխաների կենտրոնի «Արմաթ» ճ/ա-ից եւ ForFut խումբը՝ Գոշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։ Անհատական խրախուսական մրցանակ է ստացել նաեւ «Ֆիզմաթ» խմբի անդամ Գոռ Միրզոյանը։

Մրցույթի կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ), գլխավոր հովանավորը՝ ԿԳՄՍ նախարարությունը, հովանավորը՝ Ակբա բանկ։ Գործընկերներն են ԶիգԶագը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Դիլիջանի կենտրոնական դպրոցը։

2008 թվականից ի վեր իրականացվող «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրաքանչյուր տարի իրականացվում է տարբեր ձեւաչափերով։ Մրցույթի կարեւորագույն նպատակներն են բացահայտել եւ խրախուսել փորձառու հայ մասնագետներին եւ զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում։