18:10 | 23.11.22 | Նորություններ | 12437
44-օրյա պատերազմից հետո վիրավորում ստացած զինվորների կտրուկ աճով պայմանավորված՝ «Զինվորի տան» շենքային պայմանները բավարար չեն անհրաժեշտ ամբողջ ծավալով տղաներին սպասարկելու համար: Վիվա-ՄՏՍ-ը զգալի գումար է նվիրաբերել քայլքի լաբորատորիայի, կինեզոթերապիայի եւ էրգոթերապիայի դահլիճների եւ ճաշարանի շինարարական աշխատանքներն սկսելու նպատակով: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան միաժամանակ առավել շատ զինվորի բարձրակարգ սպասարկում ապահովել:
Կինեզոթերապիայի եւ էրգոթերապիայի եղած դահլիճներն արդեն բավարար չեն՝ այս պահին վերականգնողական բուժման ցուցումով բոլոր զինվորներին միաժամանակ սպասարկելու համար: Շինարարությունից հետո դահլիճների թիվը կավելանա՝ նպաստելով շատերին օգտակար լինելու մասնագետների ձգտմանը:
Քայլքի լաբորատորիան հնարավորություն կտա 2D ձեւաչափով տեսնել եւ ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները: Դա կբարձրացնի վերականգնողական բուժման կուրսի արդյունավետությունը՝ ինչպես ստորին վերջույթների պրոթեզավորում, օրթեզավորում, այնպես էլ կենտրոնական, պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարում, ստորին վերջույթների վնասվածքներ, հենաշարժողական խնդիրներ ունեցող տղաների շրջանում:
«Կան ծրագրեր, որոնց կարեւորությունը գնահատվում է ոչ միայն հստակ չափելի արդյունքով, այլեւ չգրված՝ մարդկային արժեքներով: Սա մի համագործակցություն է, որն սկսվել է վիրավորում ստացած զինվորների մոտ պատերազմի հետեւանքները հնարավորության սահմաններում մեղմելու ձգտումից: Մեկ օրում ամբողջությամբ նոր իրավիճակում հայտնված տղաներին կյանքի բնականոն հուն վերադարձնելը պահանջում է ամենօրյա աշխատանք, գործիքային, մասնագիտական եւ հոգեբանական աջակցություն: Այդ ամենն ապահովելու համար անհրաժեշտ են շենքային լիարժեք պայմաններ եւ զարգացած տեխնոլոգիաներով աշխատող սարքավորումներ: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով եւ դրսեւորվող ամենօրյա հոգատարությամբ՝ գործընկեր կազմակերպությանը կհաջողվի բոլորի համար ցանկալի արդյունք արձանագրել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվելիք թողունակության մեծացման ծրագրով, կկառուցվի նաեւ ճաշարան՝ ստացիոնար եւ ամբուլատոր բուժում ստացող զինվորներին սպասարկելու համար: Գործող փոքր ճաշարանը կփոխարինվի նորով, բացառապես թարմ ու օգտակար մթերքից տեղում պատրաստվող սնունդ ապահովելու հնարավորությամբ:
«Զինվորի տունը երբեք չի մերժել ոչ մի տղայի: Մեզ դիմած հայրենիքի որեւէ պաշտպան առանց օժանդակության չի մնացել, սակայն 44-օրյա պատերազմից հետո նրանց թիվն այնքան մեծացավ, որ երբեմն ստիպված ենք լինում մի փոքր սպասեցնել տղաներին. եղած հնարավորությունները թույլ չեն տալիս բոլորին միաժամանակ վերականգնողական բուժում տրամադրել: Մեր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ մենք այսօրվանից հայտարարում ենք Զինվորի տան թողունակության մեծացման ծրագրի մեկնարկի մասին: Դրա շնորհիվ՝ միաժամանակ ավելի շատ տղայի բուժելու հնարավորություն կունենանք, քայլքի լաբորատորիա կունենանք եւ ավելի մեծ ճաշարան, որտեղ որակով սնունդ կկարողանան ստանալ թե ստացիոնար, թե ամբուլատոր պայմաններում բուժում ստացողները»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Վիվա-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ «Զինվորի տանը» ձեռք է բերվել նաեւ հեռակառավարվող 16 օրթեզ: Դրանք նախատեսված են նյարդաբանական տարբեր վնասվածքներ եւ հիվանդություններ ունեցող՝ վերջույթի ցածր ֆունկցիոնալություն կամ ֆունկցիոնալության բացակայություն ունեցող զինվորների համար:
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, մեկ տարի առաջ էլ ձեռք էր բերվել Գերմանիայի եւ Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ: