18:01 | 19.10.22 | Հոդվածներ | exclusive 6729

Հրաչիկ Աջամյանի b4-ը կօգնի ինտրովերտներին

Wakie-ի համահիմնադիր Հրաչիկ Աջամյանը հիմնել է նոր ստարտափ, որն օգնում է միջոցառումների ու կոնֆերանսների ժամանակ մասնակիցների միջեւ որակյալ ու հետաքրքիր շփում ապահովել։

b4 – before you meet-ը ավտոմատ կերպով միմյանց է կապում միջոցառման մասնակիցներին, թույլ է տալիս տեսնել նրանց մասնագիտությունները, գործունեությունը, փորձը եւ կարճ հաղորդակցվելու հնարավորություն տալիս, որից հետո կարող եք շարունակել շփումը, կամ էլ դադարեցնել։

Ստարտափն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է նախասաղմնային ներդրում ստանալ ամերիկյան վենչուրային ֆոնդերից ու կիրառվել է մի շարք միջոցառումներում՝ այդ թվում Հայաստանում։

Հրաչիկը iTtel.am-ին պատմել է նոր ստարտափի գաղափարի ու տեսլականի մասին։

Գաղափարի առաջացումը

Պանդեմիայի սկզբից գրեթե ամեն ինչն օնլայն դարձավ, նոր շուկա բացվեց ու շատ պրոդուկտներ ստեղծվեցին օնլայն միջոցառումների ու կոնֆերանսների համար։  

Մարդկանց հետ շատ եմ այս թեմայով շփվել եւ ցանկանում էի հասկանալ ու լսել կարծիքներ, թե ինչու են մասնակցում կոնֆերանսների, ինչն է նրանց գրավում։ Գրեթե բոլորը կարեւորում էին շփումը, բայց նշում, որ առցանցի դեպքում որակն ու փորձառությունը վատն է։

Միջոցառումների կազմակերպիչներն ասում են, որ մարդիկ տոմսերը գնում են, բայց չեն լիարժեք մասնակցում, մոտիվացիան չի հերիքում։

Որոշեցինք ստեղծել մի լուծում, որը մարդկանց այդ շփման արժեքը կտար նաեւ առցանց տարբերակով։  Ընկերներիս հետ փորձարկումներ էինք անում եւ ի վերջո գտանք այն մոդելը, որը բոլորիս համար շատ շահագրգռող էր։

Կեղծ վիդեո պատրաստեցինք մի պրոդուկտի մասին, որը դեռ գոյություն չուներ ու այդ տեսանյութը ցույց էինք տալիս տարբեր մարդկանց ու հարցնում՝ կուզեի՞ն օգտագործել այդ լուծումը։ Կարծիքները դրական էին։

Հրաչիկ Աջամյանը Հրաչիկ Աջամյանը
photo © Մեդիամաքս


Մի օր ընկերներիցս մեկն ասաց, որ հնգօրյա խոշոր կոնֆերանս են կազմակերպում ու ուզում են մեր լուծումն օգտագործել, ուստի ստիպված էինք շատ արագ, օրերի ընթացքում, մշակել հավելվածն ու անցկացնել այդ միջոցառումը, որը շատ հաջող անցավ։ Դրանից հետո արդեն իրական հաճախորդներ էին մեզ դիմում։

Կարելի է ասել, որ շուկան ինքը ստիպեց իրականացնել գաղափարը։ Արդեն ունենք հավելվածներ iOS եւ Android համակարգերի համար։

Ինչպես է աշխատում b4-ը

Մեր հաճախորդները կոնֆերանսների ու միջոցառումների կազմակերպիչներն են։ Իրենց տրամադրում ենք հատուկ կոդ, որը նախատեսված է միայն տվյալ միջոցառման մասնակիցների համար։

photo © b4


Մասնակիցը այդ կոդով մուտք է գործում ու տեսնում է միայն մեկ կոճակ՝ Start։ Այնուհետեւ համակարգն ավտոմատ կերպով նրան պատահականության սկզբունքով կապում է միջոցառման մեկ այլ մասնակցի հետ։

Շփումը տեւում է 2 րոպե, սա speed dating-ի վայբ ունի ու մեկի հետ 2 րոպե խոսելուց հետո կարող ես անցնել հաջորդին։ Եթե կապվել ես շատ հետաքրքիր անձի հետ ու երկուսդ էլ սեղմեք keep talking, ապա կարող եք շարունակել շփումը որքան ցանկանաք։

photo © b4


Կոնֆերանսներին խնդիրներից մեկը այն է, որ շատերն ինտրովերտ են եւ դժվար են անծանոթի մոտենում։ Այս հավելվածում այդ խնդիրը չկա։ Կան նաեւ icebreaker-ներ, որոնք կոնֆերանսի թեմայով հարցեր են ու հերթով կարող եք այդ հարցերը միմյանց ուղղել ու խորը քննարկումներ անել։

Կիրառության ասպեկտները

Երեք տիպի միջոցառումների ընթացքում է հնարավոր կիրառել։

Մեկը՝ օֆլայն կոնֆերանս է, որի մեկնարկից առաջ մասնակիցները նեթվորքինգ են անում մեզ մոտ ու կոնֆերանսի ժամանակ կոնկրետ մարդկանց հետ ծանոթացած են մասնակցում։ Այս դեպքում նաեւ հնարավոր է նախապես պլանավորել հանդիպումները։ Հայաստանում սա կիրառեցինք ProductConf-ի ընթացքում, որը 250 հոգանոց միջոցառում էր պրոդուկտի  ղեկավարների համար նախատեսված ու արձագանքները շատ դրական էին։

photo © Մեդիամաքս


Երկրորդը՝ արդեն իսկ ձեւավորված համայնքների համար օնլայն նեթվորքինգ ենք ապահովում։ Օրինակ՝ 500 հոգուց կազմված համայնքը ամեն ամիս մեր հավելվածում նեթվորքինգ է կազմակերպում, շփվում են, ծանոթանում նորություններին։ Սա հետաքրքիր է նրանով, որ հանդիպում ես ինչ-որ մեկի, ում արդեն իսկ ճանաչում ես ու 20-30 րոպե խոսակցությունների արդյունքում հավելյալ արժեք ես ստանում։

Երկրորդն էլ զուտ օնլայն կոնֆերանսներն են։

Տեսլականը, նոր գործառույթներն ու նորարար մոտեցումները

Տեսլականը շատ մեծ է։ Առաջիկայում մասնակիցների ցանկը տեսնելու հնարավորություն կլինի։ Դա թույլ կտա նշել, թե ով է ավելի հետաքրքիր ու համակարգը ժամանակի ընթացքում ավելի ճշգրիտ ու համապատասխան առաջարկներ կանի։ Ալգորիթմը կկատարելագործվի։ Եվ հակառակը՝ նշել ում հետ չես ցանկանում շփում հաստատել։

Բացի այդ, հիմա աշխատում ենք Quick App տեխնոլոգիայի վրա։ Սա նոր զարգացող ուղղություն է, որը թույլ է տալիս iOS կամ Android հավելվածն օգտագործել առանց ներբեռնելու App Store-ից կամ Google Play-ից։ Օրինակ՝ սովորական հղումով կամ QR կոդ սկանավորելով բացվում է ծրագիրը, որն օգտագործում ես ճիշտ նույն կերպ, ինչպես հավելվածը։

Հրաչիկ Աջամյանը Հրաչիկ Աջամյանը
photo © Մեդիամաքս


Մյուս քայլն այն է, որ հավելվածում անձնական ինֆորմացիան ձեռքով լրացնելու կարիք չլինի եւ այն միանգամից ճանաչի օգտատիրոջը՝ կազմակերպիչներից վերցրած տեղեկատվության հիման վրա։

Կիբերանվտանգության առումով աշխատում ենք եվրոպական Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) ստանդարտներին համապատասխան։

Թիմն ու ներդրումները

Թիմում 6 հոգի ենք, մի մասը նոր են, մի մասն էլ ֆրիլանս տարբերակով Wakie-ից են սկզբում միացել, բայց այն նույնպես զարգանում է ու առանձին թիմ եմ հավաքել։

Հեշտ էր ներդրում ստանալը, քանի որ ներդրողներն էին ինձ գտել ու դիմել։ Սկզբում բոլորին մերժում էի, բայց այնքան դիմեցին, որ ի վերջո համաձայնեցի ու շահավետ նախասաղմանային փուլի ներդրում ներգրավեցինք։

Նունե Գրիգորյան