16:23 | 05.12.22 | Նորություններ | 1715
Ամփոփվել են դեկտեմբերի 3-ից 4-ը կայացած «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի արդյունքները և հայտնի են հաղթողները։
Հեքըթոնի ընթացքում մասնակից 21 թիմերը ներկայացրել են փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով իրենց մշակած նախագծերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին, առկա և առցանց թիմերի ներկայացումների, ինչպես նաև հարցուպատասխանի հիման վրա, որոշում է կայացրել։
Հեքըթոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 15․000 ԱՄՆ դոլար, որը հավասարապես տրամադրվել է հետևյալ հաղթող թիմերին․
• The Empty Space թիմը ծրագրում է ստեղծել ուսուցման օնլայն հարթակ, որտեղ պարզ տեքստով կպատմվի ապատեղեկատվության մասին և կօգնի մարդկանց լինել մեդիագրագետ, իսկ ստացված գիտելիքները կստուգվի ինտերակտիվ խաղերի օգնությամբ։
• CSharks թիմը, թիրախավորելով 10-16 երեխաների տարիքային խումբը, մտադիր է նրանց ներկայացնել արկածային պատմություն կոմիքսների միջոցով։ Պատմության զարգացումը շարունակվելու է խաղերի տեսքով, որոնք էլ երեխաներին կսովորեցնեն մեդիագրագիտություն։
• «Մեդիա տեղակալ» թիմը նախատեսում է ստեղծել մեդիագրագիտության տեղեկատվական-կրթական վեբ-կայք՝ 15-ից բարձր տարիքային խմբի համար, ինտերակտիվ-կրթական խաղ՝ մինչև 15 տարեկան երեխաների համար, արհեստական ինտելեկտ՝ կեղծ նյութերի հավաստիության վերիֆիկացման համար։
Հեքթոնը կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում։