18:10 | 09.11.22 | Հոդվածներ | exclusive 5344

Armenian Peace. միասնական հարթակ անվտանգային խնդիրների լուծման համար

«Հայկական Խաղաղություն» (Armenian Peace) հարթակը պաշտպանական եւ անվտանգային ոլորտում միասնականության եւ փոխգործակցության առցանց հարթակ է՝ բաց յուրաքանչյուր անհատի ու կազմակերպության համար։

Այստեղ ներկայացվում են պաշտպանության, կրթության, քաղպաշտպանության, տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ոլորտներում իրական խնդիրներ լուծող նախագծեր, որոնք իրականացվում են համահավաքի եւ փոխգործակցության շնորհիվ։  

Armenian Peace հարթակը «Հայկական Խաղաղություն» (Armenian Peace) ստեղծվել է «Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ reArmenia-ի ծրագրային ապահովման հիման վրա։

Գայանե Հայրապետյանը Գայանե Հայրապետյանը
photo © Armenian Peace


Նախաձեռնող թիմի անդամ Գայանե Հայրապետյանը iTel.am-ին պատմել է Armenian Peace-ի գաղափարի, մշակման աշխատանքների, չափորոշիչների ու նպատակների մասին։  

Հարթակի գաղափարն ու իրագործումը

«Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ն ստեղծվել է 2022թ. ամռանը, համահիմնադիրներն են «Ողջ մնալու արվեստ ՈՄԱ», «Ազատազէն», «Հենք», «Արշակունի», «Բարձունք» ՀԿ-ները եւ Ժողովրդավարական հարթակ հիմնադրամը, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը եւ իրավաբան, ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։

photo © Armenian Peace


Նպատակն այն է, որ ռազմամարզական ոլորտում ներգրավված մարդիկ, նախկին ռազմական, անվտանգային ոլորտի մասնագետները մեկ հարթակում ընդհանուր նպատակների շուրջ համախմբվեն ու ոչ թե ցրված աշխատեն։

reArmenia-ի նախաձեռնողներից Գեւորգ Պողոսյանը իմ լավ ընկերներից մեկն է եւ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ առաջարկեց վերցնել իրենց ծրագրային լուծումն ու white label անել, որը նախատեսված կլինի միայն պաշտպանական ու անվտանգային, քաղպաշտպանության ու այդ ոլորտին վերաբերող բոլոր նախագծերի համար։

reArmenia հարթակի վրա նման նախագծեր չեն կարող ներկայացվել, քանի որ այն 100 տոկոսով թափանցիկ հարթակ է: Այս ոլորտում հասկանալի պատճառներով նախագծերը բաց հրապարակման ենթակա չեն, շատ են նրբությունները ու գաղտնի բաղադրիչները։ Այդ պատճառով էլ կարեւոր է առանձին հարթակի գոյությունը։

Մի քանի շաբաթում կարողացանք ստեղծել հարթակը, ներդնել վճարային համակարգերը, ընտրել ներկայացված նախագծերը։

2022թ. հոկտեմբերի 22-ին կայացավ https://www.armenianpeace.am հարթակի շնորհանդեսը reArmenia-ի մեկամյակին նվիրված միջոցառման ընթացքում։

Նախագծերն ընտրելու գործընթացը, չափորոշիչները եւ վստահության խնդիրը

Առանձնացրել ենք մի քանի ուղղություն՝ պաշտպանություն եւ քաղպաշտպանություն, կրթություն, տեղեկատվական անվտանգություն եւ տեխնոլոգիաներ։

Շատ կարեւոր է գիտակցել, որ նվիրատվությունը չի տրվում միավորմանը կամ հարթակին։ Միավորումը տնօրինում է հարթակը, իսկ նախագծերն ու նախաձեռնությունները ինքնուրույն տնօրինում ստացված միջոցները։

Ձեւավորել ենք խորհրդատվական խմբեր, որոնք վերլուծում են գաղափարները ու նախագծերը՝ նախքան դրանց կայքում հայտնվելը։  

Ընտրությունը մի քանի փուլով է տեղի ունենում։ Խորհրդատվական խմբերից բացի, ունենք նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որը վերջնական հաստատում է նախագծերը կայքում ներկայացնելուց առաջ։

Ռեսուրսների համախմբումը եւ փոխգործակցության ձեւավորումը

Հարթակը նաեւ համագործակցություններ փնտրելու հնարավորություն է տալիս։ Օրինակ՝ եթե կա գաղափար, հնարավոր կլինի գտնել թիմակիցներ՝ այն կյանքի կոչելու համար։

photo © Armenian Peace


Հարթակում յուրաքանչյուր նախագծի համար հաշվետվություններ ներկայացնելու հատված կա, որտեղ թարմացվում է ընթացիկ ծախսերի ու գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Իհարկե, կան հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ։

Ներկայացված ծրագրերը

Այս պահին հարթակում չորս նախագիծ է ներկայացված։

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդն ԱԹՍ օպերատորների անվճար դասընթացների համար ԱԹՍ-ներ ձեռք բերելու դրամահավաք է սկսել։

«ՍԻԱ» ապահովության եւ անվտանգության կենտրոնը անցկացնում է առաջին օգնության անվճար դասընթացներ եւ դրամահավաքի միջոցով անհրաժեշտ պարագաներ են ձեռք բերելու։

photo © Armenian Peace


«Մարտիկ» ռազմամարզական ակումբ ՀԿ-ն «ԶԱՐԿ» բարեգործական նախագծով նախատեսում է նախազորակոչային 13-17 տարեկան պատանիների եւ աղջիկների համար ռազմամարզական դասընթացներ կազմակերպել։

photo © Armenian Peace


«Ողջ մնալու արվեստ ՈՄԱ» կազմակերպությունն էլ «Հայկական ԱշխարհաՀզոր» նախագծով քաղաքացիական բնակչության շրջանում ձեւավորվող 100 հոգանոց տարածքային պաշտպանության ստորաբաժանման համար պլանավորում է ձեռք բերել հանդերձանք, առաջին բուժօգնության միջոցներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ։

Նունե Գրիգորյան