17:26 | 20.10.22 | Նորություններ | 2330

Գիտության կոմիտեն հայտարարում է Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է Փորձարարական մշակումների նախագծերի (Experimental Development Projects) հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին Գիտության կոմիտեի կազմակերպած Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ, որ նախագծերն ավարտին պետք է ունենան որոշակի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակ (ՏՊՄ, TRL):

Մրցույթի նպատակներն են՝

•    աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը,
•    աջակցել տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի բարձրացմանը,
•    նպաստել արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը,
•    նպաստել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին,
•    խթանել բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների եւ ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը,
•    նպաստել գիտության եւ բիզնեսի միջեւ կապերի ձեւավորմանը:

Ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն գիտական եւ գիտատեխնիկական գործունեության հետեւյալ բնագավառներին՝

•    Բնական գիտություններ,
•    Ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա,
•    Բժշկական գիտություններ,
•    Գյուղատնտեսական գիտություններ:

Նախագծերի մշակման եւ իրականացման համար 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերը ստանալու են մինչեւ 30 միլիոն դրամ՝ 24 ամսվա համար: Նախագծերը կարող են շարունակվել եւս 12 ամսով, ինչի համար կտրամադրվի եւս մինչեւ 15 միլիոն դրամ:

Նախագծերը պետք է ունենան առնվազն 6 միլիոն դրամ համաֆինանսավորում ոչ պետական կազմակերպության կողմից, վերջինս պետք է հետաքրքրված լինի նախագծի վերջնարդյունքի կիրառությամբ:  

Հայտերն ընդունվում են grants.scs.am առցանց համակարգի միջոցով՝ մինչեւ նոյեմբերի 25-ը ներառյալ: Մրցույթի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։