17:46 | 13.10.22 | Հոդվածներ | exclusive 6924

Գարեգին Պապոյան. BioSim-ի ամբիցիան մարդկության ամենաբարդ խնդիրներից մեկը լուծելն է

Գարեգին Պապոյանը ծնվել է Երեւանում: Ֆիզիկամաթեմատիկական դպրոցն ավարտելուց հետո որպես համամիութենական օլիմպիադայի մրցանակակիր մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բարձրագույն քիմիական քոլեջ: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, որտեղ Կոռնելի համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ քվանտային քիմիայի գծով` Նոբելյան մրցանակակիր դոկտոր Ռոալդ Հոֆմանի ղեկավարությամբ:

Ներկայում նա առաջին Մոնրո Մարտին պրոֆեսորն է Մերիլենդի համալսարանում՝ Քիմիայի եւ կենսաքիմիայի ամբիոնում եւ Ֆիզիկական գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտում:

Գարեգին Պապոյանն ու Ռոալդ Հոֆմանը Գարեգին Պապոյանն ու Ռոալդ Հոֆմանը
photo © Գարեգին Պապոյանի արխիվից


Մերիլենդի համալսարանում արդեն 13 տարի զբաղվում է համակարգչային կենսաքիմիայով, քվանտային քիմիայով եւ այլ մեթոդներով մոլեկուլների մոդելավորմամբ։

2020-ին Գարեգինը հիմնել է BioSim ստարտափը, որի նպատակը դեղամիջոցների հայտնաբերումը արագացնելն է քվանտային ճշգրտությամբ՝ միավորելով գիտական հաշվարկների, արհեստական բանականության եւ քվանտային քիմիայի ժամանակակից գաղափարները։

Գարեգին Պապոյանը iTel.am-ի հետ զրույցում պատմել է BioSim-ի գործունեության, հավակնոտ ծրագրերի, գիտական նպատակների ու նոր լաբորատորիայի մասին։

Գիտական գործունեությունն ու BioSim-ի նպատակը

Իմ գիտական ղեկավարը Ռոալդ Հոֆմանն է (Roald Hoffmann) եղել` 20-րդ դարի ամենաականավոր քիմիկոսներից եւ ժամանակակից քվանտային քիմիայի հիմնադիրներից մեկը, ինչի համար 1981 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի:

Վերջին 10 տարիներին իմ գիտական խումբը զբաղվում է բջիջների մոդելավորմամբ, որը դեռ նոր ուղղություն է աշխարհում եւ մենք այդ ուղղության առաջատարն ենք։ Եթե հաջողենք, ապա կհասկանանք, թե ինչպես է կառուցված կյանքը։

Ինձ հետաքրքրում է նաեւ դեղագործական ուղղությունը, այստեղ վիճակագրությունը ոգեւորիչ չէ՝ մեկ հիվանդության համար մեկ դեղ մշակելը 10-15 տարի է տեւում, իսկ հետազոտությունների 95-ից 99 տոկոսը ձախողվում են։ Սա նշանակում է, որ բիզնեսի տեսակետից ռիսկայնությունը շատ բարձր է։
Միայն մեծ ընկերությունները կարող են միաժամանակ 100 նախագիծ գործարկել՝ քաջ գիտակցելով, որ դրանցից 99-ը ձախողվելու են։ Հաջողվածն էլ 10-ից ավել տարի կպահանջվի մինչեւ շուկա դուրս հասցնելը։

BioSim-ի նպատակն է նոր սերնդի տեխնոլոգիաներ մշակել։ Արագացնելու տարբերակներից մեկն այն է, որ կարողանանք դեղերի հայտնագործելը սկզբում համակարգիչներով կատարել, որը վստահելի եւ շատ ավելի էժան կլինի։

photo © BioSim


Մեր մոտեցումն այն է, որ միայն արհեստական բանականությունը բավարար չէ տեխնիկական պատճառներով այս խնդիրը լուծելու համար, մեզ պետք է նաեւ ֆիզիկական մոդելավորում։ Իրականում դա էլ խնդիրը վերջնական չի լուծում, բայց այդ երկուսի համատեղումը կարող է փոփոխություն մտցնել ու նոր ժառանգության տեխնոլոգիաներ գեներացնել։

Գիտությունից դեպի ձեռնարկատիրություն անցումը

Իմ առաջին ստարտափի փորձն է՝ շատ հետաքրքիր է, շատ բան եմ սովորել: Երեւանում SmartGateVC-ի հետ եմ աշխատում, իրենք առաջին ներդրումն են կատարել BioSim-ում։ Նրանք օգնեցին ակադեմիական մտքերս ձեւակերպել որպես բիզնես։ BioSim-ն ամերիկյան ընկերություն է, իսկ թիմը Երեւանում է։

Մենք դեռ վաղ փուլում ենք, տեխնոլոգիա ենք զարգացնում։ Ծրագիրը շուտով արտադրական փուլ կմտնի, մեծ ընկերություններ կան, որոնց հետ համագործակցում ենք, բայց դեռեւս անուններ չեմ կարող նշել, քանի որ դեռեւս փորձնական փուլում ենք։

Հայաստանում գիտական առողջ ու զարգացող միջավայրի տեսլականը

Համակարգչային գիտության, մեքենայական ուսուցման  ոլորտում ակտիվություն կա ու դա Հայաստանի ուժեղ կողմերից է։ Բայց քիմիայի, կենսաբանության ոլորտում մեծ խնդիր ունենք։ Այդ ուղղություններում կորիզ չկա, որը բացասական դեր է խաղում։
Պետական ծրագրեր են անհրաժեշտ, ռազմավարություն։ Ինքնաբերաբար այդ խնդիրները չեն լուծվի:

Եթե ցանկանում ենք գիտության մեջ «թռիչք» ունենալ, պետք է արտասահմանից, սփյուռքից որակյալ մասնագետներ հրավիրենք Հայաստան։ Շատ կարեւոր է գիտական դպրոցի առկայությունը, որն անհատի շուրջ է կառուցվում։

BioSim-ի թիմն ու տաղանդների ներգրավումը

Թիմում արդեն 10 հոգի կա։ Երեք ճյուղերով ենք աշխատում՝ արհեստական բանականության, ֆիզիկայի ու դրանց միացման ուղղություններով։

Գարեգին Պապոյանը Գարեգին Պապոյանը
photo © Գարեգին Պապոյանի արխիվից


Որակյալ մասնագետների միշտ դժվար է գտնել։ Համակարգչային քիմիայի կամ կենսաբանության մասնագետներ Հայաստանում գրեթե չկան՝ հատկապես ասպիրանտական մակարդակով, ուստի կարող է նրանց Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում փորձենք գտնել:

Ներդրումները, առաջիկա ծրագրերն ու լաբորատորիայի հիմնումը

SmartGateVC-ից բացի, այս տարի եւս մեկ ներդրում ունեցել ենք Սան Ֆրանցիսկոյի Formic Ventures-ից։ Փետրվարին որպես նախասաղմնային ներդրում ստացել ենք 2 մլն դոլար։ Հիմա բանակցություններ ենք վարում հաջորդ շրջափուլերի համար։

Ծրագրում ենք լաբորատորիա ստեղծել ուսանողների, մագիստրոսների համար, որտեղ հնարավոր կլինի դեղորայքի համակարգչային մոդելավորում իրականացնել՝ արհեստական բանականության կիրառմամբ։

Որքան էլ համակարգչային մոդելավորման միջոցով լավ արդյունքներ ունենանք, դրանք պետք է ստուգվեն եւ հաստատվեն լաբորատոր պայմաններում։ Այդ հետազոտությունները նույնպես Հայաստանում են արվելու։ Այդ ուղղությունը եղբայրս՝ Աշոտը կառաջնորդի, նա նույնպես Կոռնելի համալսարանն է PHD-ով ավարտել։

Նունե Գրիգորյան