12:21 | 13.12.22 | Նորություններ | 3044
Դեկտեմբերի 10-11-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում անցկացվել է կիբերանվտանգության Capture the Flag 2022 ամենամյա մրցույթը։
20-ից ավելի թիմ 24 ժամվա ընթացքում մրցել են միմյանց հետ, գտել բազմապիսի խոցելիություններ, հետազոտել վիրուսներ ու վնասակար այլ ծրագրեր եւ հաղթահարել այլ խնդիրներ, որոնք ծագում են կիբերանվտանգության ոլորտում։
Sahnackers թիմը, հավաքելով ամենաշատ «դրոշները», դարձել է մրցույթի հաղթող, իսկ Webb Fontaine ու BearAnonymuous թիմերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ 2-րդ եւ 3-րդ տեղերը:
«Ավանդույթը չխախտելով՝ այս տարին եւս եզրափակում ենք Capture the Flag կիբերանվտանության մրցույթով, որը բաց էր բոլոր հետաքրքրված մասնագետների համար։ Տարեցտարի այս մրցույթը դառնում է կիբերանվանգության մասնագետների սպասված միջոցառումը, եւ արդեն այս տարի ունեինք 90-ից ավելի սպիտակ գլխարկով հաքեր, որոնք մասնակցել են մրցույթին՝ ցուցադրելով իրենց հաքերային հմտությունները», - նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Սայհաբ Հայաստան/Cyhub Armenia» ծրագրի ղեկավար Մարի Բարսեղյանը։
Մրցույթն անցկացվում էր Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարություն աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող CyHub Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գործընկերներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Իլուրիա Սեքյուրիթին եւ Հեքսենսը։