17:37 | 28.11.22 | Նորություններ | 1620

Մինչեւ 2028 թվականը նախատեսվում է տիեզերք արձակել հայկական եւս երկու արբանյակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվությունը։

Անդրադարձ է կատարվել Գլոբալ ինովացիոն ցուցիչով Հայաստանի վարկանիշին, արձանագրված դրական եւ բացասական ցուցանիշներին: Ներկայացվել է ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, մասնավորապես՝ «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրին, որի շրջանակում լավագույն նախագծեր ներկայացրած նորաստեղծ ընկերություններին պետության կողմից տրամադրվում են դրամաշնորհներ։  

Նշվել է, որ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ:

ՏՏ մի շարք ընկերություններ բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացիկ տարում ներգրավվել են միջին եւ բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակցի: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի:

Օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր:

Հեռահաղորդակցության եւ կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռեւս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետեւ անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանում բազային եւ շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախատեսվում է մինչեւ 2026 թվականը ՀՀ բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ եւ պետական թվային ծառայությունների հասանելիություն:

Տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի շարքում ընդգծվել է այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը։ Պատասխանատուները նշել են, որ մինչեւ 2028 թվականը նախատեսվում է տիեզերք արձակել հայկական եւս երկու արբանյակ: 2023 թվականին Հայաստանում ծրագրում են ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբերանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաեւ տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: