18:07 | 10.10.22 | Հոդվածներ | exclusive 1983

IT4SOS. Արշավ, որը մեկտեղում է բարեգործությունն ու մրցակցությունը

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը միացել է IT4SOS (տեղեկատվական տեխնոլոգիաները ՍՕՍ-ի համար) տարածաշրջանային արշավին: Այն մի կողմից հնարավորություն է տալիս հիմնադրամին իր գործունեությունն իրականացնելու համար նվիրատվություններ ստանալ, մյուս կողմից ՏՏ ընկերություններին առաջարկում է մրցել՝ խրախուսելով առողջ ապրելակերպն ու շրջակա միջավայրի պահպանությունը:


Արշավի առաջնային նպատակն է հավաքագրել դրամական միջոցներ, ինչը կօգնի հիմնադրամին իրականացնել իր հիմնական գործունեությունն ամբողջ ծավալով:

ՍՕՍ մանկական գյուղերը Հայաստանում գործում են արդեն 32 տարի: Առաջին գյուղը բացվել է Կոտայքում՝ Սպիտակի երկրաշարժի հետեւանքով առանց ծնողական խնամքի  մնացած երեխաներին խնամելու համար:

2010-ին Իջեւանում բացվել է երկրորդ մանկական գյուղը: Մեկ-երկու հարկանի տներով փոքրիկ գյուղում կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներն ապրում են ՍՕՍ ընտանիքներում՝ քույր-եղբայրների հետ: Վերջին տարիներին ՍՕՍ մայրերից բացի գյուղում աշխատանքի են ընդունում նաեւ ընտանեկան զույգերի՝ հնարավորություն տալով երեխաներին մեծանալ լիարժեք ընտանիքում:

Այս պահին հիմնադրամի երկարաժամկետ խնամքի ներքո է 145 երեխա: Երեւանի, Տավուշի, Կոտայքի եւ Շիրակի մարզի մոտ 5 հազար երեխա էլ աջակցություն է ստանում «Ընտանիքի ամրապնդման եւ մանկալքության կանխարգելման» ծրագրերի շրջանակում: Այս ծրագրի համար հիմնադրամը պետությունից որոշակի աջակցություն է ստանում:

Այլընտրանքային խնամքի այսպիսի ծառայություններ գործում են 138 երկրներում: Դրանց մի մասն ինքնաբավ է, բայց զգալի՝ 75 տոկոսը, աջակցություն է ստանում այլ երկրում գործող ինքնաբավ ՍՕՍ մանկական գյուղերից: Հայաստանին արդեն 32 տարի ֆինանսավորում է ՍՕՍ Ֆրանսիան: Բայց տարեցտարի աջակցությունը նվազում է, եւ ՍՕՍ Հայաստանը մասամբ անցնում է ինքնաֆինանսավորման:

photo © «ՍՕՍ մանկական գյուղեր»


«Եթե մենք ցանկանում ենք մյուս տարիներին էլ շարունակել ամբողջ ծավալով իրականացնել այն, ինչ իրականացնում ենք, լրացուցիչ ֆինանսական միջոցներ են պետք: Մենք փորձում ենք Հայաստանում զարգացնել կորպորատիվ ֆոնդահայթայթման հնարավորությունները: Սա ասելով՝ հասկանում ենք այն կազմակերպությունները կամ ֆինանսական ինստիտուտները, որոնք ունեն ազատ ֆինանսական միջոցներ կամ իրենց քաղաքականության մեջ ներառված է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում:

Այդ նվիրաբերությունները կարող են լինել մեկանգամյա՝ մեծ գումարի չափով, կամ փոքր գումարների չափով եւ երկարատեւ: Մենք հակված ենք, որ կազմակերպությունն ունենա ավելի երկարատեւ դոնորներ: Դա կապահովի ավելի կայուն եկամուտներ, կօգնի, որ մեր եկամուտները լինեն կանխատեսելի, կիմանանք, թե ինչքան դոնոր ունենք, ամեն ամիս ինչքան գումար են հանգանակել, ու կարողանանք կազմել մեր բյուջեն»,- ասում է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:

photo © «ՍՕՍ մանկական գյուղեր»


Այդ նպատակով հիմնադրամը միացել է IT4SOS ծրագրին, որի մաս են կազմում արդեն 7 երկրների ՍՕՍ ազգային ընկերակցությունները:

Հիմնադրամը Հայաստանում գործող IT ընկերություններին առաջարկում է նվիրատվություն անել իրենց, փոխարենը՝ Challenger հավելվածի միջոցով մոտիվացնել ընկերության աշխատակիցներին վարել առողջ ապրելակերպ ու նվազեցնել օդի աղտոտվածությունը:

«Այս հավելվածը հաշվում է, թե ինչքան ես քայլում, վազում, հեծանիվ քշում: Նաեւ հաշվում է, թե դրա շնորհիվ մեքենա չօգտագործելով՝ ինչքանով են կրճատվում ածխաթթու գազի արտանետումները: Սա ընկերությունների համար հատկապես լավ HR՝ մարդկային ռեսուրսների կառավարման գործիք է, աշխատակիցներին մոտիվացնելու լավ միջոց. եթե շատ քայլեք, վազեք ու հեծանիվ քշեք, դրանով ե՛ւ կաջակցենք բարեգործական ընկերությանը, ե՛ւ ձեր առողջության համար է լավ, ե՛ւ կնպաստենք շրջակա միջավայրի պահպանությանը:

Եվ որ ամենակարեւոր մոտիվացիան է՝ այստեղ կա մրցելու հնարավորություն: Ընդ որում՝ մրցում են ոչ թե մի ընկերության, այլ արշավին միացած բոլոր ընկերությունների աշխատակիցները: Ունենք ցուցատախտակ, որտեղ անվանական երեւալու է, թե ովքեր են առաջինը, երկրորդը, երրորդը», - ասում է IT4SOS տարածաշրջանային ծրագրի հայաստանյան մասի համակարգող Վանանե Արարքցյանը:

photo © «ՍՕՍ մանկական գյուղեր»


Արշավին արդեն միացել են հայաստանյան մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Volo-ն եւ Unicomp-ը: challenger.mk կայքի IT4SOS բաժնում կարելի է տեսնել ծրագրին միացած ընկերությունների  տարբերանշանները, աշխատակիցների թիվը, քանի կիլոմետր են քայլել-վազել-հեծանիվ քշել, որքանով են կրճատել CO2 -ի արտանետումները:

Կիլոմետրերի քիչ կամ շատ լինելուց նվիրատվության չափը չի փոխվում: Հիմնադրամը IT ընկերություններին առաջարկում է 3 փաթեթ՝ կախված աշխատակիցների թվից եւ շատ կիլոմետրեր անցնելու մոտիվացիայից: Ծրագրի այս փուլը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի կես: Հիմնադրամի նպատակն է այս արշավի միջոցով հավաքագրել 19 մլն դրամ:  

Արդյունքներն ամփոփելու են դեկտեմբերին, հաղթողներին հրավիրելու են ՍՕՍ մանկական գյուղերի տարեվերջյան միջոցառմանը եւ խրախուսական նվերներ են հանձնելու: Եթե ծրագիրը հաջողվի, հիմնադրամը նախատեսում է երկրորդ փուլ, որում կընդգրկվեն ոչ միայն ՏՏ, այլեւ տարբեր ոլորտների ընկերություններ:

Լուսինե Ղարիբյան