11:42 | 06.12.22 | Նորություններ | 7124
Ամերիկյան OpenAI ընկերությունը ներկայացրել է ChatGPT եզակի չաթբոտը, որը հասցրել է տպավորել փորձագետներին իր գրելու ունակությամբ, բարդ առաջադրանքների կատարման հմտությամբ և հեշտ օգտագործելիությամբ:
Ներկայացնում ենք, թե որն է ChatGPT-ի ֆենոմենը և թե կարող է արդյոք այն փոխարինել մարդուն։
Ի՞նչ է ChatGPT AI բոտը:
ChatGPT-ը երկխոսության վրա հիմնված արհեստական բանականության նախատիպ է, որը կարող է հասկանալ մարդկային լեզուն և ստեղծել տպավորիչ ու մանրակրկիտ գրավոր տեքստ:
GPT-ին կամ Generative Pre-Trained Transformer-ը տեքստ ստեղծող AI-ների ընտանիքի վերջին էվոլյուցիան է: AI ռոբոտ ChatGPT-ն ապշեցնում է ակադեմիկոսներին էսսե գրելու հմտություններով:
Ո՞վ է այն ստեղծել:
ChatGPT-ն Իլոն Մասկի հիմնած անկախ հետազոտական մարմնի՝ OpenAI հիմնադրամի մշակած չաթբոտն է: Մասկը հիմնել է OpenAI-ը 2015-ի վերջին Սիլիկոնյան հովտի այլ ներդրողների հետ, այդ թվում՝ տեխնոլոգիական վենչուրային կապիտալիստ Սեմ Ալթմանի։
Ինչպե՞ս է այն աշխատում։
Համակարգը, որը վերապատրաստվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման միջոցով, նախատեսված է խոսակցական ինտերֆեյսի միջոցով տեղեկատվություն տրամադրելու և օգտատերերի հարցերին պատասխանելու համար:
AI-ն ուսուցանվում է համացանցից վերցված տեքստային հսկայական տվյալներով:
OpenAI-ն ասում է, որ նոր AI-ն ստեղծվել է` կենտրոնանալով օգտագործման հեշտության վրա: «Երկխոսության ձևաչափը հնարավորություն է տալիս ChatGPT-ին պատասխանել հարցերին, ընդունել իր սխալները, վիճարկել սխալ նախադրյալները և մերժել անպատշաճ հարցումները»,- ասվում է հետազոտական մարմնի հայտարարությունում:
Ինչպե՞ս կարող է այն օգտագործվել:
Վաղ օգտատերերը տեխնոլոգիան նկարագրել են որպես Google-ի այլընտրանք, քանի որ այն ի վիճակի է նկարագրություններ, պատասխաններ և լուծումներ տալ բարդ հարցերի՝ ներառյալ կոդ գրելու եղանակները, օպտիմալացման հարցումները լուծելը և այլն:
Իրական ժամանակում դիմումները կարող են ներառել կայքերի համար բովանդակություն ստեղծելը, հաճախորդների հարցումներին պատասխանելը, առաջարկությունների տրամադրումը, ինչպես նաև ավտոմատացված չաթբոտերի ստեղծումը:
«Շուտով դուք կկարողանաք ունենալ օգտակար օգնականներ, որոնք կխոսեն ձեզ հետ, կպատասխանեն հարցերին և խորհուրդներ կտան։ Հետագայում դուք կարող եք ունենալ մի բան, որն առաջադրանքներ է կատարում ձեզ համար, նոր գիտելիքներ է բացահայտում»,- ասել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը:
Կարո՞ղ է ChatGPT-ն փոխարինել մարդկանց:
Կարծիքներ են հնչում, որ բովանդակություն ստեղծելուց կախված մասնագիտությունները կարող են հնանալ, ներառյալ ամեն ինչ՝ դրամատուրգներից և դասախոսներից մինչև ծրագրավորողներ և լրագրողներ:
Հրապարակման օրվանից գիտնականները պատասխաններ են գեներացրել քննական հարցումներին, որոնք, ըստ նրանց, կհանգեցնեն բակալավրիատի լիարժեք գնահատականների։ Ծրագրավորողները գործիքն օգտագործել են կոդավորման մարտահրավերները մի քանի վայրկյանում լուծելու համար:
Մարդու նման գրավոր տեքստ ստեղծելու ունակությունը հուշում է, որ տեխնոլոգիան կարող է փոխարինել լրագրողներին:
Այնուամենայնիվ, իր ներկա փուլում չաթբոտը չի տիրապետում շատ նրբությունների, քննադատական մտածելակերպ կամ որոշումներ կայացնելու էթիկական ունակություններ չունի, որոնք էական են հաջող լրագրության համար:
Նրա ներկայիս գիտելիքների բազան ավարտվում է 2021 թվականին՝ անօգուտ դարձնելով որոշ հարցումներ և որոնումներ:
ChatGPT-ն կարող է նաև ամբողջովին սխալ պատասխաններ տալ և ապատեղեկատվությունը ներկայացնել որպես փաստ՝ գրելով «հավանական հնչող, բայց ոչ ճիշտ կամ անհեթեթ պատասխաններ»,- ընդունում է OpenAI ընկերությունը։
OpenAI-ն ասում է, որ այս խնդրի շտկումը դժվար է, քանի որ չկա ճշմարտության աղբյուր այն տվյալների մեջ, որոնք նրանք օգտագործում են մոդելի ուսուցման ընթացքում, և մարդու կողմից վերահսկվող ուսուցումը կարող է նաև ապակողմնորոշիչ լինել, որովհետև իդեալական պատասխանը կախված է նրանից, թե ինչ գիտի մոդելը, այլ ոչ թե այն, ինչ գիտի մարդը։