15:14 | 28.11.22 | Նորություններ | 12630
Վիվա-ՄՏՍ-ն ակտիվորեն կիրառում է տեխնոլոգիական նորարարական լուծումներ՝ բջջային կապի հիմնական կայանների շահագործումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Արեւային էներգիայի վրա հիմնված «կանաչ» տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են թե՛բջջային կապի ենթակառուցվածքի արդիականացման, թե՛ սոցիալական նախագծերում։
Արեւային էներգիայի կիրառումը հատկապես կարեւոր է հեռավոր այնպիսի տեղանքներում, որտեղ չկա կենտրոնացված էլեկտրամատակարարում, ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմեռները եղանակային պայմանների պատճառով հաճախ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում դիզելային վառելիքը հասցնել կայան՝ ընդհուպ թրթուրավոր ծանր տեխնիկայի ներգրավումով:
Լեռնային տեղանքում տեղադրված` Վիվա–ՄՏՍ–ի կայանները բջջային կապ եւ ինտերնետ են տրամադրում հեռավոր, այդ թվում նաեւ՝ սահմանամերձ բնակավայրերի, ռազմավարական նշանակության օբյեկտների եւ տարանցիկ ճանապարհներին:
Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արեւային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող հիմնական 13 կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ. արեւային ֆոտովոլտային կայաններ եւ կուտակիչ մարտկոցներ: Ընդ որում՝ արեւային էներգիայով սնուցվող հիմնական կայաններից միայն երեքն է միացված էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգին։ Էլեկտրասնուցման արեւային համակարգը թույլ է տալիս ապահովել անխափան կապ, պակասեցնել արտանետումներն ու նվազեցնել տեխնիկական սպասարկման ծախսերը:
Ընդհանուր առմամբ՝ արեւային էներգիայի կիրառման շնորհիվ 2021թ. ընթացքում գործառնական ծախսերի տնտեսումը կազմել է այնքան գումար, որքան կպահանջվեր վճարել 140 հազար կՎտ-ժ էլեկտրական էներգիա սպառելու դիմաց: Տարեկան կտրվածքով բջջային կապի հիմնական կայաններում տեղադրված արեւային համակարգերն այժմ արտադրում են տարեկան 207,168 կՎտ-ժ էլեկտրաէներգիա։ Բացի այդ՝ արեւային էներգիա օգտագործելու շնորհիվ նաեւ նվազում են հիմնական կայաններ դիզվառելիքի առաքման ծավալները, ինչը նաեւ բավական ռեսուրսատար աշխատանք է: Տարեկան կտրվածքով Վիվա–ՄՏՍ–ը խնայում է մոտ 36,870 լիտր դիզվառելիք։
Բջջային կապի հիմնական կայանի էլեկտրասնուցման համար տեղադրված արեւային վահանակները զբաղեցնում են միջինում 100 քմ տարածք:
Հիբրիդային համակարգերով համալրված հիմնական կայաններում օրվա ցերեկային ժամերին էլեկտրասնուցումը կատարվում է արեւային էներգիայի շնորհիվ, իսկ մութն ընկնելուն պես՝ միանում են լիցքավորված մարտկոցները, անհրաժեշտության դեպքում հաջորդիվ՝ վթարային դիզելային շարժիչները: Հիմնական այն կայաններում, որոնք միացված են էլեկտրասնուցման կենտրոնացված համակարգին եւ որտեղ առկա են արեւային վահանակներ, կատարվում է էլեկտրական էներգիայի փոխանակում երկկողմանի հաշվիչի միջոցով․ ցերեկվա ժամերին արեւային էներգիայի ավելցուկը փոխանցվում է էլեկտրական ցանցերին, իսկ գիշերային ժամերին, ցերեկը փոխանցված էներգիան վերադարձվում է հիմնական կայանին։
«Ժամանակակից աշխարհը չի կարող հրաժարվել էլեկտրական էներգիայից՝ առնվազն այսօր։ Հիմնական կայանները, որոնք ապահովում են ձայնային ու ինտերնետ կապ, նույնպես աշխատում են էլեկտրական էներգիայով։ Վիվա-ՄՏՍ-ը, որպես տեխնոլոգիական ընկերություն, մեծ կարեւորություն է տալիս հիբրիդային կայանների ներդրմանը հատկապես այնպիսի վայրերում, որտեղ կապն անհրաժեշտ է, երկրորդը՝ կենտրոնացված էլեկտրասնուցումն այդտեղ հասանելի չէ։ Արեւային էներգիայից չի տուժում բնությունը, խնայվում են միջոցներ», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես՝ կապի ենթակառուցվածքն ու նորարարական տեխնոլոգիական լուծումները նպաստում են մյուս ենթակառուցվածքների զարգացմանը: Դրա վառ օրինակը FPWC հիմնադրամի կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում կառուցված հիմնական կայանն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 2300մ է: Վիվա-ՄՏՍ-ի հիմնական կայանը նույնպես համալրած է ֆոտովոլտային կայանով, որի արեւային վահանակները տեղադրել է FPWC հիմնադրամը: Վիվա-ՄՏՍ-ի կայանի հիմնական նպատակը անտառապահներին կապով ապահովելն է: Խոսրովի արգելոցն ու հարակից տարածքներն առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության եւ հազվագյուտ կենդանական աշխարհի համար:
3.5/4G կապի միջոցով ապաստարանից կառավարվող ջերմային տեսախցիկները շարունակաբար դիտարկում են տարածքը: Տեսախցիկի կադրերը պարբերաբար հաջողում են նկարահանել բազմաթիվ բեզոարյան այծեր, ինչպես նաեւ գայլեր, արջեր, լուսաններ, եւ նույնիսկ կովկասյան հովազ, որից, ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում դեռեւս միան 8-13 առանձնյակ են հաշվառել վերջին տարիների ընթացքում: Հիմնադրամի անձնակազմն իսկույն կարողանում է արձագանքել, եթե հազվագյուտ կենդանի է հայտնվում տեսախցիկի առաջ: Բացի այդ, որսագողերն ու տարածք ապօրինի մուտք գործած անձինք կարող են հայտնաբերվել եւ հետապնդվել: Տեսախցիկները նաեւ մեծ օգնություն են անտառային հրդեհների կանխման պայքարում․ ջերմազգայուն տվիչների միջոցով դրանք անմիջապես ահազանգում են աշխատակիցներին՝ հնարավոր հրդեհի առկայության դեպքում, ինչը թույլ է տալիս հնարավորինս արագ տեղեկանալ ու արձագանքել՝ կանխելով հրդեհների լայն տարածումը։ Դրանց կիրառումը, հատկապես, կարեւոր է անտառապահների համար դժվարանցանելի տարածքներում, որտեղ մարդկային մշտադիտարկումը առավել բարդ է իրականացնել։
Ապաստարանում նաեւ զարգանում է էկոտուրիզմը: Էկո-կենտրոնը ոչ միայն գիշերակացի վայր է զբոսաշրջիկների համար, այլ նաեւ հյուրընկալում է ուսումնասիրություններ կատարող գիտնականների: