17:42 | 17.10.22 | Հոդվածներ | exclusive 6755

Orders.co՝ թվային լուծումներ ռեստորանների համար

Հայ հիմնադիրներ ունեցող Orders.co-ն օգնում է ռեստորաններին լրացուցիչ եկամուտներ ստանալ նորարական ծրագրային եւ տեխնոլոգիական լուծումների միջոցով:

Ստարտափը մշակել է ծրագրակազմ, որը թույլ է տալիս ռեստորաններին թվային մենյու ստեղծել ու կառավարել, համախմբում է առցանց պատվերների ծառայությունները մեկ հարթակում, սեփական առաքման կայքը ստեղծելու հնարավորություն է տալիս։

Orders.co-ն 2021 թվականին հիմնադրել են Արսեն Ստեփանյանը, Աշոտ Բայաթյանը եւ Հրանտ Այվազյանը։

Արսեն Ստեփանյանը եւ Հրանտ Այվազյանը Արսեն Ստեփանյանը եւ Հրանտ Այվազյանը
photo © Մեդիամաքս


iTel.am-ը զրուցել է Արսեն Ստեփանյանի հետ։   

Գաղափարն ու առաջին քայլերը

2010-ից մինչեւ 2020 թվականը ղեկավարել ենք էլեկտրոնային սիգարետների մեծածախ դիստրիբյուտորական ընկերություն։ Հետաքրքիր «ճամփորդություն» էր ինձ համար։

2020 թվականին Հրանտի ու Աշոտի հետ գնացինք ռեստորան, ցանկանում էինք պատվեր կատարել, բայց աշխատակիցը չէր կարողանում մեզ սպասարկել, չէր հասցնում. տարբեր թաբլեթներով առցանց պատվերներ էր ստանում, անդադար ծանուցումներ էին գալիս։

Մեզ մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք չկա բոլորը մեկ հարթակում միավորելու տարբերակ։ Ուսումնասիրեցինք ու տեսանք, որ նման լուծումներ գրեթե չկան:

Արսեն Ստեփանյանը Արսեն Ստեփանյանը
photo © Մեդիամաքս


Կոնցեպտը պատրաստեցինք ու ներդրեցինք մոտ 10 ռեստորանում։ Առաջինը ԱՄՆ-ում գործող հայկական «Նաիրին» էր` hետաքրքիր փորձարկումներ կատարեցինք նրանց հետ։ Ծրագրավորման թիմ հավաքեցինք ու 2021-ին բացեցինք առաջին գրասենյակը Հայաստանում։ Սկսեցինք շատ ռեստորանների հետ համագործակցել` նրանց խնդիրներն ավելի լավ հասկանալու համար։

Գործառույթներն ու խնդիրները

Առաջին կարեւոր խնդիրը լուծեցինք, երբ տարբեր առցանց պատվերների ծառայությունները բերեցինք մեկ հարթակ: Մասնավորապես, մեկ վայրում միավորեցինք ԱՄՆ-ում գործող Doordash, GrubHub, Uber Eats։ Postmates եւ այլ ծառայությունների միջոցով ստացվող պատվերները։

Ռեստորաններին առաջարկեցինք նաեւ առաքման առցանց պատվերների համար հարթակ ունենալ։ Նույնիսկ եթե ռեստորանն առաքիչներ չունի, կարող է գործընկերների միջոցով առաքման ծառայություններ տրամադրել:

photo © Մեդիամաքս


Գործարկել ենք նաեւ QR մենյուներ, որոնք թույլ են տալիս պատվեր կատարել՝ նախքան ռեստորան գալը։ Վիճակագրություն ունենք, որ այդ դեպքում հաճախորդն ավելի գոհ է մնում, քանի որ ժամանակ է խնայում եւ նույնիսկ ավելի շատ թեյավճար է թողնում։

Գործառույթների շրջանակն աստիճանաբար ընդլայնելու ենք այնքան, որ լուծումներ ապահովենք բոլոր գործընթացների համար։

photo © Մեդիամաքս


Հայաստանում ցանկանում ենք ներդնել անվճար QR մենյու պատրաստելու ծրագրային լուծումը։ Առաջիկայում կունենանք նաեւ տարբեր լեզուներով մենյուն տեսնելու հնարավորություն։ Ռեստորաններ կան, որ հատուկ սեզոնային ուտեստներ կամ ըմպելիքներ են առաջարկում, որոնք մշտական մենյուում չկան ու դժվար է թղթային մենյուներն անընդհատ թարմացնելը։ Մեր հավելվածում հնարավոր է մեկ քլիքով ավելացնել ու հանել ցանկացած ուտեստ։

Հայաստանում գրասենյակի բացումն ու թիմը

Որոշեցինք հաճախորդների աջակցման կենտրոնն ու վաճառքի մասնագետների թիմը Հայաստանում հավաքել։ Բավականին բարդ է, քանի որ այստեղ ամերիկյան շուկայի վաճառքի փորձը չկա, բայց դժվարությունները հաղթահարում ենք, ցուցանիշները բավականին հետաքրքիր են։

photo © Մեդիամաքս


Հայաստանում 25 հոգանոց ծրագրավորողների թիմ ունենք, որը դեռ աճելու է։ Հաջորդ տարի նախատեսում ենք 3-ից 5 անգամ մեծացնել թիմը։

Հայաստանում տաղանդներ շատ կան, բայց «փափուկ հմտությունների» (soft skills) պակասը զգացվում է։ Մեր ունեցած փորձն ենք ներդնում եւ արդյունքները բավական գոհացուցիչ են:

Ներդրումներն ու առաջիկա ծրագրերը

Մինչեւ հիմա ամբողջությամբ մեր ներդրումներով ենք առաջ գնացել: Հիմա փորձում ենք միանգամից A սերիայի ներդրում ստանալ։

photo © Մեդիամաքս


Հիմնական թիրախը ամերիկյան շուկան է, բայց առաջարկներ ունենք նաեւ եվրոպական երկրներից։ 2022թ. հուլիսին Clockwise Software-ի կողմից ընդգրկվեցինք 2022 թվականի 10 ամենաարագ զարգացող SaaS ստարտափների վարկանիշում, ինչը նույնպես նպաստում է ներդրողների հետաքրքրության աճին։

Այս փուլում ակնկալում ենք $ 10 մլն կամ ավելի մեծ ներդրում ներգրավել։     

Նունե Գրիգորյան