Արսեն Բաղդասարյանը
17:28 | 07.11.22 | Հոդվածներ | 5096
Նոյեմբերի 5-ին Stamina ընկերության կազմակերպած The Big Sales համաժողովի ընթացքում DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը խոսել է «Ինչպե՞ս վաճառել միջազգային գործընկերության գաղափարը» թեմայով: Ներկայացնում ենք հատվածներ նրա ելույթից:
Ամենակարեւոր հատկությունները
Վաճառքն ինձ համար ենթադրում է «win-win» տարբերակ՝ երկկողմանի շահավետ ու օգտակար համագործակցություն։ Սրան հասնելու համար գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ ՏՏ-ում, ամենակարեւորը մարդկային հարաբերություններն են, անկեղծությունը, ինչպես նաեւ ճկունությունը։ Այս ամենի հետ մեկտեղ կարեւոր է նաեւ պրֆեսիոնալիզմը։
Առաջին գործարքի ձախողումը
Ընկերս, ում կազմակերպությունը փակման եզրին էր, առաջարկեց միասին մտածենք, թե ինչպես համաձուլվենք որեւէ մեծ կազմակերպության հետ։ Դիմեց ինձ՝ իմանալով, որ կարիերայիս ընթացքում ձեռք եմ բերել ծանոթություններ եւ անձնական կապեր արտասահմանյան ընկերություններում։
Համաձայնեցի ու փորձեցի դիմել մի քանի կազմակերպությունների։ Ամենակարեւոր նախապայմաններից մեկն այն էր, որ պետք է թիմն ամբողջովին համաձուլվեր։ Մտնելով գործարքի մեջ՝ բավարար տեղեկատվություն չունեի այդ թիմի մասնագիտական որակավորման աստիճանի մասին եւ հենց դա էլ հանդիսացավ ձախողման պատճառ։ Ես փորձում էի վաճառել մի բան, որին այդքան էլ ծանոթ չէի։
Հարաբերություններ կառուցելու դերը
Ձախողումից հետո փորձեցի չհուսահատվել եւ առաջ գնալ։ Պետք էր գրավել մարդկանց, ներկայացնել մեր երկիրը շահեկան տեսանկյունից։ Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետները բավականին բարդ խնդիրներ են լուծում եւ տիրապետում են բազմաշերտ ծրագրավորման տեխնոլոգիաների։ Սա հնարավորություն տվեց հետաքրքրություն առաջացնել, բայց միայն դա բավարար չէր։
Առաջ եկան մարդկային փոխհարաբերությունները։ Լավ ծանոթ էի DataArt ընկերության մշակույթին, նրան, թե ինչպես է այն տարբեր երկրներում գործընկերություններ ստեղծում։ Իրենց համար կարեւոր է, որ լինի մեկը, ում շուրջ կարող են կառուցել թիմը։ Ներկայացրեցի իմ փորձը, այն մարդկանց, ում հետ ճանապարհ եմ անցել եւ ովքեր կօգնեն տարբեր խնդիրներ լուծել։