13:52 | 01.12.22 | Նորություններ | 2581

10 միլիարդ դրամ աջակցություն կհատկացվի ՏՏ ոլորտին

ՀՀ կառավարությունն ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

«Ներկա որոշմամբ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաեւ արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։

Նախագծի նպատակն է նաեւ ժամանակային հնարավորություն տալ բիզնեսներին իրենց մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարեցման եւ համաշխարհային ՏՏ ոլորտի բարդություններին դիմակայելու համար։

Տրամադրվող պետական աջակցության չափը նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 10 միլիարդ դրամ։ Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռի պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացվելու եւ ապագայում զարգանալու համար»,- կառավարության նիստի ընթացքում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է ՏՏ ոլորտի կազմակերպությունների, դրամի արժեւորման եւ արտարժույթի արժեզրկման հետեւանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաեւ Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։