15:51 | 18.10.22 | Նորություններ | 1487

Freedom House. Հայաստանը բարելավել է ինտերնետի ազատության ցուցանիշը

Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա 12-րդ «Համացանցի ազատություն» (Freedom on the Net – 2022) զեկույցը, որում Հայաստանը գնահատվել է որպես ազատ ինտերնետով երկիր՝ բարելավելով միավորները:

Այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Ինտերնետի ազատությունը Հայաստանում բարելավվել է հիմնականում տեղեկատվության ազատ հոսքի սահմանափակումների վերացման շնորհիվ, որոնք կառավարությունը կիրառել էր ղարաբաղյան հակամարտության ընթացքում:

Բացի այդ, լրատվամիջոցները բախվել են ավելի քիչ էական կիբերհարձակումների, քան նախորդ տարի: Որպես բարելավում դիտվել է նաեւ այն հանգամանքը, որ վիրավորանքի քրեականացման օրենքը չի ներառվել նոր քրեական օրենսգրքում։


Ըստ զեկույցի՝ համաշխարհային ինտերնետի ազատությունը նվազում է արդեն 12-րդ տարին անընդմեջ։ Ռուսաստանն այս տարվա ամենամեծ անկումն է ապրել՝ կապված Ուկրաինա ներխուժումից հետո կառավարության կողմից ազատ արտահայտվելու սահմանափակումների հետ: Ադրբեջանը՝ 38, Թուրքիան՝ 32 միավորով համարվում են «ոչ ազատ» ինտերնետով երկրներ, Վրաստանը գերազանցում է Հայաստանին իր ցուցանիշով՝ 78 միավոր։  

Չինաստանի կառավարությունը շարունակում է մնալ ինտերնետի ազատության ամենավատ չարաշահողն աշխարհում:

Առնվազն 47 երկրի իշխանությունները բնակիչներին կտրում են նորություններից եւ տեղեկատվության հոսքից իրենց սահմաններից դուրս:

Այնուամենայնիվ, նշվում է, որ ռեկորդային 26 երկրում բարելավվել են ինտերնետի ազատությունը: Սա հիմնականում պայմանավորված է քաղաքացիական հասարակության առաջատար դերով՝ կառավարություններին եւ ընկերություններին պատասխանատվության ենթարկելու, իրավական գործողություններ սկսելու եւ թվային ճկունության շնորհիվ։

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։