16:30 | 21.10.22 | Նորություններ | 13521

Majorel Armenia-ի ջանքերով վերաբացվել է ԵՊՀ գերմանական լսարանը

Երեւանի պետական համալսարանում բացվել է նորագույն սարքավորումներով եւ տեխնիկայով հագեցած լսարան, այսուհետ գերմաներենը կդասավանդվի ժամանակակից մոտեցումներով։

«Majorel Armenia» (Մեյջորել Արմենիա) միջազգային ընկերության ֆինանսական աջակցությամբ, ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի հետ համագործակցության շրջանակում, վերանորոգվել եւ նորագույն տեխնիկայով է համալրվել ԵՊՀ եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի 507 լսարանը:

photo © Majorel Armenia


Մեյջորել Արմենիան աշխարհի ավելի քան 40 երկրում գործող միջազգային ընկերության մասնաճյուղերից մեկն է, որն արդեն շուրջ 3 տարի է, ինչ գործում է Հայաստանում։

Մեյջորելի երեւանյան գրասենյակից շուրջ 400 աշխատակից իրականացնում է հաճախորդների սպասարկման ծառայություն՝ միջազգային շուկայի հեղինակավոր բրենդների համար։

Շուշաննա Վրացյանը Շուշաննա Վրացյանը
photo © Majorel Armenia


Majorel Armenia-ի մարքեթինգի եւ գործատուի բրենդավորման պատասխանատու Շուշաննա Վրացյանը  iTtel.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ կազմակերպությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեծ նշանակություն է տալիս այսպիսի համագործակցություններին՝ օգտագործելով կրթությանն աջակցելու ցանկացած հնարավորություն:

«Հատկապես ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի հետ մեր համագործակցությունը մշտապես սերտ է եղել, որի արդյունքում էլ ստեղծվեց «Գերմանական անկյունը»»,- նշել է Շուշաննա Վրացյանը:

Գարի Աղաբէկեանը Գարի Աղաբէկեանը
photo © Majorel Armenia


«Մենք ուրախ ենք ստեղծելու նպաստավոր պայմաններ՝ գերմաներենի որակյալ ուսուցում ապահովելու համար։ Գնահատելով ֆակուլտետի կրթական բարձր մակարդակը՝ վստահ ենք, որ ընկերության եւ ֆակուլտետի համագործակցությունը կլինի շարունակական»,- ասել է ընկերության տնօրեն Գարի Աղաբէկեանը։

ԵՊՀ եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանի խոսքով՝ նորագույն սարքավորումներով եւ տեխնիկայով համալրված «Գերմանական անկյունը» կխթանի ֆակուլտետում գերմաներենի՝ նոր մակարդակով ուսուցումը, ինչպես նաեւ կծառայի տարբեր ձեւաչափով անցկացվող սեմինարների, քննարկումների եւ գիտաժողովների համար:

Գեւորգ Բարսեղյան Գեւորգ Բարսեղյան
photo © Majorel Armenia


Ընկերությունն այս ողջ ընթացքում կարիերայի լայն հնարավորություններ է ընձեռել գերմաներենի տիրապետող մասնագետների, որոնցից շատերը հենց ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի շրջանավարտներ են։

Այս հովանավորչական նախագծով հիմք է դրվել բիզնեսի եւ կրթության միջեւ արդյունահեն համագործակցությունների նոր հեռանկարի համար։