14:15 | 28.11.22 | Նորություններ | 1580
Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել «Նորարարությունը գործնականում. մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության ֆորումը:
Միջոցառման նպատակն էր գնահատել հանրային ոլորտում նորարարների ջանքերն ու ձեռքբերումները, քննարկել ոլորտի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներն ու փոփոխությունները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ մասնագետների պատրաստման «ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված մասնագիտական դասընթացների բովանդակությունը մշակելիս նախարարությունն օգտվել է Կենտրոնի կողմից մշակված արհեստական բանականությամբ աշխատող «Edu2work» առցանց հարթակի արդյունքներից։
«Դեռեւս 2021թ․ Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ եւս մեկ անգամ վերահաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հանձնառությունը՝ առաջնորդելու թվային փոխակերպումը պետական կառավարման համակարգում, խթանելու հանրային ու մասնավոր ոլորտների միջեւ երկխոսության ամրապնդմանը, նպաստելու թվային տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը։
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։ «Հանրային ոլորտի նորարարությունը Հայաստանում» թեմայի շուրջ խոսել է ԿԶՆ նորարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը։
«Հանրային ոլորտի նորարարության հիմնական միտումներն եւ մարտահրավերները» թեման ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով կայացել է պանելային քննարկում։
Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կայուն զարգացման նպատակներ(ԿԶՆ) նորարարական կենտրոնը՝ ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ։