23:01 | 09.10.22 | Հոդվածներ | exclusive 9304

«Optimum Partners»-ի երեւանյան նորաբաց գրասենյակը խթանում է ՏՏ էկոհամակարգը

Օրեր առաջ Հայաստանում իր գրասենյակն է բացել ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող «Optimum Partners DWC» ՍՊԸ-ն, որի գլխամասը գտնվում է Դուբայում:

Ընկերության  հիմնադիրները, տպավորված լինելով հայ ինժեներների տաղանդով, նպատակ ունեն ընդլայնելու իրենց Երեւանյան մասնաճյուղն ու հարստացնելու տեղի ՏՏ էկոհամակարգը:

Itel.am-ը զրուցել է նրանց հետ ընկերության հաջողության պատմության, սկզբունքների եւ արժեքների, ինչպես նաեւ երեւանյան գրասենյակի գործունեության մասին:

Սկիզբ եւ սրընթաց զարգացում

Մարկո Գորին, «Optimum Partners»-ի համահինադիր եւ գործադիր տնօրեն

«Optimum Partners»-ը հիմնադրվել է 2016 թվականին Դուբայում: Հիմնադրման գործընթացին գրեթե զուգընթաց՝ մենք սկսեցինք Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մեր առաջին գրասենյակի բացման աշխատանքները: Այսօր մենք արդեն Ամմանում ունենք 6 գրասենյակ ու մեզ հետ աշխատող շուրջ 250 ինժեներներ: Ի սկզբանե, մենք կենտրոնացել էինք մեր բրենդն ու վարկանիշը Միացյալ Նահանգների շուկայում հաստատելու ուղղությամբ: Արդեն 2016 թվականի հունիսից մենք սկսեցինք աշխատել ամերիկյան հաճախորդների հետ, իսկ այսօր ԱՄՆ-ում, վստահաբար, լավ վարկանիշ ունենք:

Մեր հաճախորդների շրջանակը շատ հետաքրքիր ու բազմազան է՝ ստարտափներից մինչեւ Fortune 500 ցանկի երկրներ: Այսօր մենք առաջատար ենք Forbes-ին ՏՏ ծառայություններ մատուցելու ծավալով, ինչպես նաեւ առաջիններից ենք Hearst-ին ծառայություն մատուցողների շարքում՝ հիմնականում թվային մեդիայի ոլորտում:

Մարկո Գորինը Մարկո Գորինը
photo © Մեդիամաքս


Մենք մասնագիտացած ենք «staff augmentation»-ի՝ անձնակազմի համալրման ուղղությամբ: Մեր բանաձեւն է ստեղծել ու կառավարել այնպիսի թիմեր, որոնք կլրացնեն հաճախորդ ընկերության արդեն իսկ առկա թիմը: Օրինակ՝ Forbes-ը եւ Hearst-ն ունեն իրենց ուրույն ՏՏ ինժեներների թիմերն ԱՄՆ-ում, որոնց համալրելու են գալիս Հորդանանի եւ այժմ նաեւ Հայաստանի մեր թիմերը՝ անխափան աշխատելով հաճախորդի անձնակազմի հետ:

Մեր թիմերն աջակցություն են տրամադրում այնպիսի ուղղություններով, որոնք են front-end եւ back-end ծրագրավորումը, ծրագրային ապահովման մշակումը եւ թեստավորումը՝ ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատացված եղանակով, DevOps-ը, ենթակառուցվածքների կառավարումն ու ապահովումը, ինչպես նաեւ բիզնես գործընթացների արտապատվիրումը՝ BPO-ն: Վերջինս ներառում է ավելի պարզ ծառայություններ, որոնցից են տվյալների բազայի կառավարումը, բովանդակության կառավարումը, հաշվետվությունների ու վերլուծությունների տրամադրումը:

Հայկական պոտենցիալը զարմացնում է

Մարկո Գորին. 2022 թվականի փետրվարին՝ Թագուհի Թումանյանի աջակցությամբ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, եկանք Հայաստան՝ գնահատելու այստեղ մատակարարման նոր կենտրոնի բացման կենսունակությունը: Ես եւ Էյադ Համուդեն հաճելիորեն զարմացած էինք, քանի որ մենք գտանք այնպիսի միջավայր, որը մեր ակնկալածից շատ ավելի լավն էր:

Մեր այցի նպատակը ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչների ու ուսանողների, կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մեր պոտենցիալ աշխատակիցների հետ հանդիպումների միջոցով միջավայրին ծանոթանալն էր: Հայաստանում գտնվելու մեր առաջին շաբաթվա վերջում մենք արդեն սկսեցինք աշխատակիցներ ընդունել նույնիսկ նախքան մասնաճյուղի բացումը: Մենք կարծում էինք, որ ինժեներներից 6-12 ամիս կպահանջվի, որպեսզի նրանք սկսեն ծառայություններ մատակարարել մեր ամերիկյան հաճախորդներին, սակայն նրանք պատրաստ էին արդեն իսկ 3-ամսյա դասընթացներից հետո: Այժմ մենք 3-6 ամիս առաջ ենք անցել մեր նախնական ծրագրից: Սա շատ բան է ասում հայ մարդկանց մասնագիտական որակների, մտածելակերպի եւ աշխատանքային մշակույթի մասին:

Էյադ Համմուդե, «Optimum Partners»-ի համահիմնադիր եւ օպերացիոն տնօրեն.

Մենք, լինելով ՏՏ ծառայությունների մատակարար, նախորդ մի քանի տարիների ընթացքում ներգրավել ենք մարդկային ռեսուրսներ ու զարգացրել նրանցում տարբեր հմտություններ, մակարդակներ եւ մոտեցումներ: Մենք տեսանք, որ հայկական կրթական համակարգը եւ ընդհանուր առմամբ Հայաստանի մարդկային ռեսուրսները համապատասխանում են մեր համակարգին:

Էյադ Համմուդեն Էյադ Համմուդեն
photo © Մեդիամաքս


Հայաստանում մեր պոտենցիալ թիմի անդամների հետ մենք սկսեցինք աշխատել այս տարվա մարտից՝ ուսուցանելով նրանց ու զարգացնելով հմտությունները: Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ նրանցից շատերն արդեն իսկ ունեին այն հմտությունների ամբողջությունն ու փորձառության որոշակի մակարդակը, որի ուղղությամբ մենք ներդրում ենք անում:

Մարկո Գորին. Գործընթացների նմանօրինակ սրընթաց զարգացումը հանգեցրեց նրան, որ օրեր առաջ մենք հայտարարեցինք Երեւանում մատակարարման մեր նոր կենտրոնի՝ «Optimum Partners EVN»-ի բացման մասին: Թագուհի Թումանյանը, որն այս ամբողջ ընթացքում աշխատում էր մեզ հետ ու աջակցում մեր գործունեության համար Հայաստանի համապատասխանելիությունը գնահատելու հարցում, ժամանակի ընթացքում մեզ համար դարձավ գործընկեր: Ի վերջո, մենք որոշեցինք հենց նրան առաջադրել «Optimum Partners EVN»-ի տնօրենի պաշտոնում:

Ներդրումը հայկական ՏՏ էկոհամակարգում

Էյադ Համմուդե. Մեր ընկերության փիլիսոփայությունը հետեւյալն է. մշտապես ներդրում անել համայնքում եւ օգտագործել էկոհամակարգը՝ ցանելով սերմեր: Եթե մենք փնտրում ենք միայն ավագ մասնագետների, նշանակում է, որ տվյալ նախագիծը մեզ համար կարճաժամկետ է, մինչդեռ Հայաստանը, որպես մատակարարման կենտրոն, մեզ համար երկարաժամկետ նախագիծ է: Մի քանի շաբաթից մենք կունենանք Հայաստանում իրենց հմտությունները զարգացրած մասնագետներ՝ արդեն «ավագ» որակավորմամբ, և, իհարկե, կշարունակենք հայաստանյան մարդկային ռեսուրսների հետ դասընթացները՝ ներգրավելով Հորդանանի մեր մասնագետներին: Այս տեսանկյունից «Optimum Partners-ը կարող է դառնալ տեղական էկոհամակարգի խթանող, որովհետեւ մենք բերում ենք նվիրումի, որակի, շարունակական կրթության ու սեփականության զգացողության վրա հիմնված աշխատանքային մշակույթ:

Մարկո Գորին. Հորդանանի մեր գործառնությունները ճիշտ հայելային պատկերն է նրա, ինչ նախատեսում ենք անել Հայաստանում: «Optimum Partners»-ը Հորդանանում հայտնի է անհատների հմտությունների զարգացման ու ընդարձակման իր կարողությամբ՝ սկսած շատ վաղ շրջանից, երբեմն անգամ նախքան նրանց համալսարանն ավարտելը:

Էյադ Համմուդեն, Թագուհի Թումանյանը եւ Մարկո Գորինը Էյադ Համմուդեն, Թագուհի Թումանյանը եւ Մարկո Գորինը
photo © Մեդիամաքս


Օրինակ՝ անհատները կարող են մինչեւ 6 ամիս տեւողությամբ պրակտիկա անցնել մեր ընկերությունում, որտեղ նրանք ստանում են մենտորություն, թեստավորվում են, ինչպես նաեւ աշխատում են իրական առաջադրանքների ու նախագծերի վրա: Պրակտիկայի ավարտին մենք ընտրում ենք խմբի լավագույններին՝ մեզ մոտ աշխատանքի ընդունելու նպատակով: Իհարկե, շուկան եւս շահում է, քանի որ այս գործընթացը խթանում է ավելի արժեքավոր ու բարձր կարողություններով ինժեներների ի հայտ գալուն, որոնք կարող են նպաստել ոչ միայն մեր ընկերության, այլեւ շուկայի այլ ընկերությունների զարգացմանը:

Համագործակցություն. համալսարանների եւ անհատներ

Էյադ Համուդե. 2022 թվականի հունիսին մենք եղանք Երեւանի պետական պոլիտեխնիկական համալսարանում եւ շփում ունեցանք ավելի քան 50 ուսանողի հետ՝ հասկանալու նրանց կարիերային ձգտումները, հմտությունները եւ հաղորդակցման կարողության մակարդակը: 4-5 ժամ տեւած հանդիպման վերջում պարզ դարձավ, որ լսարանի ավելի քան 50%-ը ցանկություն ունի միանալու Optimum Partners-ին:

Թագուհի Թումանյան, Optimum Partners EVN-ի տնօրեն.

Նմանատիպ հանդիպումներ ունեցել ենք նաեւ Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ Եվրոպական համալսարանում: Մենք նաեւ ունենք աշխատակից Հայաստանի ֆրանսիական համալսարանից:

Մարկո Գորին. Քանի որ մենք պատրաստվում ենք ունենալ լիարժեք ներկայացվածություն Հայաստանում, ծրագրում ենք ընդլայնել ու խորացնել մեր հարաբերությունները ուսումնական հաստատությունների հետ, եւ ի վերջո, հաստատել համապարփակ համագործակցություն, որը կարող է դրսեւորվել տարատեսակ եղանակներով: Օրինակ՝ Հորդանանում մենք այժմ բանակցություններ ենք վարում տեղի համալսարանի հետ, որտեղ նախատեսում ենք ունենալ մեր առաջին «Optimum Partners տեխնոլոգիական լաբորատորիան»:

Մարկո Գորինը Մարկո Գորինը
photo © Մեդիամաքս


Բացի ակադեմիական հաստատությունների հետ սերտորեն համագործակցելուց, մենք նաեւ բաց ենք թիմ ընդգրկելու անհատների, որոնք տարբեր մասնագիտական ոլորտներից են: Օրինակ՝ մեր թիմի անդամներից մեկը ֆիզիկայի նախկին ուսուցիչ է: Ինչ-որ պահի նա որոշել է փոխել իր մասնագիտական ուղղվածությունը: Նա ունակ էր անցնելու մեր առաջադրած բոլոր թեստերը եւ հիմա շատ արժեքավոր թիմի անդամ է մեզ համար: Մեր մեկ այլ աշխատակից էլ լեզվաբանության ոլորտից է: Սրանով ցանկանում եմ ընդգծել, որ մենք կենտրոնացած ենք ոչ միայն ակադեմիական հաստատություններից տաղանդների ներգրավման ուղղությամբ, այլ նաեւ շատ հետաքրքրված ենք հանդիպելու մարդկանց, որոնք գուցե ամեն ինչ չգիտեն տեխնոլոգիաների մասին, սակայն ունեն այնպիսի աշխարհայացք ու աշխատանքային փորձ, որը կարող է իրապես հարստացնել մեր աշխատանքային միջավայրը:

Արժեքներ եւ առավելություններ

Էյադ Համմուդե. Մեր ընտանիքի ապագա անդամին ընտրելիս մի քանի հիմնական որակ ենք փնտրում՝ վերլուծելու ունակություն, հաղորդակցային հմտություններ, համառություն եւ հաշվետվողականություն: Այս հիմքն ունենալով` աշխատում ենք տվյալ մասնագետների հետ՝ հասնելով անհրաժեշտ հմտությունների ամբողջությանը, կատարելագործելով նրանց հաղորդակցային հմտությունները, սովորեցնելով ղեկավարել նախագծեր եւ զարգացնել առաջնորդության ու կառավարման կարողությունները:

Մենք երկու ներքին սկզբունք ունենք: Առաջինն այն է, որ ստաժը գնահատում ենք ձեռքբերումներով, ոչ թե տարիների քանակով: Երկրորդ սկզբունքը ենթադրում է, որ պետք է սկզբում կառուցել եւ հետո կառավարել: Մենք ոչ թե պարզապես «հանգրվանում ենք» նախագծում ու կառավարում այն, այլ նախապես ստեղծում ենք էկոհամակարգ, ռեսուրսներ, մշակույթ, փիլիսոփայություն, եւ միայն դրանից հետո սկսում նախագծերի կառավարումը: Նման կերպ աշխատելը բոլորին առաջ է մղում:

Մարկո Գորին. Առաջին հերթին, մենք մեր թիմի անդամներին տալիս ենք հետաքրքիր ու ոգեշնչող նախագծերում ընդգրկվելու հնարավորություն: Տարիների ընթացքում մենք արժանացել ենք մեր հաճախորդների վստահության այնպիսի մակարդակի, որ նրանք մեզ թույլ են տալիս աշխատել իրենց հարթակների ճիշտ առանցքում: Օրինակ՝ եթե այցելեք Forbes.am, ամենն ինչ-որ կտեսնեք՝ կայքեր, միկրոկայքեր, բջջային հավելվածներ եւ այլն, մենք ներգրավված ենք դրանցում: Մենք հիմա հասել ենք այն մակարդակի, որ մեր թիմերի ղեկավարները դառնում են Forbes-ի թիմերի ղեկավարներ՝ հանձն առնելով ամբողջական նախագծեր: Սա ցնցող հնարավորություն է Հայաստանի երիտասարդ տաղանդների համար, ի վերջո, հիմնաքարային մակարդակի ինժեներական աշխատանքներում ներգրավվելու եւ սքանչելի հաճախորդների հետ աշխատելու տեսանկյունից:

Մարկո Գորինը Մարկո Գորինը
photo © Մեդիամաքս


Մեկ այլ առավելություն է օրեցօր ավելի միջազգային դարձող միջավայրը: Մեր երեւանյան գրասենյակի աշխատակիցները ամենօրյա հիմունքներով համագործակցում են Հորդանանի իրենց գործընկերների հետ, ինչպես նաեւ շփվում ԱՄՆ-ի գործընկերների ու հաճախորդների հետ: Սա տալիս է փորձառություն ոչ միայն զուտ տեխնիկական իմաստով, այլեւ մշակութային: Այլ մշակույթների առանձնահատկությունների ուսումնասիրությունը հարստացնում է անհատին եւ, ի վերջո, ավելի արժեքավոր դարձնում մասնագետին:

Մենք նաեւ առաջնորդվում ենք շարունակ կրթվելու սկզբունքով: Մեզ համար գոյություն չունի իմացության այնպիսի մակարդակը, որտեղ դու կարող ես քեզ թույլ տալ դադարել սովորել:  

Հորդանանում մեր աշխատակիցները նաեւ հնարավորություն ունեն հյուրընկալելու մեր ԱՄՆ-ի հաճախորդներին, ինչպես նաեւ մեկնելու հաճախորդի գրասենյակ ու այնտեղ որոշակի ժամանակ անցկացնելու: Մոտ ապագայում սա կարող է իրականություն դառնալ նաեւ հայաստանյան թիմի համար:

Բացի ԱՄՆ-ից, մենք նաեւ հաճախորդներ ունենք Կանադայում եւ Ասիայում, այժմ ներգրավում ենք հաճախորդների նաեւ Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից: Հաճախորդների շրջանակը շարունակում է ընդլայնվել, եւ դրանից մեր մարդիկ կշահեն:

Թագուհի Թումանյան. Շատ կարեւորում եմ հարմարավետ միջավայրի առկայությունն այն տեսանկյունից, որ մարդիկ կարողանում են ազատորեն հարցեր տալ: Թիմի յուրաքանչուր անդամ միշտ պատրաստակամ է օգնելու մյուսներին:

Թագուհի Թումանյանը Թագուհի Թումանյանը
photo © Մեդիամաքս


Մեզ մոտ չկան «հիմար» հարցեր, եւ ընկերությունը խրախուսում է լինել շատ ակտիվ ու հարցեր տալ: Մենք գիտենք, որ հայերը փոքր-ինչ ամաչկոտ են, եւ մեր գրասենյակի անկաշկանդ միջավայրը մեծ դեր է խաղում թիմի անդամների զարգացմանն աջակցելու հարցում:

Ի՞նչ է խոստանում ապագան

Մարկո Գորին. Մենք ցանկանում ենք շարունակել մեր մատուցած ՏՏ ծառայությունների շրջանակի ընդլայնումն ու զարգացնել անձնակազմի համալրման ուղղությունը: Ըստ մեր տեսլականի՝ «Optimum Partners»-ը, ի վերջո, հիմնադրելու է բիզնեսի տարբեր ճյուղերի կենտրոններ ամբողջ աշխարհով, որոնք կենտրոնացած կլինեն կոնկրետ ծառայությունների շրջանակի մատակարարման ուղղությամբ, սակայն միեւնույն ժամանակ ինտեգրված կլինեն ընդհանուր համակարգում ու կփոխլրացնեն միմյանց:

Խոսքս ավելի կոնկրետացնելու համար նշեմ` մենք նախատեսում ենք հիմնել թվային դիզայնի գործակալություն, որն առաջին հերթին մասնագիտացած կլինի UX-ի եւ UI-ի ուղղությամբ: Սա հրաշալիորեն համադրվում է մեր՝ ներկայումս գործող այնպիսի բիզնես ուղղությունների հետ, որոնք են the front-end ու back-end ծրագրավորումը, թեստավորումը եւ DevOps-ը:

Մենք նաեւ աշխատում ենք Microsoft-ի, Google-ի, Amazon-ի եւ այլ հայտնի ընկերությունների հետ փոխգործակցության հաստատման, ինչպես նաեւ մեկ այլ բիզնես միավորում ստեղծելու ուղղությամբ, որը մասնագիտացած կլինի տվյալ ոլորտին հատուկ տեխնոլոգիաների տրամադրման ու սպասարկման մեջ: Մեր զարգացմանը զուգընթաց՝ ավելի լավ դիրքում կհայտնվենք Հայաստանում եւ հայաստանյան ռեսուրսների հետ մեր աշխատանքն ընդլայնելու իմաստով:

photo © Optimum Partners


Մենք բաց ենք մեզ հետ աշխատել ցանկացող մարդկանց համար: Երբ նրանք կապ հաստատեն մեզ հետ, կսկսվի հետեւյալ գործընթացը. նրանք կանցնեն ընդունելության թեստ, որը կգնահատվի նրանց հաղորդակցային, վերլուծական եւ առկա տեխնոլոգիական հմտությունների հիման վրա: Այս փուլը հաղթահարելու դեպքում նրանց կհրավիրենք հարցազրույցի, որն անցնելուց հետո էլ մենք արդեն կկարողանանք աշխատանքի առաջարկ անել: Գործընթացը բավականին պարզ եւ հստակ:

«Optimum Partners»-ում աշխատանք գտնել ցանկացողները կարող են ընկերության հետ կապ հաստատել recruitment.armenia@optimumpartners.co հասցեով:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի